«Մոտ երկու-երեք ամիս առաջ հերթական անգամ այցելելով Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտնաբերեցի, որ նախկին սրբապատկերներն այլևս տեղում չեն»,-Asekose.am-ին իր անհանգստության մասին ահազանգեց մտահոգ մի քաղաքացի:
«Շատ հաճախ եմ այցելում տվյալ եկեղեցի, և այն սրբապատկերները, որոնք մանկությանս տարիներից տեսել եմ այլևս չկան: Թեև չեմ ուզում վիրավորել Վերնիսաժի նկարիչներին, սակայն ներկայումս եկեղեցում Վերնիսաժի մակարդակի սրբապատկերներ են, որոնք նկարված են շատ անորակ յուղաներկով»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:
Վերջինիս խոսքով` ինքը մեծ ցավ է ապրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցող սրբապատկերների թալանից.
«Ինչպես իմ և այնպես էլ ժողովրդի համար արժեքավոր են հենց հին նկարները, որոնք որպես կանոն արժեքավոր նվիրատվություններ են դրսից և նկարված են հանրահայտ նկարիչների կողմից: Դրանց անհետացման կամ անհաջող նորացման պատճառով շատ վարկածներ կարող եմ ունենալ. գո՞ւցե դրանք նվիրվում են պաշտոնյա մարդկանց կամ դուրս են հանվում երկրից, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում տարածը հետ չի բերվում: Երբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներին հարցրել էի, թե որտե՞ղ են սրբապատկերները, ինձ պատասխանել էին, որ առաջնորդարանը վերցրել է դրանք, սակայն այլ տեղեկատվության չէին տիրապետում: Նշեմ, որ սրբատկերների թալան կա նաև մյուս եկեղեցիներում` օրինակ Սուրբ Սարգիսում և Սուրբ Գևորգում»:
Քաղաքացու կարծիքով` եկեղեցին պետք է պատասխանի, թե որտեղ են անհետացած սրբապատկերները, ինչպես նաև բացատրի, թե ինչու են սրբապատկերներն այդքան անհաջող ռեստավրացիայի ենթարկվում, որից հետո դրանք ճանաչելի են դառնում միայն ստորագրության միջոցով:
Սրբատկերների հնարավոր անհետացման, դրանց փոխարինման, ինչպես նաև ռեստավրացիայի մասին Asekose.am-ի թղթակիցը զրուցեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ:
«Այն փաստը, որ մտահոգ քաղաքացին երկու-երեք ամիս առաջ է նկատել, որ նկարներ են փոխվել-ավելացել, ապա դա վկայում է այն մասին, որ տվյալ անձը միշտ չէ, որ հաճախում է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, որովհետև նկարներն ավելացել են դեռևս մեկ տարի առաջ»,-ասաց Տեր Գրիգորը:
Նրա պնդմամբ` նկարները, ոչ թե փոխվել, այլ դրանց ավելացել են նորերը.
«Եկեղեցում հայտնվել են 6 նոր նկարներ, ինչպես նաև նկարների տեղափոխություն է կատարվել, որովհետև ըստ եկեղեցական կանոնակարգի`եկեղեցու աջ և ձախ կողմերում պետք է դրվեն Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների նկարները, իսկ նախկինում դրանց փոխարեն եղել է Ընծայման և Մկրտության նկարներ, որոնք ներկայումս տեղադրվել են մեր եկեղեցու այլ հատվածում»:
Տեր Գրիգորը վստահեցրեց, որ որևէ սրբապատկերներ եկեղեցուց չի բացակայում.
«Դրանց գույքագրման ցուցակն ինձ մոտ է, եթե տվյալ մտահոգ քաղաքացին ուզում է այդ ամենը պարզել, կարող է անձամբ գալ»
Անդրադառնալով ռեստավրացիայի խնդրին` Տեր Գրիգորը նշեց, որ ոչ մի սրբապատկեր նորացման չի ենթարկվել, թեև դրա կարիքը կա:
Զրույցի ավարտին` Տեր Գրիգորը պատասխանեց այն հարցին` թե որտեղի՞ց են գալիս քաղաքացու մտահոգությունները.
«Գուցե տվյալ մարդը փորձում է ավելի եկեղեցասեր և հայրենասեր երևալ, մենք բոլորս Հայաստանում ենք, կարող է գալ( Ձեզ հետ կամ առանց Ձեզ) և փորձել փաստել իր ասածները»,-եզրափակեց իր խոսքը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան