ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեխան ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։ Պարզվում է երեք օր առաջ պայթել է կույր աղիքը` դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։
Սկսվում է վիրահատությունը։ Այն բավական երկար է տեւում։ Երեխան հայտնվում է կոմայում, որից դուրս է գալիս մեկ օր անց։
Այդ ընթացքում բավական հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում` հիմնական սոցցանցերում։ Ոմանք գրում են, թե վստահ են, որ բժիշկը ինչ-ինչ պատճառներով ձգձգել է վիրահատությունը, որի պատճառով երեխան կոմայի մեջ է ընկել։ Ուրիշներն անգամ գրում են, թե բժիշկը պարզապես մտադիր է եղել սպանել երեխային` հիվանդանոցի ղեկավարությանը վարկաբեկելու համար։
Կարծիքներ հնչեցին, որ ընդհանրապես երեխայի վիրահատությունը պետք է բոլորովին այլ վիրաբույժների վստահեին, անգամ այլ հիվանդանոցում։
Մի քանի հոգի էլ գրեցին, այն էլ շատ վստահ տոնով, որ երեխան իրականում հիվանդ է կորոնավիրուսով, եւ որ պետք է նորից կարանտին հայտարարվի։
Եղան մի քանի ազգականներ, որոնք գրեցին, թե համոզված են, որ բժիշկն արել է առավելագույնը, բայց ենթարկվեցին երեխային առավել շատ սիրողների անեծքներին եւ հայհոյանքներին։ Նրանց մեղադրեցին երեխային չսիրելու եւ հիվանդանոցի ղեկավարության հետ սերտ կապերի մեջ լինելու մեջ։
Չորս տարեկան երեխայի վիճակը հետաքրքիր էր միայն ծնողներին եւ քույրիկին։
Մնացածները նեղ անձնական եւ խմբային շահեր էին հետապնդում։
Ոմանք անգամ հասան նրան, որ երեխայի հորը համոզեցին, որ բժիշկը չի արել այն ինչ պետք էր եւ նա հարվածելով վերակենդանացման դռան ապակուն պահանջում էր երեխային տեղափոխել մեկ այլ հիվանդանոց։
Երեխայի վիրահատությունը համընկել էր Սուրբ Ծննդի օրվա հետ։ Եւ ոմանք սոցցանցերում մյուսներին դիտողություն էին անում` ինչպես չեք ամաչում, որ ֆուտբոլի մասին գրառումներ եք անում, ինչպես չեք ամաչում, որ խանութ եք գնում, իսկ իրենք այդ պահին սրճարանում նստած սուրճ էին ըմպում եւ թխվածքներ համտեսում։
Եղավ մի գիտունիկ ազգական, որ շտապեց գրառում անել, պնդելով, որ անհաջող վիրահատության մեղավորը ոչ միայն բժիշկն է, այլ նրա սիրուհին։
Իհարկե, երեխային առավել սիրողները, ծնողներից էլ առավել, շտապում էին գրել` երեխայի մահն անխուսափելի է, եթե նույնիսկ կոմայից դուրս գա հաշմանդամ է մնալու, մահն անխուսափելի է։ Ընդ որում, նրանց, ովքեր նրանց համարձակվում էին դիտողություն անել, մեղադրում էին երեխային չսիրելու մեջ։
Չերկարացնեմ։ Առանց այն էլ երկար ստացվեց։
Երեխան դուրս եկավ կոմայից ամբողջովին առողջ։ Հորը պատմեց, որ տեսել է Հիսուսին, տեսել է հիվանդանոցի դռանը հարվածող հորը, սենյակում ծնկի եկած աղոթող մորը, եւ որ տեսել է հոր պապին, չծնված քրոջը, հարեւանի նահատակ որդուն։
Հայրը շտապեց այս մասին կիսվել բոլորի հետ։ Շատ քչերն ուրախացան երեխայի տեսածով ու պատմածով։ Մեծամասնությունը գրեց, թե երեխայի հայրը ցնորվել է։ Մի հոգեբան էլ գրեց եւ հարցազրույց տվեց պնդելով, թե երեխան իր երեւակայությանն է զոռ տվել։ Անգամ երբ հայրը հայտնեց, որ երեխային ցույց է տվել պապի լուսանկարը, նա ասել է` ոչ նա չէր, իսկ երբ ցույց է տվել նրա երիտսարդ տարիների լուսա կարը, ասել է` հենց նա էր, հանրությունը վերջնականապես պնդեց, թե հայրը գժվել է։ Ոմանք էլ գրեցին, թե ճիշտ է կոմայից դուրս է եկել, բայց միեւնույնն է մահանալու է։
Իսկ երեխան թքած ուներ նրանց վրա, նա մեծանում և ուժեղանում է։
Ի դեպ այս մասին երբ գրում եմ, ծառի վրա փայտփորիկն է աշխատում, հուշելով, որ դատարկախոսները կանցնեն կգնան, իսկ Արցախն ու ամբողջ Հայաստանը կմնան։ Միայն թե հասկացեք` ատելով, չարախոսելով, հայրենիքի մասին վատ գուշակումներ անելով, Արցախի կորուստը երազելով հեռու չեք գնա։
Ի դեպ, պատմությունն էլ իրական է»։
Դիտեք նաև՝