▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ՍՈՆԱ


«Սերը կրքերից ամենաուժեղն է, որովհետև նա միաժամանակ տիրում է գլխին, սրտին և մարմնին»:
Ֆ. ՎՈԼՏԵՐ


Ա


Ինչ մեղք ունի այս մանուշակը, որը ծնվել է ուշ աշնանը: Նա գեղեցիկ է, բուրումնավետ: Նա հրաշք է այս մերկ ու խանձված դաշտերի մեջ: Նա տխուր է, շա՜տ է տխուր: Նա մենակ է. երկար կյանք չունի: Շուտով կսկսվեն ցրտաշունչ քամիները: Նրան մեղադրում են, թե դուրս է ընկել ժամանակից: Իսկ ո՞վ է հնարել, թե գեղեցիկը ժամանակի մեջ է միայն: Այս ծաղիկը եկել է հակառակն ասելու: Գեղեցիկ ու ըմբոստ է այս ծաղիկը: Նա՛ էլ ապրելու իրավունք ունի:
Միքայելը հիսունն անց տղամարդ էր՝ ճաղատ գլխով, ամրակազմ, լայն դեմքով, մշտաժպիտ աչքերով: Քիթը, բերանը, ականջները ներդաշնակ էին, ինչը նրան գեղեցիկ տղամարդու տեսք էր հաղորդում: Բնավորությամբ հանգիստ էր, հանդուրժող: Շրջապատի մարդիկ չէին հիշում, թե երբ են նրան զայրացած տեսել: Ռոմանտիկ էր, սիրում
էր դասական երաժշտություն: Եվ քանի որ ծնողների միակ զավակն էր, նրան ամուսնացրին 19 տարեկանում, հոր ընկերոջ աղջկա` Գոհարի հետ: Դե, այդ տարիքում ում էլ
առաջարկեն ամուսնանալ, դժվար թե հրաժարվի: Կարծես
թե երկուսն էլ դժգոհ չէին ամուսնությունից,
երկուսն էլ ամուսնության ընթացքում համալսարանն
ավարտեցին: Երկու տղա ունեցան: Միքայելը մասնագիտությամբ պատմաբան էր, բայց մասնագիտությամբ այդպես էլ չաշխատեց: Հոր ունեցած դրամագլխով խանութ բացեց: Կամաց- կամաց ընդլայնեց
բիզնեսը, գործերը վատ չէին գնում, եկամուտներն ավելանում էին: Ամենից դժվարը աշխատողներ, հատկապես վաճառողներ ճարելն էր: Միքայելը կարևոր էր համարում, որ
խանութում աշխատեն աղջիկներ, որոնց ժպիտն ու գեղեցկությունը որպես հյուրասիրություն մատուցի
հաճախորդներին: Չէ որ մարդու աչքերը ծնված օրից գեղեցկություն են որոնում: Միքայելը մտածում էր, որ գեղեցիկ ժպիտն էլ է ապրանք, այն վաճառվող ապրանքի հետ պետք է տրվի հաճախորդին: Հաճախորդ կա, որ այդ ժպիտի համար է խանութ մտնում: Տարիների փորձը նրան
բերել էր այդ համոզման:


