Երգահան, ջազային դաշնակահար և երգեհոնարար Գարի Քյոսայանը ծնվել է 1947թ. ապրիլի 27 –ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Իբրև ջազային երաժիշտ ճանաչում է ձեռք բերել 1980 թվականին՝ Մոսկվայում կայացած Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: Մի քանի սկավառակների հեղինակ է: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Գարի Քյոսայանը պատմել է ջազի հանդեպ ունեցած սիրո, ջազային երաժշտության ներկայի և իր նոր սկավառակի շնորհանդեսի մասին:
Ի՞նչ է ջազը Ձեր համար:
-Ջազը ազատություն է նախ և առաջ ինձ համար, ճիշտ ջազը մարդուն դարձնում է «ավելի մտավոր»: Նաև մտքի և հոգու ազատություն է: Անկախ հոգեվիճակից ջազը ազատ երաժշտություն է, լավ է ստացվում, թե վատ, դա կախված է դահլիճի աուրայից: Օրինակ, եթե չորս անգամ նվագես նույն մեղեդին, այդ չորս անգամն էլ այն տարբեր կհնչի: Փոխվում է տեմպը, տրամադրությունը, հոգեվիճակը: Ջազը լավ է ստացվում նաև այն դեպքում, երբ կողքիդ կան լավ երաժիշտներ:
Ո՞րն է ջազի հիմնաքարը:
-Ջազի հիմնաքարը եղել է բլյուզը, որն ստեղծվեց 1900 թվականին: Կարելի է առանձնացնել ջազի մի շարք վարպետների,ինչպիսիք են եղել Մաքս Դևիսը, Օսկար Պիտերսոնը, Լուիզ Թեյլորը, Էդի Հերիսը, Ռեյ Չարլզը և այլք:
Ինչի՞ հետ եք ասոցացնում ջազը:
-Մարդիկ կան, ովքեր ջազը համեմատում են ակումբների, գարեջրի կամ վիսկիի հետ: Իհարկե, գեղեցիկ է այդ մթնոլորտը՝ վիսկի, սիգար կամ կոնյակ: Իսկ ջազն ավելի մեծ, մասշտաբային հասկացություն է, քան մարդկանց պատկերացումների մեջ այն կա իրականում:
Շա՞տ են արդյոք ջազի սիրահարները:
-ԱՄՆ-ում ավելի քան շատ են ջազ լսողները, ովքեր ինձ սպասում են, այնտեղ ունեմ ջազային խումբ, որն ամեն տարի համերգներով գալիս է Հայաստան: Բայց այսօր ջազը հայկական իրականության մեջ չի քարոզվում, Հայաստանում ջազ լսողներ քիչ կան: Խրախուսվում է միայն արևելյան, թուրքական երաժշտությունը մեր աստղերի միջոցով: Կարելի է ընտրել, օրինակ, անգլիական, ֆրանսիական երաժշտություն կամ կեցվածք: Եթե լսեն ճիշտ ջազ, բոլորն էլ կսիրեն: Դա նման է նրան, որ մարդիկ լսեն վատ սիմֆոնիա, պարզ է, որ այդ դեպքում չեն սիրի: Հայաստանում ջազը, այսպես ասած, բարձիթողի վիճակում է: Չկան ջազի համար հատկացված վայրեր, որտեղ կարելի է զբաղվել ջազ երաժշտությամբ: Ջազ խմբի հետ եմ պարապում, փորձեր եմ անում իմ տանը:
Դուք բավական երկար ժամանակ բնակվել եք ԱՄՆ-ում, ի՞նչը ստիպեց Ձեզ կրկին վերադառնալ:
-Ես այնտեղ էի մի պարզ պատճառով, որպեսզի ծանոթանայի ամերիկյան ջազի աստղերի հետ, շփվել նրանց հետ: Կարելի է ասել,որ դա ինձ համար համալսարան կամ մագիստրատուրա էր: Ես պատիվ ունեցա նվագել հայտնի ջազ երաժիշտներ Էդի Հերիսի, Ջո Փասի, Ռեյ Բրաունի,Լուիզ Թեյլորի հետ:
Ո՞վքեր են Ձեզ համար ջազի ուսուցիչներ:
-Ինձ համար ուսուցիչներ են Օսկար Պիտերսոնը և Ջիմի Սմիթը: Նրանք լավագույներն են, որոնցից կարելի է օրինակ վերցնել:
Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը համերգներից հետո:
-Մեծ բավականություն եմ ստանում, քանի որ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճ, նրանց ոգևորությանն ու ուրախությանը չափ, սահման չկա:
Ձեր «Մուսա լեռան 40 օրը» սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Երաժշտությունը գրվել է Ֆրանց Վերֆելի համանուն ստեղծագործության հիման վրա: Որոշեցի գրել երաժշտություն, անկախ այն բանից, կլինի ֆիլմը, թե ոչ, բայց պետք է լինի երաժշտությունը: Շնորհանդեսին հրավիրել եմ շատ ու շատ մարդկանց, օրինակ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին, երաժշտագետ Արմեն Մութաֆյանին, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս), դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին, հոգևորակաների, ջազ երաժիշտ՝ Բարսեղ Թումանյանին և մի շարք այլ արվեստագետների:
Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի