ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում հայտարարություն է տեղադրվել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ծանրամարտի Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:
Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝ «հայրենական սպորտի ղեկավար», «հայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի պարզաբանում ենք.
Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատասխանատու է իրեն վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգացման համար»: