▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենիքս մեռնում է արդեն, ինչո՞ւ ենք ուշանում, տղե՛րք, ինչո՞ւ ենք ուշանում»․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից՝ Բանակի օրվան ընդառաջ. «Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք: Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս, ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում, այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք: Տղե՛րք, մենք ո՞նց կարողացանք ջնջել, փոշիացնել, վերացնել մեր իսկ կողմից ստեղծած, մեր փոքրիկ, մեր թերություններով լի, գեղեցիկ, տաք, հրաշալի հայրենիքը ու խաբվել մեր ստամոքսին, մեր ուտելիքին, մեր լափին. ինչպես խաբվել էին մեր պապերը հարյուր տարի առաջ, հինգ հարյուր տարի առաջ, հինգ հազար տարի առաջ:
Ժամանակը մեզ դաս չեղավ, մեր պապերի սխալները մեզ դաս չեղան, պատմությունը մեզ դաս չեղավ ու ակամա հիշում եմ մեծ բանաստեղծ Թումանյանի խոսքերը.

«Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել»։

Իմ զինակից հրամանատարներ և ընկերներ, ձեր հրամանով տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր տղաներ են նետվել մարտադաշտ, հաղթանակներ կերտել: Էս ո՞ւր մնացիք, տղե՛րք, էս ո՞ւր մնացիք: Հայրենիքին ծառայելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, զինվորական կոչումը պետության կողմից յուրաքանչյուրիս պատվարժեքության զգացողություն ու գնահատանք: Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք... Ո՞նց թույլ տվեցինք, որ մեզ գլորեն, տրորեն, նսեմացնեն, նվաստացնեն, տարալուծեն, զրպարտեն ու դարձնեն անզոր զորականներ:
Մեծն Պարույր Սևակն ասում էր. «Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի...»։
Գժվե՛ք, տղերք, գժվե՛ք: Գժվե՛ք ու ելեք ոտքի։ Գժվեք, որ չկորցնենք հայրենիքը: Գժվե՛ք, որ կերտենք այն հայրենիքը, որ փափագում էինք մենք: Գժվե՛ք, որ առանձին-առանձին չմեռնենք մեր չորս պատերի մեջ կամ բանտախցերում:
Հանճարեղ բանաստեղծ Իգնատ Մամյանը մեր համար գրել է ժամանակին. «Կանգնել եմ այսպես ամայության դեմ,
Որպես հավատի շնչավոր արձան,
Վիրավորներս մեռնում են արդեն,
Ձիավորներս ինչո՞ւ ուշացան»։
Հայրենիքս մեռնում է արդեն, ինչո՞ւ ենք ուշանում, տղե՛րք,
ինչո՞ւ ենք ուշանում:
Հազար փառք ու պատիվ այն բոլոր աշխարհասփյուռ հայերին, ովքեր իրենց հոգու մեջ ու աչքերում կրում են հայրենիքը, ովքեր հայրեր մայրեր քույրեր ու զավակներ են կորցրել հանուն Հայաստանի ու Արցախի, բայց չեն ուրացել իրենց կորցրածների հերոսական նահատակությունը, մարտիրոսվածների պատգամները, արժանապատիվ հայրենիք ունենալու համար:
Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՜րք, էս ի՞նչ արեցինք...

Պարտված բանակներին չեն շնորհավորում, պարտվածներին խղճում են կամ արհամարհում:
Ես շնորհավորում եմ մեր բոլոր զոհված ընկերների և զոհված զավակների բանակի օրը, ովքեր իրենց հաղթանակն էին կերտել, ովքեր պետություն էին կերտել իրենց նահատակությամբ ու արժանապատվորեն:
Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու խորքում խաչ են կրում, ովքեր հավատ ունեն առ Աստված, ովքեր չեն ուրացել մարտիրոսվածների պատգամը, և այն բոլոր մարդկանց տոնը, ում աչքերում ու հոգու մեջ Հայաստան ու Արցախ է դաջված»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more