▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշարձանագետն անարգում է երջանկահիշատակ կաթողիկոսների հիշատակը

ՊԱՐԹԵՎ աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի

Օրերս համացանցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տարածեց տեսաձայնագրություններ, որոնցում իր «հիշողություններն է» կիսում երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսների հետ ունեցած հանդիպումների մասին եւ քննադատում լուսահոգի հայրապետներին: Այն, որ պարոն Կարապետյանը չի թաքցնում իր անհանդուրժողականությունը եւ չարախոսում ու զրպարտում է ներկայիս կաթողիկոսին եւ ընդհանրապես եկեղեցականներին, շատերին է հայտնի, սակայն, երբ խոսքը վախճանյալ կաթողիկոսների մասին է, համաձայնեք, որ սա արդեն անարգանք է ննջեցյալների հիշատակի հանդեպ, իսկ ներկայացված անհեթեթ հիշողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ խելացնոր բարբաջանքներ: Մեր հասարակության մեջ յուրաքանչյուր քիչ թե շատ կրթված եւ դաստիարակված մարդ տիրապետում է տարրական քաղաքավարությանը եւ գիտի, որ ննջեցյալի հետեւից խոսելը անազնիվ է եւ անպարկեշտ, իսկ տղամարդու պարագայումՙ նաեւ ոչ տղամարդավայել: Որքան զարմանալի եւ անհասկանալի է պարոն Կարապետյանի կողմից երջանկահիշատակ հայրապետների հիշատակի անարգումը եւ ինքն իրեն վարկաբեկող դրսեւորումը, նույնքան անլուրջ եւ անհեթեթ է նրա «հիշողությունների» բովանդակությունը: Լուսահոգի Վազգեն Ա կաթողիկոսը մեր ժողովրդի կողմից սիրված եւ հարգված հայրապետներից մեկն է եղել, ում բաժին է ընկել դժվարին մի ժամանակաշրջանում առաջնորդել Հայ եկեղեցին եւ ժողովրդին: Իբրեւ Հայոց հայրապետ` մտահոգվել է իր հոտի ճակատագրով եւ երբեք անտարբեր չի եղել, առավել եւս իր շրջանի եկեղեցականների մեջ չի սերմանել անտարբերություն սեփական ժողովրդի հանդեպ, այլ ընդհակառակը, թեկուզ եւ նման պայմաններում, երբ եկեղեցին սահմանափակված էր իրագործելու իր առաքելությունը, Վազգեն կաթողիկոսը արեց անկարելին` Հայ եկեղեցին պահելու եւ հավատքը հայորդիների սրտում տարածելու սրբազան գործում, որի համար էլ արժանացավ հայ ժողովրդի սիրուն եւ հարգանքին: Բազմաթիվներից բերենք ընդամենը երկու փաստարկ` իրազեկելու հուշարձանագետին, որ երջանկահիշատակ հայրապետը տեղեկացված էր Արցախում գտնվող հայկական սրբավայրերի մասին եւ մտահոգ էր դրանց ճակատագրով: Դեռեւս 1955 թվականին, երբ տակավին պարոն Կարապետյանը չէր ծնվել, Վազգեն Ա կաթողիկոսը նամակ է հղել ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Բուլգանինին` խնդրանքով, որ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը փոխանցվեն մի շարք եկեղեցիներ, որոնց թվում նաեւ Գանձասարի վանքը: Իսկ 1957 թ. Վազգեն Ա կաթողիկոսը այցելում է Բաքու եւ Ղարաբաղ, որը լինում է Վեհափառի առաջին եւ դժբախտաբար վերջին այցը Արցախ: Սեպտեմբերի 25-ին Վազգեն Ա հայրապետը իր շքախմբով հատում է Ղարաբաղի սահմանը եւ հանգրվանում Ստեփանակերտում, այցելում Շուշի, Գանձասար եւ Ամարաս: Մասնավորապես Ամարասի վանքում Վեհափառը ցավով ականատես է լինում վանքի անմխիթար վիճակին, որը վերածվել էր անասնագոմի: Այս մասին, մեկ տարի անց, Հայ եկեղեցու գործերի նախագահին հղած իր բողոքագրում նշում է Վեհափառ հայրապետը: Ստեփանակերտում Վեհափառ հայրապետը հայկական եկեղեցիների մի ցանկ է ներկայացնում ադրբեջանական իշխանություններին` խնդրանքով, որ Գանձասարը, Ամարասը, Ստեփանակերտի աղոթատունը, Կիրովաբադի շրջանում գտնվող Չոլակ կոչվող ուխտավայրը, Նուխի, Զաքաթալա եւ Նախիջեւանի եկեղեցիները վերադարձվեն Հայ եկեղեցու տնօրինմանը: Այս փաստերը վկայում են, որ Վազգեն Վեհափառը, դեռ մինչեւ պարոն Կարապետյանի լույս աշխարհ գալը, շատ լավ տիրապետում էր Արցախում գտնվող հայկական սրբավայրերի մասին տեղեկությանը, հետեւաբար պարոն Կարապետյանից չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է տեղեկանար այդ հուշարձանների մասին: Ինչ վերաբերում է Գարեգին Ա կաթողիկոսի Արցախ այցելության եւ մանուկների օրհնության հետ կապված պարոն Կարապետյանի «պայծառ հիշողությանը», ապա նշենք, որ ամեն բարեպատեհ առիթով, այդ անգամ եւս, Հայոց հայրապետը մանուկներին էր բաշխել Սուրբ Էջմիածնի օրհնությունը: Ըստ երեւույթին պարոն Կարապետյանի համար ոչ շոշափելի ու աննյութական արժեքները ընկալելի չեն: Յուրաքանչյուր հայորդի, ով առիթ է ունեցել ի մոտո շփվելու մեծանուն հայրապետի հետ, կարող է վկայել, որ Գարեգին Ա կաթողիկոսը հումորի զգացում ունեցող եւ անմիջական եկեղեցական էր ու հաճախ էր կատակում: Հետեւաբար պարոն Կարապետյանի ներկայացրած ծխախոտի հետ կապված «արժեքավոր հիշողությունը» պարզապես կատակ է եղել: Թերեւս տեղին է պարոն Կարապետյանին հիշեցնել նշանավոր մտածողի խոսքերը. «Խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ: Աշխարհի բոլոր հիմարությունները արվել են դեմքի հենց այդ արտահայտությամբ: Ժպտացեք, պարոնայք»: Պարզապես անհասկանալի է, թե ո՞րն է պարոն Կարապետյանի նպատակը, ի վերջո նրա այդ «հիշողությունները» ի՞նչ շահ են բերելու հասարակությանը: Դժբախտաբար հասարակական մեր կյանքում մեծ տեղ են գտնում բամբասանքները եւ չարախոսությունները, որոնք փորձում են արդարացվել առողջ քննադատության հիմնավորումով: Հավանաբար պրն Կարապետյանը մտածում է, որ մեկ ավելի մեկ պակաս բամբասանքը չի խանգարի: Հավանաբար նաեւ հուշարձանագետը անդրադարձել է ներկայիս կաթողիկոսի հասցեին տարածած իր ստահոդ լուրերին, թե իբր կաթողիկոսին չի հետաքրքրում սարերում գտնվող սրբավայրերի ճակատագիրը: Տեսնելով, որ վերջին շրջանին նորոգվում են նաեւ լեռների վրայի խոնարհված սրբավայրերը, նա հասկացել է, որ զրպարտել է հայոց կաթողիկոսին, եւ այս անգամ, առանց խղճի խայթի, որոշել է քննադատության թիրախ դարձնել վախճանյալ կաթողիկոսներին: Ափսոս, որ երջանկահիշատակ հայրապետները պարոն Կարապետյանին ընդհանրապես ընդունելության են արժանացրել, հակառակ պարագայում այսօր նա անամոթաբար Հայոց հայրապետների մահից տարիներ անց` խեղաթյուրելով իրողությունները, չէր փորձի հասարակության մեջ տարակուսանք սերմանել լուսահոգի հայրապետների հանդեպ: Մնում է սպասել պարոն Կարապետյանի հիշողության հերթական փայլատակմանը եւ տեսնել, թե հաջորդ անգամ ինչ անհեթեթ եւ ստապատում հիշողություններ կներկայացնի հանրությանը:

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more