Ավարտվել են «Արցախ քարտեզագիրքը» եռալեզու աշխատության աշխատանքները: Գիրքը բաղկացած է 40 էջից՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով:
«Աշխատանքը սկսում է համառոտ ակնարկից: Մի քանի պարբերությամբ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Նախապատվությունը տվել ենք օտարազգի հեղինակների կազմած ՀՀ քարտեզներին: Հետաքրքիր է օրինակ 1865 թվականին կազմված քարտեզը, որտեղ ոչ թե Ղարաբաղ, այլ Արցախ է գրված: Այսինքն, Արցախը դեռևս 19-րդ դարում օտարազգիներին ճանաչելի է եղել և, ցավալի է, որ մենք նահանջել ու հրաժարվել ենք Արցախ անունը շրջանառելուց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ հավելելով.
«Այս հին քարտեզներից հետո մեր կազմած քարտեզներն են.Արցախի ֆիզիկական քարտեզը: Ներկայացված է նաև 1914 թվականի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով, ցարական վիճակագրության համաձայն, Արցախի բնակչության քարտեզը, որտեղ գույներով ու օղակներով ցույց են տրված բոլոր բնակավայրերը: Այս քարտեզում է, որ կտեսնեք հայաբնակ գյուղեր, որ արդեն ԽՍՀՄ առաջին տարիներին գոյություն չունեին, վերացան ավազակային հարձակումների տարիներին: Կարևոր է նաև գրչօջախների քարտեզը:
Նշված է ոչ միայն վայրը, այլև այնտեղ ստեղծված ձեռագրի տարեթիվը: Սրան հաջորդում է կրթօջախների քարտեզը: Նշված են բոլոր ծխական դպրոցներն ու դրանց բացման տարեթվերը: Ապա գալիս է պատմական հուշարձանների քարտեզը, բայց Արցախն այնքան հարուստ է դրանցով, որ մեկ քարտեզի վրա բոլոր պայմանական նշանները զետեղել հնարավոր չէր, և մենք ստիպված եղանք քարտեզը տրոհել ըստ հուշարձանատեսակների և արդյունքում վանքերի, եկեղեցիների, մատուռների քարտեզը առանձին եղավ, բերդերինն ու ամրոցներինը, կամուրջներինն ու աղբյուրներինը՝ առանձին»:
«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատմության տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առավելապես օտարազգիների կազմած քարտեզների մի խմբի մատուցումից մինչև ազգաբաշխական (1914թ.), կրթօջախների, բերդերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմական հուշարձանների վայրերը ներկայացնող քարտեզներ: Նպատակն է՝ ճշմարտությունը ներկայացնել հատկապես օտար հանրությանը: Այս քարտեզագիրքը, կարելի է ասել՝ դիվանագիտական ճակատում զենք է՝ ուղղված Ադրբեջանի դեմ»:
Անի Կարապետյան