▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն արձագանքում է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

Կարծում եմ որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր իրավունք եմ ձեռք բերել կարծիքս հայտնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարության մասին: Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել: Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմն է հնչում և բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով, ես վստահ եմ, որ դա նաև Հայաստանում տվյալ մարզաձևի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երևի բացի նրանից: Իսկ ես հայտարարում եմ, որ ամուսնանալուց ու իմ հրաշք բալիկին ունենալուց հետո, ես շուտով վերադառնալու եմ ակտիվ սպորտ ու ապացուցեմ, որ հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձրունքների:

Հռիփսիմե Խուշուդյան

Հիշեցնենք, որ  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած հայտարարությունը քննադատությունների է արժանացել: Նա մասնավորապես ասել էր.

«Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հայ տղամարդը թույլ չի տալիս իր 8 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ջարդվի: Իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլը։ Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց: Պետքա բզբզայիք, որ հրապարակայնորեն ասեի՞»:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը twitter-յան գրառումներով անդրադարձել էր կանանց ֆուտբոլին՝ տեղեկացնելով, որ իր 4 դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում, ու դա նրանց զարգացման վրա դրական ազդեցություն ունի։ Դեսպանը նաև նշել է, որ 1991-ին և 1999-ին ամերիկացի կանանց հաղթանակը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում,  ազգային մեծ հպարտություն էր։

Այս կերպ դեսպանը ևս անուղղակի կերպով արձագանքել էր Ռուբեն Հայրապետյանին:

Նույն խնդրին անդրադարձել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մասնավորապես նշելով.

«Երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, ապա սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք, որ իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է»:

Նշենք նաև, որ Հռիփսիմե Խուրշուդյանի գրառմանն էլ արձագանքել է լրագրող Հարություն Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more