▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը` իր կողմից առաջարկվող «հայականացում» ծրագրի մասին

Քաղաքացի Հակոբ Ավագյանը  Խաչատուր Սուքիասյանի ֆեյսբուքյան էջում նրան հարց է ուղղել  գործարարի կողմից առաջարկվող «հայականացում» ծրագրի վերաբերյալ` մասնավորապես նշելով. «Հայականացում ` իհարկե շատ գեղեցիկ է հնչում, մեր երկրի շատ պրոբլեմներ կարող է լուծել: 

Չեն երևում կոնկրետ քայլեր, այսինքն, ի՞նչ հերթական քայլերով եք Դուք պատկերացնում դրան հասնել, որոնք հնարավոր է իրականացնել այսօրվա իշխանության օրոք:
Մի օրինակ բերեմ`
2012թ-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, բոլոր կուսակցությունների տնտեսագետները եկել էին հանդիպման առևտրի պալատի, ՓՄՁ միության ներկայացուցիչների հետ: Ինչպես գիտեք բոլորի նախընտրական ծրագրերում լինում է ՓՄՁ-ների աջակցություն, երբ հարց տվեցինք թե կոնկրետ ո՞ր օրենքներում եք ցանկանում փոփոխություններ անել...., կոնկրետ ոչ մի պատասխան»:


Խաչատուր Սուքիասյանն այս առիթով, մասնավորապես, պատասխանել է. «Շնորհակալություն, որ կարդացիք իմ այդ կարճ ակնարկը: Հասկանում եմ, որ այն շատերի մոտ կարող է հարցեր առաջացնել, քանի որ մեր տնտեսության «հայականացման» ծրագրի մասին իմ գրառումը չէր կարող ամբողջական լինել: Ընդամենը որոշել էի բարձրաձայնել այդպիսի ծրագրի մշակման և իրագործման անհրաժեշտության մասին: Բայց, տեսնում եմ, որ այս խնդիրը հետաքրքրություն է առաջացրել և փորձեմ ևս մի քանի նկատառում ավելացնել:
Նախ ասեմ, որ «հայականացումը»՝ իրատեսական ծրագիր է: Աշխարհի հենց այն երկրները, որոնք իրականացրել են ներմուծվող մի շարք ապրանքների և ծառայությունների փոխարինումը տեղական արտադրանքով, հաջողության են հասել եւ արագ տեմպերով սկսել են զարգացնել տնտեսությունը:
Խոսքը չի գնում ամբողջ մեր տնտեսության «հայականացման» մասին: Սեփական ուժերով առանձին վերցրած երկրի պահանջարկի բավարարումը բոլոր ապրանքատեսակներով գլոբալիզացիայի պայմաններում տնտեսապես արդարացված չի և ավելի շուտ կարող է բերել ազգային տնտեսության կործանմանը: Ճիշտ է խոսել միջազգային առեւտրում մեր երկրի մասնագիտացման մասին: Խնդրեմ, կարող ենք սկսել մեկ-երկու ոլորտից, որոնց արտադրանքը պահանջված է թե ներքին, թե արտաքին շուկայում, և որոնք զարգացման լավ նախադրյալներ ունեն հենց Հայաստանում:
Օրինակ, վերցնենք կոշիկի արտադրությունը: Այն խորը ավանդույթներ ունի Հայաստանում և չի պահանջում մեծածավալ ներդրումներ: Ինչո՞ւ ենք հեշտությամբ հրաժարվում տարիներով ձևավորված կոշիկ կարելու ավանդույթներից և ձեռք բերված հմտություններից: Ինչն է մեզ խանգարում հստակ ծրագիր մշակել (պայմանական այն անվանենք «Ազգային կոշիկ»), ուսումնասիրել միջազգային շուկան, ներկրվող կոշիկների գին-որակ հարաբերակցությունը, մաքսային գները, կոշիկի արտադրության հանար ներկրվող նյութերի արժեքը, Հայաստանում դեռ պահպանված արտադրական հզորությունները, հաշվառել մասնագետներին: Պետք է հասկանալ՝ ինչու է տեղական արտադրողը մրցակցությունում պարտվում է: Անհրաժեշտության դեպքում մասնագիտացված կրթության հաստատություն հիմնել եւ այլն: Ի վերջո, կոշիկի արտադրությունը՝ դա նաեւ արվեստ է, իսկ այդ բնագավառում մեր ժողովուրդը հաստատ տաղանդավոր է: Չինաստանի կամ Բրազիլիայի հետ, որոնք էժան կոշիկ են արտադրում, մրցակցել պետք չի, շեշտը պետք է դնենք որակյալ, գեղեցիկ կոշիկ արտադրելու վրա, վերականգնել կոշիկի հայկական բրենդը: Այդ ոլորտի «հայականացման» ծրագիրը կխթանի նաեւ կաշվեգործությունը Հայաստանում, կոշիկի արտադրության համար այլ անհրաժեշտ նյութերի տեղական թողարկումը: Սա՝ շատ կարճ կոշիկի մասին:
Մյուս ոլորտը, որտեղ կարող ենք հաջողությունների հասնել, դա գյուղատնտեսության տարբեր ճյուղերն են: Օրինակ, մենք սիրում ենք պարծենալ մեր իսկապես համեղ մրգով, ուրեմն, կարող ենք այդ պարծանքը, այսպես ասած, նյութականացնել, բրենդավորել: Ով է մեզ խանգարում մրգային չրերի պատրաստումը վերածել ազգային ծրագրի: Չեմ կարծում, որ շատ մեծ ռեսուրս է հարկավոր այդպիսի ծրագիրը կյանքի կոչելու համար: Պետք է ընտրել այգեգործությամբ զբաղվող գյուղերը, դրամաշնորհների, էժան վարկերի միջոցով օգնել գյուղացուն ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ուսուցում կազմակերպել եւ այլն: Պետությունը պետք է օգնի գյուղացուն շուկա մտնել, սովորեցնի ճիշտ փաթեթավորել պրոդուկտը, մշակել գովազդային ռազմավարությունը, գործի դնի մեր դեսպանությունների պատասխանատուներին, այդ ծրագրի մասնակից դարձնի Սփյուռքը: Տեսեք քանի հարցեր դրանով կլուծվի` կնվազեցվի մրգի գնային տատանումները, գյուղացու կախվածությունը խոշոր վերամշակող գործարաններից, հաստատ կնվազեցնի արտագաղթն եւ այլն: Ի վերջո, ինքը` գյուղացին, ֆերմերը կլինի պետության, քաղաքացու, շուկայի համար ծառայությունների մատուցողը:
Շատ բան չենք պահանջում, առաջարկենք կառավարությանը մշակել եւ իրականացնել այս երկու ծրագիրը: Կստացվի, կմտածենք այլ ոլորտների մասին:
Բայց ինչն է այստեղ ամենակարևորը: «Հայականացման» ծրագրի որևէ բաղադրիչ չենք կարող իրականացնել, գլոբալ շուկայում նույնիսկ շատ փոքրիկ խաղացող չենք դառնա, եթե չլուծենք մի շարք, առաջին հայացքից այս թեմայի հետ կապ չունեցող խնդիրներ: Առաջին հերթին նկատի ունեմ ավիափոխադրումների բարձր գինը: Մենք արդեն մոռացել ենք «շրջափակում» հասկացությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի համար բացվել են ցամաքային բոլոր կոմունիկացիաները: Դեռ երկար ժամանակ օդային ճանապարհը մնալու է գրեթե միակը, ասենք, Հայաստան այցելողների համար: Մենք սպառիչ պատասխան չունենք, թե ինչու են այսքան բարձր ավիատոմսերի գները: Ավիաընկերությունները բողոքում են վառելիքի, ինքնաթիռների կանգառի, այլ գետնային ծառայությունների բարձր գներից: Ուրեմն, նորից մոնիտորինգի, պետության կողմից միջամտության խնդիր է առաջանում: Եթե կառավարությունը քաղաքական կամք ունենա ավիացիոն ոլորտը կարգավորելու, ավիափոխադրումների գներն իջեցնելու, ապա կավելանա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, կմեծանա տեղական ապրանքների, հենց նույն կոշիկի կամ չրերի սպառումը: Կավելանա սպառումն այստեղ՝ կարող ենք նույն այդ ապրանքների արտահանումը ավելի արդյունավետ կազմակերպել, քանի որ այլ երկրներում դրանք զբոսաշրջիկների շնորհիվ արդեն ճանաչվախ կլինեն:
Նույնը վերաբերվում է հյուրանոցներին՝ եւ գներն են բարձր, եւ ստեղծված չի «էկոնոմ» կարգի հյուրանոցների ցանց, որտեղ կարող են իջեւանել միջին դասին պատկանող այցելուները, ուսանողները: Եթե կառավարությունը լուրջ չզբաղվի օդային փոխադրումների եւ հյուրանոցների գների նվազեցման խնդրով, ապա մի շարք ոլորտներում մեր մրցակցային առավելությունները պարզապես զրոյի կհավասարվեն: Օրինակ, սրտանոդային վիրահատությնների գները Հայաստանում մրցունակ են, սակայն եթե վիրահատության արժեքին ավելացնում ենք ավիատոմսերի եւ հյուրանոցի գինը, կարող է ստացվել այնպես, որ բուժվելու համար մեր երկիրն արդեն հրապուրիչ չի լինի:
Փոքր ձեռնարկատիրական գործունեության խրախուսման տեսանկյունից մի հասարակ մոտեցում ասեմ: Կարծում եմ ֆիզիկական անձանց (հիմնականում freelancer) և անհատ ձեռներեցների, որոնք իրենց աշխատանքով որոշակի միջին եկամուտ են ապահովում և իրենց ընտանիքները պահում, մինչև որոշակի տարեկան միջին շրջանառություն պետք է ընդհանրապես ազատել հաշվապահական հաշվետվություններից և պարզապես արտոնագրային կարգով ֆիքսված հարկ սահմանել:
Թերևս այսքանը, չնայած «հայականացման» ծրագրի ասպեկտների մասին կարելի է անվերջ խոսել…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more