▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ի ֆիասկոն կամ կուսակցականացումը

Իմ լավ բարեկամներից մեկի գրառումը հուշեց անդրադառնալ այն ճանապարհին, որը հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած հուժկու համաժողովրդական շարժման ֆիասկոյին կամ կուսակցականացմանը՝ նույն այդ շարժման փլատակների վրա:

Բնականաբար, շատ իրադարձությունների տեղյակ եմ, որովհետ դրանց մասնակցել եմ անմիջականորեն՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:
Այս թեմայի շուրջ առանձապես ծավալվելու ցանկություն չէի ունենա, եթե այսօր ակտիվ չքննարկվեր ընդդիմադիր Քառյակի, հասկանալի է՝ նաև ՀԱԿ-ի, ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համագործակցության թեման:
Այսօր շատերը փորձում են զուգահեռներ անցկացնել ՀԱԿ-իշխանություն ձախողված երկխոսության ու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության միջև:
Դրանք համագործակցության միանգամայն տարբեր ձևաչափեր են՝ տարբեր բովանդակությամբ ու օրակարգերով:

Սերժ Սարգսյանի թիմի հետ Տեր-Պետրոսյանի թիմը համագործակցում էր՝ որպես Ազատության հրապարակի պատվիրակ: Այս երկխոսությունը չէր ենթադրում կողմերից մեկի կապիտուլյացիա, բայց դրա հաջողությունը կարող էր ուրվագծել Հայաստանի քաղաքական համակարգն՝ առնվազն հինգ-տաս տարվա կտրվածքով, ինչպես նաև՝ հիմքեր ստեղծել 2012-2013թթ-ի խորհրդարանական ու նախագահական քիչ թե շատ օրինական ընտրությունների անցկացման համար:

Բանակցությունները տապալվեցին, ինչն իշխանությանը զրկեց բարեփոխվելու մոտիվացիայից, իսկ Տեր-Պետրոսյանի թիմին՝ հանրային սպասելիքները ռեալիզացնելու հնարավորությունից:
2011թ-ի աշնանից՝ առաջին նախագահը, բացահայտ կամ քողարկված, շրջանառու դարձրեց երկու թեզ, որոնք էլ, ի վերջո, դարձան ՀԱԿ ճգնաժամի հիմնական պատճառ:Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանը համարում էր, որ ՀԱԿ-ն այլևս չունի ինքնուրույն խնդիրներ լուծելու ինքնաբավ ռեսուրս, կորցրել է իր երբեմնի սուբյեկտայնությունը ու հասարակության աջակցության փոխարեն՝ շեշտը դրեց ներիշխանական հակասությունների վրա:

Հենց այս մտայնության արգասիքն էր «բուժուա-դեմոկրատական հեղափոխության» ժամանակավրեպ թեզը ու ԲՀԿ-ի հետ համագործակցության նախաձեռնությունը:

Մյուս թեզի իմաստն այն էր, որ այդ համագործակցությունը մարտավարական հնարք է, որը կօգնի՝ արտաքին կենտրոնի, տվյալ դեպքում՝ ռուսական աջակցության շնորհիվ, փոշիացնել Հայաստանի իշխանության ռեսուրսը:

Տեր-Պետրոսյանի թիմը բարգավաճելու «հակում չուներ կամ  «ռուսամետ» չէ. պարզապես այդ երկու կատեգորիաների մեջ էր գտել իշխանության գալու կամ դրան մաս կազմելու բանալին:

Դրա համար եմ ես մեկ-երկու անգամ ասել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը ներքին խնդիրների շուրջ է, բայց այդ ալյանսի «կնքահայրերը» հյուսիսում են:

Իհարկե, այդ համահործակցության հայաստանյան սուբյեկտներն ու նրանց «ռուսական» կնքահայրերը միանգամայն տարբեր պատկերացումներ ունեին հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին, ինչի հետևանքով՝ Հայաստանում իշխանափոխություն չեղավ, բայց Սերժ Սարգսյանը Մոսկվային բավականին թանկ գին վճարեց՝ իշխանությունը պահելու համար:
Նրանք, ովքեր հավատացին տեր-պետրոսյանական «հեղափոխությանը» մնացին ՀԱԿ-ում, մյուսները հեռացան:

Սա է ճգնաժամի հակիրճ պատմությանը:
Եթե հետևենք առաջին նախագահի ՙՙպրագմատիզմին, ապա ՀԱԿ-ին ոչ մի բան չպետք է խանգարի՝ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու համար:
Գուցե այդ դեպքում՝ կուսակցությունից հեռանան նաև Արամ Մանուկյանը կամ ուրիշներ, գուցե մնան միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյան ազգանունով նրա անվանակիցը, բայց «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» կշարունակվի....

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more