Կասկադ համալիրի վերակառուցումն իրականացնող ընկերության՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը:
«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։
Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang)։
«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական մեյլին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում ներգրավվելու համար, ներդրումների չափը, իրենց սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ մեր ուղարկած նամակին դեռ պատասխան չենք ստացել։
Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։
Կասկադը վերակառուցող կոնսորցիումի երկրորդ ընկերությունը «Կարգո Էքսպրես Ջորջիա»-ն (Cargo Express Georgia) է։ Ընկերության կայքում դրա գրանցման վայրը նշված չէ։ Սակայն բաց աղբյուրների համաձայն՝ այն գործում է ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Ընկերությունը 2023-ին հիմնադրել է նույն Բոբբի Սինգ Կանգը։
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք Կասկադ համալիրի հարակից տարածքը նվիրաբերվելու է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին, թե այլ տիպի (օրինակ՝ աճուրդ, ուղղակի օտարում կամ այլ) գործարք է նախատեսված։
«Բազմաֆունկցիոնալ համալիրի համար նախատեսված տարածքը ընկերությանը չի նվիրաբերվելու, այլ օտարվելու է՝ հատուցելի հիմունքներով»,- հայտնել է քաղաքապետարանը` չմանրամասնելով, թե ինչ է նշանակում՝ հատուցելի հիմունքներով:
Մինչդեռ, ըստ քաղաքապետի որոշման մեջ ներառված տենիկական պահանջների, ներդրողին օտարվող շուրջ 7 հա համայնքային սեփականության հողատարածքում կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ` ըստ էսքիզի: Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման համար շուրջ 7 հա համայնքային հողերը ներդրողին են օտարվելու ուղղակի վաճառքով` կադաստրային արժեքով և տարաժամկետ վճարման պայմանով, ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, իսկ ներդրողի կողմից ցանկություն հայտնելու դեպքում Երևան համայնքը նախաձեռնելու է տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման ընթացակարգ:
Այսպիսով, Կասկադ համալիրի անավարտ հատվածը, ըստ նախագծի, 33 953 քմ է զբաղեցնելու, իսկ ներդրողին տրվելիք հատվածը` 168 680 քմ: Ակնհայտ է, որ թվերը չեն համապատասխանում իրար, և ներդրողին տրվելիք տարածքը ոչ թե 7 հա է, այլ՝ մոտ 17:
Կասկադի վերակառուցման դիմաց Երևանի քաղաքապետարանը փաստացի «նվիրելու» է հարակից լանջը, որպեսզի կառուցապատողն այնտեղ իր բիզնես նախագիծն իրականացնի:
Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել Կասկադի հարևանությամբ այն տարածքների ծածկագրերը, որոնք տրվելու են կառուցապատողին բիզնես նախագծի համար։
«Ներկայումս համապատասխան տարածքների սահմանների հստակեցման գործընթաց է տեղի ունենում, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հայտնել տվյալ տարածքների կադաստրային ծածկագրերը»,- պատասխանել է քաղաքապետարանը։ Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ արդեն իսկ քարտեզագրվել և նախագծային լուծումներով տեղորոշվել են այդ տարածքները՝ տալով դրանց «Արվեստի թաղամաս» անվանումը, հստակ պատկերելով նույնիսկ փոսերի խորությունները: Այսքանից հետո ինչո՞ւ են այդ տարածքները նոր հստակեցվում՝ հասկանալի չէ:
Ինչպես նշվում է նախագծում, «Նոր Կասկադ»-ի բնակելի հատվածը համատեղելու է շքեղությունը տեղական առանձնահատկությունների հետ. «Ճարտարապետությունը ներառում է լանջով իջնող աստիճանաձև ծաղկապատշգամբների շարք, որտեղից բացվում են Արարատ լեռան և Երևանի երկնակամարի սքանչելի տեսարաններ։ Յուրաքանչյուր ծաղկապատշգամբ ունի մասնավոր բացօթյա տարածքներ, տանիքի այգիներ և հանգստի գոտիներ՝ բնակիչների տրամադրությանը հանձնելով ներքին և արտաքին տարածքների ներդաշնակ համադրություն։ Տեղական քարը, թանկարժեք փայտերը և բարձրորակ մետաղները հատուկ են ընտրված, քանի որ համահունչ են Երևանի բնական լանդշաֆտի եւ ճարտարապետական ժառանգության գեղագիտությանը։
Տարածքում նախատեսված է նաև «Բուտիկ» հյուրանոց: Համաձայն նախագծի` ծաղկապատշգամբներով, արվեստով ոգեշնչված ներքին հարդարմամբ եւ շքեղ հարմարություններով հյուրանոցը կծառայի որպես ուղղություն մշակութային զբոսաշրջության համար՝ ամբողջությամբ համապատասխանելով թաղամասի արտիստիկ բնույթին։ Նախագծված լինելով շրջակա ճարտարապետությանը ներդաշնակ՝ այն կառաջարկի բարձրակարգ սրճարաններ և ռեստորաններ, սպա հարմարություններ, ինչպես նաև տարածքներ մասնավոր հավաքույթների համար՝ ավելի մեծացնելով թաղամասի գրավչությունը»։
«Սա քաղաքական կոռուպցիայի լավագույն դրսևորումներից մեկն է: Երևանի բոլոր հաստատված, ավարտական և պլանավորման փաստաթղթերով այդ հատվածը նախատեսված է որպես կանաչ տարածք՝ և վերջին գլխավոր հատակագծով, և գոտեվորման նախագծով դրանք նախատեսված են որպես կանաչ տարածքներ։ Սա հակասում է Երևանի գլխավոր հատակագծին»,- ասում է ճարտարապետ, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում