▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեշտ չէ լսել լացող տղամարդու ձայն. ՌԴ մեկնող ավտոբուսի մոտ հրաժեշտ տվողների լացն էր…

Ահավոր հուզված եմ, նեղված: Շատ տհաճ է այն, ինչ հիմա կպատմեմ: Ժամը 2:30 է, նստած ֆիլմ եմ նայում, մեկ էլ բաց պատշգամբից ողբ ու լացի ձայներ լսեցի: Բնական է, նետվեցի տեսնեմ ի՞նչ եղել, գուցե մեկին մի վատ բան է պատահել, տեսա, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսն է կանգնած, ուրիշ ոչ մի արտառոց բան չկա, բայց լացը կա, ու միալար է, չի դադարում: Նայում եմ կողքի շենքերին, ոչ շտապօգնություն կա, ոչ ոստիկանություն: Փողոցը խաղաղ է, բայց կանացի ու տղամարդու լացը անհասկանալի կերպով լսվում է: Մի քանի րոպե այսպես սրտատրոփ, ականջներս սրած կանգնել եմ, որ հասկանամ ինչ է կատարվում: Հեշտ բան չէ լսել սրտակեղեք լացող տղամարդու ձայն ու անտարբեր մնալ սենյակում նստած: Ավտոբուսը շարժվեց, շարժիչի ձայնը մարելու հետ մեկտեղ մի պահ սովորական գիշերային լռություն տիրեց: Հասկացա, որ դա միմյանց հրաժեշտ տվողների լացն էր: Այն մասում, որտեղ հենց նոր ավտոբուսն էր, դեռ կանգնած էին մի քանի տղաներ: Կամաց խոսում էին, մեկ էլ նորից լսվեց այդ լացը, բայց հիմա միայն տղան էր լալիս: Երևի մեկնողը մայրն էր: Արդեն որքան ժամանակ է այդ երեխան (ձայնից զգացվում է, որ մի 15-16 հազիվ լինի) դեռ լաց է լինում եկեղեցու բակում, ընկերներն էլ կողքից հեռու չեն գնում…
Շատ վատ եմ զգում: Ամեն անգամ, երբ գիշերվա այս ժամին պատուհանից տեսնում եմ եկեղեցու մոտ կանգնած ավտոբուսը, որը լցվում է մարդկանցով' մտովի նախատում եմ նրանց, որ հեռանում են գողունի, գիշերով: Ինչո՞ւ են գնում: Չնայած, գուցե ճիշտ են անում, ես դատավոր չեմ, որ որոշեմ: Բայց այս դեպքը մինչև սրտիս խորքը ցնցեց: Ինչո՞ւ, ինչու պիտի այսպես լինի: Հաստատ չեն գնում հանգստանալու, այլապես աղիողորմ չեն բաժանվի իրարից: Ինչո՞ւ մի կտոր հացի համար այսպես պիտի դատարկվի երկիրը: Ինչու… Ոչ ոք չի պատասխանելու, գիտեմ: Պատասխանի կարողություն ունեցողը չի կարդա սա, կարդացողն էլ հետս հավասար կնեղվի, էլի բան չի փոխվի…

Ալինա Դերձյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more