Երբ հայ երեխան օդանավակայան գնալու ճանապարհին լաց է լինում… Երբ ինձ ասում էին, որ տաքսիստներից լավ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կատարվում տվյալ երկրում, ես տարակուսում էի… Եվ այսպես, ահա թե ինձ տաքսիի մեջ ինչ պատմեց մի վարորդ. «Առավոտյան պատվեր էի ստացել, որպեսզի մի ընտանիքի տեղափոխեի օդանավակայան: Լուռ գնում էինք, մեկ էլ լսեցի, թե ինչպես է հետևի նստարանին նստած լաց լինում 15-ամյա աղջնակը: Սկզբից ուշադրություն չդարձրի, ասեցի՝ դե այդ հասակում դա նորմալ երևույթ է, բայց, երբ կողքիս նստած աղջնակի հայրը, դիմելով ինձ, ասաց՝ ճարահատյալ արտագաղթում ենք, դրա համար էլ լաց է լինում, ես սկսեցի անհանգստանալ: Խոսակցությունից պարզվեց, որ այս ընտանիքը սովորական ոչ մի բանով աչքի չընկնող ընտանիք է, որտեղ հայրը շարքային ճարտարագետ է, իսկ ընտանիքի մայրը՝ սովորական ուսուցչուհի: Արդեն երկու տարի է, ինչ ամեն գնով փորձում էին չարտագաղթել երկրից, բայց ճարահատյալ օր օրի ավելանում էին իրենց պարտքերը, և վերջապես կայացրին որոշում` անհապաղ արտագաղթել Ռուսաստան, քանի վերջնականապես մի փորձանք չի պատահել... Աղջնակի հայրը մանրամասնեց, որ, կարիքներից ելնելով, տունը գրավի տակ է դրած, այնտեղ, որտեղ աշխատում էր, գրոշներ էին վճարում, այն էլ վերջին ժամանակներս ոչ ստաբիլ, մայրը հիվանդ է, անընդհատ թանկարժեք դեղորայքներ են պետք, գրեթե բոլոր հարևաններին պարտք են, իսկ գտնել ավելի լավ աշխատանք` անհնար է, քանզի մոտ երկու տարի է, ինչ թակել է բոլոր աշխատանքային գործակալությունների դուռը և ապարդյուն»:
Հարգելի ընթերցող, ես և դուք իհարկե չենք կասկածում, որ այսպիսի ընտանիքները օր օրի ավելանում են, արտագաղթը սկսել է կրել մասսայական բնույթ: Այդ դեպքում հարց է ծագում`լավ, մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ է շարունակվելու այս մղձավանջը, ո՞վ է կանգնեցնելու այն, ու՞մ խղճի վրա են այս աղջնակի տանջանքները….., ու՞մ համար էին այն կարգախոսները, որը մեզ հրամցնում էին տարբեր ֆորմատի ընտրություններից առաջ: Անապահովները հեռանում են, այսինքն՝ մենք «Ապահով Հայաստանը» կառուցելու ենք արդեն առկա ապահովների՞ համար…
Կարեն Թումանյան
Աղբյուրը` replik.am