boon.am-ը գրում է. Երաժշտական մտածողության տեսանկյունից մարդկությունը կարող է բաժանել մի քանի տարբեր մտածողություն ունեցող տիպերի: Մենք` միամեղեդային մտածողություն ունեցող ժողովուրդս, մինչև 19-րդ դարի կեսը եվրոպական կոմպոզիտորական արվեստի խնդիրներ չենք զարգացրել մեզանում. այսինքն` բազմաձայնության հարցեր չենք բարձրացրել: Եթե նայենք մեր երաժշտության զարգացման պատմության ընդհանուր տրամաբանությանը, ապա մինչև Կիլիկյան թագավորության ավարտը մենք մերձեվրոպական այն մշակույթների շարքում էինք, ովքեր առաջնորդում են մշակույթի զարգացումը: Պատմության ընթացքի բերումով մեզ մոտ զարգացման ընդհատում է տեղի ունենում մոտ երեք-չորս հարյուր տարով: Դրանից հետո մենք փորձում ենք վերականգնել մեր բացթողումներն ու հասնել եվրոպական զարգացմանը: Այդ քայլերից մեկը եվրոպական կոմպոզիտորական արվեստի ներմուծումն էր հայկական իրականություն: Սկզբում ներմուծում ենք եվրոպական կոմպոզիտորական արվեստին բնորոշ բազմաձայնությունը, ինչը բացակա էր մեր մինչ այդ ստեղծած մշակույթի մեջ: Կոմիտասին եղածը չէր բավարարում: Կոմիտասը դնում է այն ժամանակների համար ֆանտաստիկ մի հարց. ունենալ բազմաձայն երաժշտություն ոչ թե հարմարեցված հայկական մտածողությանը, այլ ունենալ հայկական մտածողությանը տիպական, հարազատ, դրա հիմքի վրա կառուցված բազմաձայնության ձև: Ինչու՞ է սա բարդ մի բան. որովհետև մի ամբողջ ժողովուրդ ի բնե, ի ծնե ունեցել է երաժշտական մտածողության բոլորովին ուրիշ համակարգ: Հիմա մեկ մարդ այդ ժողովրդի համար ուզում է ստեղծել երաժշտական մտածողության բոլորովին ուրիշ համակարգ, որը ոչ միայն նոր պիտի ստեղծվի, այլ պիտի հենց նրա համար տիպական լինի: Մեկ մարդ մի ամբողջ ժողովրդի համար ստեղծում է մտածողության նոր մոդել:
Աղբյուր`boon.am