▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Cyclop War` նոր խաղ iPhone-ի համար հայ հեղինակներից

Cyclop War` սա iPhone-ի համար ծրագրավորված նոր խաղ է, որի հեղինակները հայ երիտասարդներ են: 16-ամյա Դավիթի և 21-ամյա Հրանտի ծրագրավորած խաղի հերոսները միաչքանի կերպարներ են: Խաղը իմաստային առումով շատ պարզ է. մեկ ընդհանուր դաշտում պատերազմում են բարին և չարը: Սակայն, սա անարյուն պատերազմ է: Հարկավոր է բարի, միաչքանի կլորիկին տեղադրել դաշտի ճիշտ տեղում, որպեսզի նա կարողանա հաղթել այդ պատերազմում: 

Կանաչ, ժպտադեմ Cyclop-ը բարու խորհրդանիշն է, իսկ կարմիրը` չարի: Եվ որպեսզի կանաչ Cyclop-ը կարողանա սպանել չար, կարմիր Cyclop-ին, վերջինիս կողքին հարկավոր է երկու կանաչ Cyclop տեղադրել: 

«Ուժ, եռանդ կամ մեծ նյարդեր պետք չեն Cyclop War-ը խաղալու համար, դա պարզապես ժամանակակից և առօրյայից մի քանի րոպեով կտրվելու միջոց է: Այն չափում է մարդու արագ կողմնորոշվելու ունակությունը»,- ASEKOSE.am-ի հետ զրույցում նշեց Հրանտը:

iPhone-ի համար խաղ ծրագրած տղաները, ինչպես իրենք տեղեկացրին, ինքնուս են. նրանց գլխավոր ուսուցիչը համացանցն է:  Cyclop War-ը նրանք հանրությանը ներկայացրել են օրեր առաջ, և խաղով արդեն հետաքրքրվել են այֆոնասերներ Ամերիկայից, Ռուսաստանից, Չինաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Զիմբաբվեյից, Մեքսիկայից, Գերմանիայից , Մեծ Բրիտանիայից ու նույնիսկ` Ֆիլիպիններից:

«Երբ խաղը պատրաստ էր, ուղարկեցինք ենք Apple ընկերությանը, որը ստուգեց` այն համապատասխանում է իրենց կանոններին և խախտումներ կան, թե ոչ: Ստուգելուց հետո խաղն ընդունվեց»,- պատմեց Դավիթը` հավելելով, որ խաղի վերաբերյալ իրենց շրջապատի արձագանքը դրական և ողջունող է: Ի դեպ, նա դեռևս դպրոցական է , սովորում է «Քվանտ» վարժարանում` 12-րդ դասարանում և պարտրաստվում է կրթությունը շարունակել արտասահմանում: 

Ըստ նրա` արտասահմանյան ՏՏ ոլորտում կարելի է դրսևորել հայկական ներուժը, հաստատվել այնտեղ, ապա` ունեցած ձեռքբերումները օգտագործել հայկական ՏՏ-ն զարգացնելու նպատակով:

Նրա հետ համամիտ է նաև Հրանտը, ում խոսքով` ՏՏ ոլորտը իր և Դավիթի համար մեկ այլ աշխարհ է, որը բառերով ներկայացնել հնարավոր չէ: Հրանտը ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Նա էլ, ինչպես Դավիթը, «իրենց գտել են» ՏՏ ոլորտում և առայժմ մեկ այլ ոլորտում չեն պատկերացնում:

Ըստ տղաների` Հայաստանում, կարելի է ասել, դեռևս նմանտիպ խաղերի արտադրություն, ինչպիսին Cyclop War-ն է, չկա:
«Ամեն ինչ դեռևս արվում է սիրողական մակարդակի հիման վրա: Կազմակերպվում են մրցույթներ և այլն, սակայն դրանք պրոֆեսիոնալ չեն: Այդ մարդիկ պնդում են, որ սիրողականի հիման վրա կարող են ստեղծել պրոֆեսիոնալը, բայց իմ կարծիքով` դա այդքան էլ այդպես չէ »,- նշեց Դավիթը:
Ըստ նրա, ամեն դեպքում, ՏՏ ոլորտը շահավետ է, ավելի մեծ շուկա կա և արտադրանքը սպառելը հեշտ է: Ընդ որում` շահավետ է ոչ միայն նյութական առումով, այլև` նրանով, որ այս ոլորտով գնալով ավելի շատ մարդ է հետքրքրվում, այն ավելի պրակտիկ է և հասանելի:

Ըստ այդմ էլ` iPhone-ի համար խաղ ստեղծած Հրանտի ու Դավիթի համար սա ընդամենը սկիզբն է.«Նախատեսում ենք ավելի մեծ խաղեր ստեղծել ոչ միան mobile ծրագրերի համար, այլև`համացանցի, սոցցանցերի, համակարգչի համար: Իսկ շատ հեռու ապագայում էլ պլանավորում ենք խաղեր գրել այլ պլատֆորմների համար»,- իրենց ապագա ծրագրերը համառոտ ներկայացրին տղաները:

Սեդա Հերգնյան

 

72157632495860220

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more