▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի եղբայրն եմ, պատիվ ունեմ.Աթեշյանի սկանդալային ասուլիսը

Այսօր հայ լրագրողներին է հանդիպել Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը, ով հարցին, թե ինչպե՞ս ներկայացնեն իրեն՝ ասաց.

«Պոլսո պատրիարքի աթոռի միաբան, բայց ես դեռ փոխանորդ եմ, քանի որ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը թուրքական կառավարության կողմից չի ընդունվել: 2010 թվականին ես ընտրվեցի փոխանորդ, որովհետև պատրիարքը հիվանդ էր, անկողին ընկավ: Որոշել էինք աթոռակից ընտրել, դիմեցինք պետությանը: Պատրիարքին աթոռից զրկելու մարմին չկար, նա ցմահ է: Եկեղեցու համագումարն ինձ ընտրեց: 8 տարվա մեջ շատ գործեր արեցի, բայց ոչ ոք չխոսեց իմ արձանագրած հաջողությունների մասին: Միշտ ասում էին, թե Աթեշյանը Էրդողանի եղբայրն է: Ես ասել եմ, որ պատիվ ունեմ: Թուրքիայի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, նախարարների հետ լավ եմ, դրանցից համայնքս է շահում»:

Արամ Աթեշյանը հիշեց ու հիշեցրեց, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պաշտամունքի վերաբացելու և գմբեթին խաչ տեղադրելու արտոնությունը իր շնորհիվ է եղել: Ամեն ինչ արել է, որ ստամբուլաբնակ հայ  երեխաները կարողանան ընդունվել վարժարաններ ու կրթություն ստանալ։  Փլատակների վերածված Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս Եկեղեցին է վերանորոգել:

«Դեպի Պատրիարքարան տանող ճամփան նեղ էր, խանութներ, ճաշարաններ էին, մեր բոլոր պատրիարքները միշտ ցանկացել են, որ այն լայն լինի ու մեքենաները կարողանան անցնել հեշտությամբ: Չէին կարողացել ի կատար ածել դա, բայց ես արեցի, բոլոր խանութները քանդել տվեցի»,-նշեց նա:

Աթեշյանն անդրադարձավ նաև հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հետ կապված Պոլսո հայ համայնքի անունից Էրդողանից ներողություն խնդրելուն: Հիշեցնենք՝  ասել էր, թե հայերը վիրավորվել ու ցավով են ընդունել այդ որոշումը:

«Նամակը միայն ես չեմ գրել, ավելին՝ նախքան գրելը բացել ու կարդացել ենք նախորդների գրությունները: Պարզվեց՝ բոլորն էլ նույն ձևով են գրել, նրանց եմ հետևել: Ես ոչ գրել եմ, որ ցեղասպանություն է եղել, ոչ էլ այն, որ չի եղել: Պետք չէ, որ երրորդ երկրները խառնվեն այս գործին»:

Արամ Աթեշյանը անդրադարձավ նաև ծպտյալ հայերին, ասաց, որ մենք ամեն ինչ չափազանցված ենք ներկայացնում, նրանց թիվը հազիվ 100.000 լինի.

«Գալիս են, թե իմ մեծ մայրս հայ էր: Է, ա՛յ բարեկամ, եթե մեծ հայրդ էլ տաջիկ էր, դու ո՞ւմ արյունն ես շարունակում, հորդ: Դու հայ չես կարող լինել, եթե հայ ես, արի մկրտվի»:

Նա ասաց, որ պետք է վերադառնա նախկին վիճակը, նոր խոսեն ընտրության մասին, այդ ժամանակ էլ ինքն իր անելիքը կորոշի: Գուցե լինի թեկնածու, գուցե՝ ոչ:

Աթեշյանը խոսեց նաև Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի մասին՝ ընդգծելով, որ Թուրքիայի խորհրդարանում պետք է այնպես խոսի, որպեսզի պոլսահայերին չվնասի:

«Ասել եմ՝ եթե գոռաս ու բան փոխվի՝ արա՛, եթե ոչ՝ մի՛ արա: Հայ համայնքն անհանգիստ է պառլամենտի մեջ իր խոսելու, գոռալու, կանչելու համար, որովհետեւ մենք կկորցնենք մեր իրավունքները: Հայաստանի մեջ ազատ-ազատ խոսում եք, մեր տեղը դուք չեք և չեք հասկանում մեզ»,-եզրափակեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին