▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորահանդեսը շատ կարևոր է, որ աշխարհին և Ադրբեջանին ցույց տրվի՝ ինչպիսի զինամթերք ունենք. Դ. Բաբայան

Aysor.am-ը գրում է.

Այս զորահանդեսը շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհին և Ադրբեջանին ցույց տրվի, թե ինչպիսի զինամթերք ունենք մենք, որպեսզի իլյուզիաներ չունենան, թե կարող են նորից հարձակվել: Այս մասին կայքի  հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Պարո՛ն Բաբայան, խոսակցություններ կան, որ հոկտեմբերից սահմանում կարող է սրվել իրավիճակը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք:

- Մենք ցանկացած պահի պատրաստ ենք կասեցնելու թշնամու ցանկացած ոտնձգություն: Բանակը կատարում է իր պարտականությունները: Մեր զինված ուժերն ամեն վայրկյան վերահսկում են հայրենիքի սահմանները և կասեցնում են ցանկացած պրովակացիա և ոտնձգություն: Ինչ վերաբերում է կոնկրետ ժամերին և թվերին, ապա կարծում եմ, որ Նոբելյան մրցանակի արժանի հայտնագործություն չի լինի, եթե ասենք, որ ինչպես ավազակը, այնպես էլ ագրեսորը միշտ թաքցնում է իր բուն նպատակը, միշտ թաքցնում է օրը, ժամը, ամիսը, թե երբ պետք է հարձակվի: Նման կատեգորիայի ուժերը՝ ագրեսորները, հանցագործները պետք է անակնկալի բերեն դիմացինին: Դրանով իրենք մեծ շանսեր են ունենում հաջողության հասնելու: Հետևաբար, նման խոսակցությունները պարզապես հակառակորդի կողմից դիտավորյալ տարածվող տեղեկատվություններ են, որպեսզի վախ մտցնեն մեր շարքերը, որպեսզի ինչ-որ ձևով տնտեսության վրա ազդեն, ներդրողները չներդնեն, կապեր չհաստատեն, խափանեն միջազգային ցանկացած համագործակցություն և այլն: Եթե Ադրբեջանը պատրաստ է հարձակման, ապա պարզ է, որ չի ասելու, թե այսինչ օրն ու այսինչ ժամին հարձակվելու եմ: Ինչ վերաբերում է նրան, թե թշնամին կարող է հարձակվել, թե ոչ, իհարկե՛, հավանակությունը քիչ է, բայց այն միշտ կա: Մեկ բան պարզ է, որ հարձակումը ստանալու է համարժեք պատասխան, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած պահի ցանկացած համարժեք հակահարված տալու:

- Մոտակա ժամանակաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց սպասվո՞ւմ է տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան ու Արցախ:

- Իրենք պարբերաբար այցելում են տարածաշրջան, նաև՝ Արցախի Հանրապետություն: Լինում են նաև բացառություններ, օրինակ, եթե նրանց առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպման կազմակերպումն է, այդ ժամանակ միգուցե չայցելեն Արցախ: Եղել  են դեպքեր, երբ բնակլիմայական պայմանների, վատ եղանակի պատճառով չեն այցելել Արցախ, բայց այս ինը տարվա ընթացքում առնվազն մեկ-երկու նման դեպք է եղել: Այս պահի դրությամբ հանդիպման ոչ կոնկրետ օր կա, ոչ կոնկրետ ժամանակահատված:

-Անկախության 25-ամյակի կապակցությամբ Երևանում զորահանդեսի փորձեր են, Հայաստանի զինտեխնիկան է ցուցադրվում: Սեպտեմբերի 21-ին էլ այն ավելի մեծ շուքով կներկայացվի: Սա ի՞նչ արձագանքներ կարող է առաջացնել Ադրբեջանում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

- Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության ռազմավարական հայեցակարգը հիմնված է ակտիվ պաշտպանության գաղափարի վրա: Մենք երբևիցե ագրեսոր չենք լինելու, դա մեր բնությանը դեմ է, բայց դա չի նշանակում, որ միշտ պաշտպանվողի դերում ենք լինելու: Դրա համար գոյություն ունի այնպիսի տերմին, ինչպիսին է ակտիվ պաշտպանությունը, այսինքն՝ եթե թշնամին հարձակվի մեզ, ստանալու է արժանի հակահարված: Տվյալ դեպքում ռազմական գործողությունները պետք է տեղափոխենք թշնամու տարածքի խորքը, եթե այդպիսի վտանգ լինի և հարձակում  տեղի ունենա: Իսկ այս զորահանդեսը շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհին և Ադրբեջանին ցույց տրվի, թե ինչպիսի զինամթերք ունենք, որպեսզի իլյուզիաներ չունենան, թե կարող են նորից հարձակվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին