<<Պահք>>, <<պահեցողություն>>` հասկացություններ, որոնք յուրաքանչյուր հավատացյալի համար կարևոր են: Ողջ տարվա օրերի վրա են բաշխվում պահոց և ուտիք օրերը ( <<պահք>>-պահել, <<ուտիք>>-ուտել): Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի` դրախտից վտարման և ուրբաթ`Հիսուս Քրիստոսի մատնության) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է :
Վիճելի է տեսակետը, թե պահքը օրինադրվել է Դրախտում`մեկնաբանությամբ, թե Աստված առաջին մարդուն պատվիրեց պահել ու չուտել չարի և բարու ծառի պտուղը, մինչդեռ սա կարելի է համարել առաջին պատվիրան, բայց ոչ Պահք: Ինչպե՞ս կարող է մարդ պահք պահել, երբ ամբողջապես վայելում է Աստծո ներկայությունը, ինչի՞ համար պահել, երբ դրախտն արդեն վայելում էր: Պահքը հաստատվում է դրախտից վտարումից հետո, քանի որ Աստված պատվիրում է Սերովբեներին ու Քերովբեներին` արգելել մարդու մուտքը Դրախտ, իսկ մարդը Աստծուն կրկին պիտի մոտենար պահքով` ապաշխարությամբ, առանց գայթակղությունների, աղոթքով, գոհաբանությամբ, առանց մարդկային մոլությունների, որոնք տեսավ ու ճանաչեց արտաքսումից հետո: Պատահական չէ, որ Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց այս պատճառով ամբողջ Մեծ Պահքին եկեղեցիների վարագույրները փակ են մնում , իսկ հավատացյալները` անմասն Ս. Հաղորդությունից:
Արտաքսումից հետո մարդն անհրաժեշտություն ունի գտնելու, վերագտնելու Արարչի երեք հարցերի պատասխանը`
«Ո՞ւր ես, Ադամ». ո՞ւր ես մարդ Աստծո
«Ո՞ւր է եղբայր քո», և ո՞վ է եղբայր քո. Կայենի ու բարի սամարացու օրինակները
Եվ վերջապես, ո՞ւր եմ ԵՍ ձեր կյանքի մեջ
Երբ դրախտում Աստված մարդուն հարցնում էր «Ո՞ւր ես, Ադամ», արդեն մեղավոր մարդը թաքնվում էր նրանից` ամաչելով միայն իր մերկությունից, ոչ թե արարքից, որով նա մերկացել էր Աստծո ներկայությունից: Ու միայն արտաքսումից հետո արդեն, երբ պիտի հասկանար, որ առանց Աստծո կառուցել է միայն թվացյալ երջանկություն, նա պիտի ամաչեր իր արարքից ու զղջումով արտաբերեր`«Հայր, ներիր ինձ...»:
«Ո՞ւր է եղբայր քո». Կայենին ուղղված այս հարցը նույնպես մնում է անպատասխան ու անզղջում. սրանով մարդը մերկանում է նաև մարդկայնությունից. նա լքում է Աստծուն, մոռանում իր մարդ լինելը....ու սրա ականտեսն ենք նաև սամարացու մասին առակում ու մեր օրերում նույնպես...
Ո՞ւր է Աստված մեր կյանքում. Մենք, որ հեռացել էինք Նրանից, ի՞նչ ենք անում նորից մոտենալու համար, չէ՞ որ Տերն Ինքն էլ է ուզում և անգամ իր Միածին Որդուն`Քրիստոսին այս առաքելությամբ ընծայեց մարդկությանը:
Ահա այս հարցրերի պատասխաններն ենք փորձում գտնել հատկապես պահեցողության 48-օրյա ճանապարհորդության ընթացքին` աղոթքով, զղջումով, ապաշխարությամբ:
Հին աշխարհում Աստծո արդարությունը վտարում է մարդուն Դրախտից, իսկ Նոր աշխարհում Աստծո ողորմությունը հրավիրում է մարդուն ժառանգելու Աստծո թագավորությունը: Հիշենք նաև Քրիստոսի կոչ-հրավերը` «Աստծո արքայությունը մոտեցել է». պատրա'ստ լինենք: