▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերն ինձ համար գոյություն է. Գոհար Վեզիրյան

ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է լրագրող Գոհար Վեզիրյանը:

-Ի՞նչ նորություններ ունեք անձնական կյանքում:


Կան նորություններ. հիմա միայն այսքանը))))):

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
Դժվար է ասել: Ես շատ եմ սիրում կյանքը, եւ դրանից հրաժարվելն, իսկապես ծանր բան է: Երբեք չեմ մտածել դրա մասին: Հայրս չկա: 49-ում որոշեց ապրել երկնքում: Թերեւս մորս համար կտայի կյանքս, եղբորս համար, սիրելիիս համար, եւ վերջապես Աստված է տնօրինում բոլոր գործընթացները: Եվ ինչ լինելու է` թող նրա կամոք եւ ուղղորդմամբ լինի:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
Ընկերներս ու ընտանիքս: Եվ` սիրելիս: Մեկ էլ`շունս` Ռոկոս: Առանձնահատուկներն այս շարքում, անշուշտ, կան: Բայց բոլորը իմ կյանքում ունեն միայն իրենց համար սահմանված ու պահվող տեղը: Ամեն մեկը մի գույն է ինձ համար, մի տոն, մի ընկալում, մի առանձին աշխարհ, եւ ես առանց այդ աշխարհների «խառնարանի» չեմ կարող ապրել:

-Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել: Ի՞նչ է սերը Ձեր համար:
-Սերն ինձ համար գոյություն է: Եթե չկա սեր, ուրեմն դու չկաս, չկա քեզ շրջապատող աշխարհը: Դու ներկա ես զուտ ֆիզիկապես, իսկ հոգիդ չկա: Առանց սիրո հոգի չի լինում: Սեր ասելով` նկատի ունեմ դրա բոլոր դրսւերորումները, բոլորն` անխտիր: Սիրում ես, ուրեմն` կաս, գոյություն ունես, ապրում ու ստեղծագործում ես: Սերը գոյություն է, բարու ներկայությունն ու հաղթանակը ամեն չարի նկատմամբ:

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
-Կուզենայի էլի մարդ ծնվեի: Լինեի հայտնի դերասան, երաժիշտ կամ գրող: Ինձ թվում է ես նախորդ կյանքում շուն եմ եղել, որովհետեւ նրանք բոլորն անչափ հարազատ են ինձ: Մարդուց` հարազատ:

- Կա՞ մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
Կարգախոսներով չեմ առաջնորդվում: Խիստ իրավիճակային եմ բնույթով: Իրավիճակային` մարտավարության առումով: Իսկ առհասարակ ես հստակ գիտեմ, թե ինչ է ինձ պետք այս կյանքից եւ ինչ կարող եմ տալ կյանքին իմ գոյությամբ:

-
Ինչպե՞ս է իմաստավորում իր կյանքը Գոհար Վեզիրյանը:
Աշխատանք: Աշխատանքը միակ «տեղն» է, որտեղ ես ինձ հանգիստ ու ներդաշնակ եմ զգում: Հոգնում եմ շատ, բայց ինքս ինձ չեմ կարողանում պատկերացնել առանց աշխատանքի: Սիրում եմ սովորել: Անընդհատ մտածում եմ նորից ինչ-որ տեղ ընդունվել-սովորելու մասին: Աշխատանք ու ժամանց: Ընկերներիս շատ եմ սիրում: Հիմա արդեն ժամանակն է կյանքս իմաստավորել նոր «միավորով», որի անունը ընտանիք է: Սկսել եմ մտածել դրա մասին: Իսկ իմ պարագայում կարեւորը որոշում կայացնելն է: Որոշումն արդեն կայացրել եմ, եւ այս առումով կյանքս հիմա ինձ համար նոր ու անծանոթ զգացողությամբ է իմաստավորվում:


-
Հավատը ամենահիանալի շնորհն է, որ տալիս է մեզ Աստված` իրեն տեսնելու համար: Ինչի՞ն է հավատում Գոհար Վեզիրյանը:
-Աստծուն, եւ նրա կողմից ստեղծված ամեն ինչին` մարդուն, կենդանիներին, բնությանը: Հավատում եմ ընկերներիս: Հավատում եմ, որ բարին ու գեղեցիկը այլընտրանք չունեն: Եվ ամենակարեւորը` հավատում եմ, որ մի օր ապրելու եմ իմ երազած Հայաստանում, որտեղ հավատը, արդարությունն ու ազնվությունը կլինեն գերակա մնացած ամեն ինչի նկատմամբ:


-Ասում են` եթե ցանկանում եք ապրել երջանիկ, ապա դուք պարտավոր եք իրերից ու մարդկանցից առավել կապվել նպատակի հետ: Դուք և ՞ս այսպես եք կարծում: Սիրո՞ւմ եք պլանավորել Ձեր կյանքը թե՞...
-Չկա մի մարդ, որ չցանկանա երջանիկ լինել: Երջանիկ լինելու ցանկությունն, թերեւս, այն միակ գաղափարն է, որը կա բոլորի ուղեղում: Նպատակը չի կարող դուրս լինել քեզ շրջապատող իրերից ու մարդկանցից: Վերջին հաշվով նպատակը իրացնելու համար քեզ պետք են լինելու մարդիկ եւ իրերը: Ես նպատակսլաց եմ, այո, ժամանակ առ ժամանակ պլանավորում եմ կյանքս: Առաջնայինն ու երկրորդականը պետք է հստակ տարբերակել, մի բան, որ ինձ մոտ մեկ-մեկ չի ստացվում: Բոհեմիկ եմ երեւի, եւ դրանից է, որ «պլանավորման գործընթացին» աշխատում եմ առանձնապես կարեւորություն չտալ:

- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից որո՞նք են ավելի շատ զայրացրել, որոնք` զվարճացրել:
-Զվարճացրել է, օրինակ, այն, որ իբր Աղվան Հովսեփյանն ինձ մեքենա էր նվիրել, որպեսզի որպես թեկնածու մասնակցեի խորհրդարանական ընտրություններին եւ փորձեի որոշակի բարդություններ ստեղծել նրա հայրենակցի` Լյովա Խարատրյանի համար: Եվ քանի որ գործարքը խիստ գաղտնի պետք է պահվեր, Հովսեփայնի նվիրած մեքենան, իբր, նվիրել էին ընկերոջս, որն էլ ժամանակավոր քշում էր այդ ավտոմեքենան: Զվարճացել եմ նաեւ, երբ լսել եմ, որ իմ նախընտրական քարոզարշավը իբր Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում: Ես բամբասանքներից չեմ զայրանում, ուղղակի` այդ պահին փորձում եմ հասկանալ ինչու, ինչ նպատակով եւ ում կողմից է սուտը դրվել շրջանառության մեջ: Ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը, եւ պետք չէ զուր ջանքեր վատնել ապացուցելու, որ մածունը սեւ չէ:

-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում ուրիշներից ու Ձեզ նրանց համար օգտակար դարձնում:
-Ես չեմ սիրում դավաճաններին եւ չեմ ներում նրանց: Ես ուղղակի կարողանում եմ ճիշտ ժամանակին արհամարհել նրանց, ովքեր դուրս են ինձ համար ընդունելի բարոյական արժեքների շրջանակից: Ես չեմ սիրում դավաճաններին, եւ ուրեմն` ընդունակ չեմ դավաճանության: Դրանով եմ կարողանում օգտակար լինել մարդկանց:

-
Եթե ոչ լրագրող, ապա` ի՞նչ:
-Լրագրող: Լրագրողը բազմաշերտություն է ենթադրում` գրող, դերասան, հռետոր, լեզվաբան, քաղաքական գործիչ, հանրային դեմք: Ես սիրում եմ ճանաչել հնարավորինս շատ բան, այդպիսին է իմ էությունը, եւ ուրեմն` լրագրողը դառնալն ու լինելը իմ կյանքում մինչ այժմ կատարած, թերեւս, միակ ամենաճիշտ ընտրությունս է:

-Գնահատեք հայաստանյան լրագրության վիճակն այսօր: Ի՞նչ թերություններ կան ոլորտում ըստ Ձեզ:
-Հայաստանում լրագրության վիճակն այնպիսին է, ինչպիսի վիճակում է այսօր Հայաստանի Հանրապետությունը: Պետության մեջ, երբ բացակայում է հեռանկարը, ամեն ինչ դառնում է դատարկ ու անիմաստ: Խոսքի ազատությունը ինձ համար, թերեւս, ամանակերեւոր արժեքներից է, բայց ես չեմ սիրում «ազատ խոսել» ու դատողություններ անել գործընկերներիս աշխատանքի մասին: Մեզանից յուրաքանչյուրը իր գործն է անում` իր պատկերացումների, սեփական արժեքայաին համակարգի, ընդունակությունների շրջանակներում: Բայց մի բան չեմ կարող չասել. լինում են իրավիճակներ, երբ ես հպարտանում եմ, որ լրագրողական համայնքի ներկայացուցիչ եմ: Ընտրություններին ու քաղաքական լարված իրավիճակներում «առաջին գծում» լրագրողներն են, ընդորում` հաճախ ոչ թե առաջինը լուր սարքելու աշխատանքային պարտականությունից դրդված, այլ որովհետեւ նախեւառաջ քաղաքացի են:
Ինձ միայն մի բան է տխրեցնում: Խոսքը դիկտաֆոնային լրագրության մասին է: Ես նկատել եմ, որ դիկտաֆոնային լրագրողներն այսօր շատ ժամանակ ստվերում են թողնում փորձառուներին ու պրոֆեսիոնալներին: Ինձ միշտ զարմացրել է լրագրողի այն տեսակը, որն իր կյանքում գիրք չի կարդացել, կինոնկար չի դիտել, կրթություն չի ստացել, բայց կարողացել է «կայանալ» այս դաշտում: Թվում էր, թե լրագրության ոլորտը պետք է միանգամից դուրս շպրտեր անգրագետներին: Բայց` ոչ: Անգրագետների քանակն այս դաշտում գնալով ավելանում է, եւ սա, կրկնում եմ կապված է ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի եւ երկրի զարգացվածության մակարդակի հետ: Փաստ է, որ մարտնչող տգետի հաղթարշավը շարունակվում է ամեն տեղ` հանրային կյանքի բոլոր բնագավառներում:
Եվ այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ ընկերներիս ցանկում մեծ թիվ են կազմում լրագրողները: Անկախ մեր քաղաքական նախասիրություններից, մեր գործատուների փոխհարաբերություններից եւ լրատվամիջոցների ուղղվածությունից` մենք կարողանում ենք ընկերություն անել: Եվ սա է ինձ համար ամենակարեւորը: Մնացածը` հասարակությունն ինքն է ընտրում` ում հավատալ, որ լրատվամիջոցին վստահել, որ լրագրողի հրապարակումներով կարծիք կազմել իրադարձության մասին, եւ որին բոյկոտել: Կատաղի մրցակցության մեջ, միեւնույնն, է մնալու են արժանիները:

 

Հեղինակ` Անի Բեքիրյան

72157633332110259

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more