Համացանցում տարածված լուրերին, ըստ որոնց քաղաքացիները բողոքում էին տուրիստական գործակալությունների մատուցած ծառայություններից արձագանքում են տուրօպերատորները:
Օրեր առաջ հրապարակումներ եղան, որ «Բագրատ տուր»-ի մեղքով որոշ քաղաքացիներ ստիպված են եղել Ամանորը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստյան գոտում անցկացնելու երազանքին հրաժեշտ տալ, քանի որ տուրիստական գործակալությունից հայտնել էին, որ դեպի Շարմ Էլ Շեյխ այլևս չվերթ չկա, և մեր հայրենակիցների մի մասին ստիպված ուղարկել են Նոր տարին դիմավորելու Թուրքիայում, մյուս մասին էլ՝ Թբիլիսի, իբրև թե այնտեղից Եգիպտոս ուղարկելու համար:
Տուրիստական գործակալություններն ուշադիր հետևել են բոլոր լուրերին, որտեղ քաղաքացիները բողոքում են իրենց մատուցած ծառայություններից:
Պարզելու համար, թո իսկապես «Բագրատ տուր»-ը քաղաքացիներին կանգնեցրել է նման խնդրի առաջ` asekose.am-ը զրուցել է «Բագրատ տուր» տուրիստական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանի հետ, ով կտրականապես հերքել է այդ լուրերը: «Իմ ընկերությունը երբևէ դեպի Եգիպտոս տոմսեր չի վաճառել և չի վաճառում, մենք մասնագիտացած ենք դեպի Թուրքիա՝ Ստամբուլ և Անթալիա քաղաքներ, հանգստի ու չվերթների կազմակերպմամբ, ես ապշած եմ, ամեն ինչ սուտ և հորինած է»,-նշեց մեր զրուցակիցը:
Նավոյանը նաև հավելել է որ, ըստ իր տեղեկությունների, իրոք, այդպիսի խնդիր եղել է, որ մարդիկ գնել են տոմսեր, սակայն չեն մեկնել, բայց, թե ո՞ր տուրիստական ընկերությունն է այդ ամենի հետևում հանգնած, ինքը ևս չի կարողանում պարզել, իսկ իրադարձություններում իր ղեկավարած ընկերության անունը տալը և այն սևացնելը՝ որպես զրպարտություն է որակել:
Նշենք, որ մեկ այլ գործակալության վերաբերյալ համացանցում տարածված նամակի կապակցությամբ էլ, որում հաճախորդը բողոքում էր տուրընկերությունից, հայտարարություն է տարածվել` նշելով, որ այդպիսի ուղևոր իրենք չեն ունեցել և նույնպես կարծիք հայտնելով, որ փորձ է՝ իրենց գործարար համբավն արատավորելու: