Ամառ է, բոլորս քիչ թե շատ սոցիալապես ապահովածներս, մտածում ենք, թե ո՞ւր կարելի է գնալ հանգստանալու: Հաշվարկներ ենք կատարում, անհրաժեշտության դեպքում, եթե գումարը քչություն է անում այն վերցնում ենք բանկերից, կամ մեր ծանոթներից: Կարճ ասած անցնում ենք որոշ դժվարություններով, բայց այնումենայնիվ անպատճառ գնում ենք որևէ տեղ հանգստանալու: Գնում ենք, որովհետև գիտակցում ենք, որ առողջությունն առաջնային է, քանզի առանց տարին գոնե մեկ անգամ պատշաճ հանգստի, մենք ուղղակի վտանգում ենք մեր ընտանիքի առողջությունը: Հարգելի ընթերցողներ, որևէ մեկիս մտքով արդյո՞ք անցել է, թե ինչպե՞ս են անցկացնում իրենց հանգիստը Հայաստանում բնակվող տասնյակ հազարավոր հայ անապահով ընտանիքները, որևէ մեկիս մտքով անցել է, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ չհանգստանալ երևույթը:
Այսօր մեր երկրի անապահով խավը, վատ սնվելու պատճառով, արդեն իսկ վտանգված է առողջապահական լուրջ խնդիրներ ունենալով: Այս մարդիկ ծայրը ծայրին հասցնելով նույնիսկ չեն երազում հանգստանալու մասին և ինչպես իրենցից շատերն են ասում, ինչ հանգստի մասին կարող է խոսք գնալ, եթե ես տեղը տեղին իմ ընտանիքի սնունդը չեմ կարողանում ապահովել: Չգիտես, թե ինչու մեր մոտ այնպիսի ավանդույթ է ձևավավորվել, որ հանգիստը դա ցանկալի երևույթ է, այլ ոչ՝ անհրաժեշտ: Օրինակ՝ երբ պետությունը ձևավավորում է մինիմալ զամբյուղը, նա այնտեղ հաշվարկում է մարդուն գոյատևելու համար անհրաժեշտ ապրանքների ցանկը, օրինակ՝ օրական 30 գրամ Մ…ապրանքից, 50 գրամ Դ…ապրանքից և այլն: Բայց չէ, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նորմալ հանգիստը մարդու նորմալ գոյատևման ամենաանհրաժեշտ ատրիբուտներից մեկն է:
Չէ, որ բժիշկները վաղուց ապացուցել են, որ եթե մարդ չի հանգստանում, ապա նրա մոտ ի հայտ են գալիս տարբեր հիվանդություններ: Հեռու չգնանք, նայեք երբ ՀՀ կառավարությունը քաղծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրելու որոշում ընդունեց դա միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, հիմնականում այն կարծիքն էր շրջանառվում, որ ավելի լավ էր փաթեթի փոխարեն աշխատավարձը բարձրացնեին, բայց հետզհետե նույն քաղծառայողները հասկացան, որ դա շատ ճիշտ է, երբ 132 հազ դրամ արժեք ունեցող փաթեթում 52 հազար դրամը պարտադիր պետք է բուժզննման համար օգտագործվի, իսկ մնացած 80 հազ դրամը տնօրինի իր հայացողությամբ /հանգիստ կազմակերպելու, կամ երեխայի ուսման վարձ և այլն, այստեղ հատկանշականը այն է, որ այդ գումարը առձեռ չի տրվոււմ/: Դա արվում է, որպեսզի քաղաքացին պարտադիր ամեն տարի անցնի և´ բուժզննում, և´ մեկնի հանգստի: Փաստորեն, պետությունը մտածում է իր քաղծառայողի առողջության մասին, որտեղ անբաժանելի մաս է կազմում նրա հանգիստը, սա շատ գովելի փաստ է: Իսկ ի՞նչ վիճակում են գտնվում, այն մարդիկ ովքեր տարիներ շարունակ աշխատանք չեն կարողանում գտնել, կամ գտնելուց էլ լումաներով են աշխատում, նրանց առողջության մասին ո՞վ պետք է մտածի:
Հ.Գ Ճիշտ հասկացեք աստված մի արասցե, երբ հիվանդանում է աշխատող մարդը նա իր կուտակած գումարներով կարողանում է բուժվել, իսկ ի՞նչ անի խեղճ անապահովը, երբ հիվանդանում է: Գոնե եկեք այնպես անենք, որպեսզի այս մարդիկ քիչ հիվանդանան, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու բան ` սնվել և գոնե տարին մի քանի օր հանգստանալ:
Կարեն Թումանյան