Խոսում ենք մեր դեռահասների, պատանիների, երիտասարդների դաստիարակությունից, նրանց մոտ գրականության, երաժշտության, Հայաստանի պատմության վերաբերյալ նույնիսկ հանրամատչելի գիտելիքների և ընդհանուր զարգացման ցածր մակարդակից:
Իսկ ի՞նչ էիք ուզում...Ընտանիք, դպրոց, ԲՈՒՀ` մեծամասամբ խոտան, կիսագրագետ շրջանավարտներ բոլոր առումներով` թե’ գիտելիքների, թե’ բարոյականության, թե’ էթիկայի, թե’ քաղաքացիական ակտիվության առումով:
Լավ, նման հետաքրքիր հաղորդումներ, միջոցառումներ, ներկայացումներ, հաղորդաշարեր, ուսումնական հաղորդումներ մեր հեռուստաընկերություններում, համացանցի կայքերում կա՞...
Առանձնապես, համացանցի որոշակի թվով կայքէջեր լցված են մեծամասամբ ապատեղեկատվությամբ, ցածրարժեք տեղեկություններով, բամբասանքով, սեքսով ու զանազան այլ աղտեղություններով:
Ես միշտ նախանձով եմ նայում Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հիանում նրանց վերաբերմունքով իրենց պետությանը, պետական սիմվոլներին` դրոշին, զինանշանին, հիմներգին…Այն պատկառանքը, սերը, հարգանքը, ինչու չէ երկյուղածությամբ, քնքշանքով և հուզմունքով առլեցուն վերաբերմունքը ես չեմ պատկերացնում մեզանում:
Դա մի վեհ, ազնվագույն զգացում է, իրոք հարգանքի արժանի և դաստիարակվում է, ձևավորվում է մոր արգանդից, ծնվելու, առաջին քայլերը կատարելու պահից սկսած…
Իսկ ի՞նչ է լսում մեր երեխան իր ընտանիքում, իր շրջապատում...
Բամբասանք, նախանձ, ագրեսիա, կռիվ, ես երկիրը երկիր չի, սա ազգ չի, սա ժողովուրդ չի, ես իշխանությունները բանի պետք չեն, սպանել, մորթել, տրորել, ճզմել,խեղդել, կախել, գնդակահարել…Նախանձը հարևանի, բարեկամի, հարազատի, ընկերոջ, բոլորի հանդեպ…
Ծնողները մտածում են միայն սնելու, հագցնելու, զանազան տեխնիկայով, զարդերով, այլ զրթըզիբիլներով ապահովելու մասին, որ միմիանցից հետ չմնան…Գրեթե լիարժեք դաստիարակության պակաս ընտանիքում:
Արդյունքում ստանալով մեծամասամբ «յաշիկաջիպային», այֆոնա, այփադա մակարդակի խելքով, լկտի, ղզիկ, լաչառ, էժանագին արժեհամակարգով, հոգեկերտվածքով մոնստրիկների սերունդ…
Իհարկե օազիսներ, կղզյակներ, բացառություններ կան, սակայն դրանք ցավոք շատ քիչ են…