▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ համար է դատարկվում Հայաստանը: Ոչ մի դավաճանություն «չի մարսվում», բայց հետևանքներն անհաղթահարելի են

Ճիշտ հազար տարի առաջ, 1022թ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Տրապիզոնում Վասիլ երկրորդ կայսեր հետ պայմանագիր է կնքել, ըստ որի Անիի թագավորությունը Հովհաննես-Սմբատ թագավորի մահից հետո անցնելու էր կայսրությանը: Այնուհետև ամեն ինչ անում է այդ պայմանագիրն իրականություն դարձնելու համար: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին։ Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին։ Երեք տարի հետո, 1045թ., Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երիտասարդ թագավոր Գագիկ Բ-ին համոզում է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին, իսկ նրա ետևից կայսրին է ուղարկում իրեն վստահված Անիի բանալիները։ Ինչպես վկայում են պատմաբանները, Պետրոս Գետադարձի երազանքը Բյուզանդիայի հովանավորությամբ իր կաթողիկոսական դիրքերի ամրապնդումն էր, իր իշխանասիրությունը և արծաթասիրությունը /փողասիրությունը/: Տևական ժամանակ նրա տեղապահն էր նրա կամքի անմռունչ կատարող նրա քրոջորդի Խաչիկը /նրան հաջորդած կաթողիկոս Խաչիկ Անեցին/: Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրավելուց հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսում է հալածել նրան։ Կյանքի վերջին տարիներին տեսնելով Բյուզանդական կայսրության անթաքույց պայքարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից։
Գագիկ Բ-ն Բյուզանդական մի ծակուռում՝ Լիկանդայում, ներկայիս Մարաշի սանջակի սահմաններում ինչ որ տարածքներ է ստանում և հայոց թագավորությունը հանձնում Կոնստանտին Մոնոմախին: Նույն ժամանակահատվածում իրենց ժառանգական տիրույթները բյուզանդացիներին են հանձնում ՛՛Վանի Արծրունիները և որպես վիճակ ստանում Սվազը ընդհուպ մինչև Եփրատ։ Կարսի Բազրատունիները գրավեցին Ծամնդավի հովիտը Կիլիկիայում, Կոզանի սանջակում։ Արծրունիների Թոռնավան ճյուղը հիմնվեց Տարսոնում, ներկայիս Տարսուսում՝ Ադանայի և Մերսինի միջև։ Պահլավունիների մի ճյուղը բնակություն հաստատեց Քեսունում, Մալաթիայի սանջակի հարավային մասում, մյուս ճյուղը իշխում էր Միջագետքում։ Եդեսիան գտնվում էր հայ իշխանների ձեռքին. քաջ հայտնի Մամիկոնյանների տունը, ապաստան գտնելով Սասունի լեռներում, տիրում էր Մուշին և Խյարպուտին։ Ավելի հեռու, Դերսիմի ուղղությամբ կառավարում էին այն պավլիկյան իշխանները, որոնց դեմ մարտնչում էին բյուզանդական կայսրերը IX դարում։ Բոլոր այս մանր դինաստիաները հողմացրիվ եղան մոնղոլների ներխուժման հետևանքով։ Նրանց ամրոցները և ամրությունները անցան մոնղոլական ռազմական իշխանությունների ձեռքը՛՛։
Իրենց հայրենիքը լքած այս իշխանական ընտանիքները և նրանց հայ հպատակաների մեծագույն մասը, բնականաբար, կամ հունացել են, կամ, ավելի ուշ, իսլամացել:
Հիմա նայենք սրա զուգահեռը Վրաստանում, որտեղ իշխում էին վրաց բագրատունիները. Բագրատ III (978-1014)-ը սկսել է վրացական հողերի վերամիավորումը։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ–թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։ Վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089-1125), Գեորգի III (1156-1184), Թամարը (1184-1213)։ Սելջուկ–թաթարների արշավանքների հետևանքով Բագրատունիները թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V–ին հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակտությունների հետևանքով Բագրատունիների իշխանությունը վերստին թուլացել է։ 1801-ին, Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո, Բագրատունիների թագավորական իշխանությունը վերացվել է։
Այսպիսով վրաց բագրատունիները ինչպես կարողացել են՝ պահել են իրենց երկիրը և իրենց երկրի բնակչությունը՝ ընդհուպ մինչև 1801թ., մինչև Կովկասում հայտնվեցին ռուսները: Իրենց հայրենիքում են պահել իրենց ազնվականությունը, նրանց ժառանգական տիրույթները, երկրի բնակչությունը մինչև ռուսական հողային ռեֆորմը:
Մեր օրերը /հիշյալ դեպքերից ուղիղ հազար տարի անց/: Մինչև Տրապիզոնում Պետրոս Գետադարձի պայնմանագրի /1022թ./ հազարամյակից ինը տարի առաջ , 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է ՄՄ-ին /Բյուզանդական ժառանգորդի հավակնությամբ նեոռուսական կայսրությանը/ մաս դառնալու մասին:
Նույն տարին Մոսկվայում բացվել է ահռելի հայկական եկեղեցի: Ինչու՞ Մոսկվայում: Մոսկվայում ներկայիս գործող կաթողիկոսի եղբայրն է կաթողիկոսի ՛՛տեղապահը՛՛:
ՀՀ իշխանությունները /հազար տարի առաջվա Բագրատունիների ներկայիս ՛՛ժառանգորդները՛՛/ հյուծում են Հայաստանի բոլոր ռեսուրսները, բնակչությունը և Մոսկվայի մեծահարուստ հայերի /հազար տարի առաջվա ՛՛հայ ազնվականությունը՛՛/ օգնությամբ Ռուսաստան են ՛՛ներկրում՛՛ Հայաստանի բնակչությունը /Ռուսական ներգաղթի ծրագրերով զինված/, հայկական ֆինանսկան և քաղաքական կապիտալը, Հայաստանը զրկելով վերաձևավորված հայ բնակչությունից և հայ ժողովրդին զրկելով իր հայրենիքից:
Ի՞նչ է անում Վրաստանը,-փորձում է իր քաղաքացիների համար իր հայրենիքում օրինավոր երկիր ստեղծել, վրացական մտավորական և քաղաքական էլիտա ստեղծել, Վրաստանը դարձնել վրացական ֆինանսական և քաղաքական կապիտալի երկիր:
Հարց,-ինչու՞ են հայկական իշխանություններն այդքան խոսում հայ ժողովրդի ՛՛արտագաղթային՛՛ խառնվածքի մասին, երբ հայ ժողովրդին հայրենազուրկ անող բոլոր ծրագրերի հեղինակները իշխանություններն են:

Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more