Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Կիևում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր երկիրը հուսով է՝ հակամարտությունների լուծման և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԵԱՀԿ-ի ջանքերը մոտ ապագայում հաջողություն կունենան: Սա հետաքրքիր հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ Բաքվում նույնիսկ անթաքույց կերպով ձգտում էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծումը դուրս բերել ԵԱՀԿ-ի շրջանակներից և տեղափոխել ՄԱԿ, որտեղ, ինչպես հայտնի է, բազմաթիվ իսլամական երկրներ կան, որոնք ունեն պրոադրբեջանական դիրքորոշում: Սակայն հիմա, Մամեդյարովը, կարծես, հերքում է իր երկրի փայփայած արտաքին քաղաքական նպատակները: Բայց ինչպե՞ս ստացվեց, որ Բաքվի կողմից փաստացի անվստահության արժանացած ԵԱՀԿ-ն հանկարծ դառնում է հակամարտությունների լուծման վստահելի կառույց: Սա դժվար է համարել զուտ դիվանագիտական արտահայտության, որովհետև այդ պարագայում նման հստակ, նույնիսկ դիրքորոշում բովանդակող հայտարարություն չէր լինի, հայտարարությունը կլիներ ընդհանուր բնույթի, ասենք՝ «բարձր ենք գնահատում ջանքերը», «մեծ է ու կարևոր դերը» և այլն: Նախարարը նույնիսկ հավելում է, թե «բազային սկզբունքները, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մյուս հայտարարություններում, կարող են բանակցությունների և խաղաղ գործընթացի հիմք հանդիսանալ»: Այդ հայտարարություններում կային դրույթներ, որոնք Ադրբեջանը սկզբունքորեն մերժում էր: Զորօրինակ՝ Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ հղում է արվում Մադրիդյան 2007թ. սկզբունքների վրա (ի դեպ, սա նորացված տարբերակը չէ, որն ընդունվել է 2009թ. և որն ընդունում է Ադրբեջանը: Ըստ երևույթին, Մամեդյարովը, հենց այս նկատառումից ելնելով, իր խոսքում շեշտեց 2009 թվականի սկզբունքները), որը ենթադրում է «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ» (որը հետագայում՝ Մուսկոկայում, ցավոք, վերաձևվակերպվեց «օկուպացված տարածքներ» եզրով), ՀՀ- ԼՂՀ ցամաքային կապ և «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Սա այն դրույթն է, որն Ադրբեջանում մեկնաբանում են յուրովի՝ ԼՂ ինքնորոշում Ադրբեջանի կազմում: Իսկ Էնիսկիլենում սույն թվականի հունիսի 18-ին արված հայտարարությունում առկա է «հակամարտության բոլոր կողմեր» ձևակերպումը, ինչը չի կարող չենթադրել, որ ԼՂՀ-ն ուղղակի կամ անուղղակի դիտարկվեց որպես հակամարտության կողմ: Արդյո՞ք այս ձևակերպումները «հայ-ադրբեջանական հակամարտություն» ինֆոլոգեմով սնվող հարևան պետությունում սկսել են ընդունել, թե՞ ուղղակի աչք են փակում կամ վերստին ունեն ձևակերպումները յուրացնելու սեփական մեկնաբանությունների քարոզչական հնարքները, դժվար է ասել: Բայց կոնկրետ արտաքին քաղաքական կոնյունկտուրան ստիպում է որոշ ենթադրություններ անել: Քանի որ Հայաստանը հրաժարվեց ասոցացումից, Ալիևի վարչակազմը սկսել է խաղարկել ԵԱՀԿ-ի խաղաքարտը և փորձում է նմանատիպ դիֆիրամբներով այս ֆոնին հավատարիմ գործընկերոջ դիրքավորում ապահովել, ինչն անուղղակիորեն նշանակելու է հակառակորդ երկրի՝ Հայաստանի անվստահելի գործընկեր լինելը: Ռուսաստանն էլ չի նեղանա, որովհետև նա նույնպես ԵԱՀԿ անդամ է և համանախագահում է Մինսկի խումբը: Մյուս կողմից սա կարող է կապված լինել Թուրքիայի՝ սահմանների բացման օգտին հայտարարության հետ, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ն: Եթե դա այդպես է, իսկ վերջին զարգացումների «գծային մոդելը» ցույց տվեց, որ դա շատ հավանական է, ապա այս հայտարարությունը դարձավ Ալիև-Սարգսյան հանդիպման շարունակությունը, որով Արևմուտքը շարունակում է Հայաստանին հասկացնել, որ անվտանգության թելերը հարկավոր չէ հյուսել Ռուսաստանի գրպանում:
Արևմուտքը շարունակում է հասկացնել, որ անվտանգության թելերը հարկավոր չէ հյուսել Ռուսաստանի գրպանում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