Բ


Ընդամենը երեք տարի առաջ էր, զանգեց իր մանկական ընկերը` Վասակը.
- Լսել եմ աշխատողների կարիք ունես, անցած
օրը գյուղ էի գնացել՝ քրոջս տեսության, հարևանի
կինը եկավ, յոթ աղջիկ ունի, աշխատանք չունեն,
սովից կոտորվում են, խնդրեց աղջիկներից գոնե մեկի համար աշխատանք գտնեմ:
Միքայելը կատակեց, թե ամենագեղեցիկին ուղարկի, թող գա: Մի քանի օր հետո աշխատասենյակի դուռը թակեցին, ներս մտավ բարձրահասակ, սպիտակ մաշկով, լուսնի աչքերով մի աղջիկ: Նա շագանակագույն, խիտ մազեր ուներ, որոնք մի տեսակ նազանքով թափվել էին ուսերին ու նրա մարմնին յուրատեսակ նրբագեղություն էին հաղորդում:
Մաշված վերարկուի վրայից կապված էժանագին շարֆը չէր կարող թաքցնել նրա գեղեցիկ ու երկար պարանոցը:
Բարևելիս թեթևակի ժպտաց: Աստված իմ, գյուղացի այս աղջկան որտեղի՞ց այսքան գեղեցիկ ժպիտ: Միքայելը մտքում իր վրա սկսեց ծիծաղել, թե ժպիտի գեղեցկությունն ինչ կապ ունի գյուղի հետ, ժպիտը Աստծու կողմից տրված պարգև է: Եվ ինչպես մարդու աչքերը, մատների հետքերը, ձայնը, ժպիտն էլ խիստ անհատական է, ուղղակի գիտնականներն այն դեռևս չեն հաստատել, ոչ մեկի ժպիտը նման չէ մյուսին:
Միքայելը նայում էր աղջկան ու չէր խոսում, միայն գլխով հասկացրեց, որ նա նստի: Աղջիկը կարծես սառնություն զգաց, ու նրա երեսի ժպիտը կորավ: Միքայելի երևակայությունն սկսվեց վառվել, պատկերացրեց, թե այդ էժանագին շորերի ներսում ի՜նչ գեղեցիկ մարմին է թաքնված: Ինքն իրեն հանդիմանեց. «Միքայե՛լ, քեզ հետ ի՛նչ կատարվեց», և իրեն հավաքելով հարցրեց.
- Ի՞նչ է Ձեր անունը:
- Տատիս անունն է, Սոնա:
Միքայելին թվաց, որ նրա ձայնը գեղեցիկ
երաժշտության
է նման: Հետո աղջիկն արձակեց
շարֆը` ցուցադրելով պարանոցի գեղեցկությունը:
Միքայելը հարցրեց.
- Սոնա՛, որևէ տեղ աշխատե՞լ ես:
- Աշխատել եմ գրախանութում վաճառող:
- Ի՞նչ կրթություն ունես:
- Գյուղի միջնակարգ դպրոցն եմ ավարտել, ուզում էի համալսարան ընդունվել, չստացվեց: Միքայելը միանգամից որոշեց նրան աշխատանքի ընդունել, կանչեց մենեջերին, կարգադրեց ձևակերպել: Սոնան նազանքով տեղից վեր կացավ, հաղթական ժպիտով շնորհակալություն հայտնեց և մարմնացուցադրումով հեռացավ: Միքայելը զանգեց ընկերոջը, շնորհակալություն հայտնեց աղջկա համար և ասաց՝ կարծես թե իր ուզածն է: Վասակը ծիծաղեց` խորհուրդ տալով շատ չոգևորվել: Հաջորդ առավոտյան, երբ Միքայելն արթնացավ, միակ ցանկությունն այն էր, որ գնա գործի, որ նորից ըմբոշխնի Սոնայի ժպիտը: Երբ մտավ խանութ, աչքերը նրան էին որոնում: Ինքն իրեն հարցրեց` կարո՞ղ է սիրահարվել ես, հետո, թե՝ էդ ե՞րբ կարգին տեսար, որ սիրահարվեցիր: Բայց սերն առաջանում է անսպասելիորեն, բավական է մի հրապուրիչ գիծ, որ խոցի մարդու սիրտը և նրան դարձնի դիմացինի գերին: Երբ մտավ խանութ, Սոնան հագուստեղենի շարքերի մեջ էր: Խանութի
արտահագուստը նրան ավելի էր գեղեցկացրել:
Նա ժպտալով բարևեց՝ կենտրոնացած իր գործերի վրա: Միքայելը կանգնել էր շվարած, հետո համարձակություն ունեցավ մոտենալ նրան ու հարցնել.
- Աշխատանքը դուրդ գալի՞ս է, ծանոթացե՞լ ես գործընկերներիդ հետ:
- Մանկուց եմ երազել շորերի խանութում աշխատել, գեղեցիկ շորեր շատ եմ սիրում:
Խանութը մասնագիտացել էր իտալական հագուստի վաճառքով: Միքայելը նկատեց, թե նա ինչ ակնածանքով է նայում հագուստեղենին: Մոտեցավ և ցածրաձայն ասաց.
- Ամենալավ շորը ընտրիր, ես այն կնվիրեմ քեզ:
Սոնան շնորհակալություն հայտնեց և հրաժարվեց: Միքայելն ավելացրեց, որ կատակ չի անում ու գնաց աշխատասենյակ: Նստեց աթոռին ու սկսեց ինքն իրեն հանդիմանել: Խոստացավ նրան այլևս չնկատել: Կեսօրին աշխատասենյակ մտավ մենեջերը Սոնայի հետ: Նրա աշխատանքի ընդունման թուղթն էր բերել և, ընդունված կարգի համաձայն, նրան էլ հետն էր բերել, որ ինքը Սոնայի հետ վերջնական զրույց անցկացնի: Առանց գլուխը բարձրացնելու՝ թղթերը ստորագրեց, Սոնային ցանկացավ հաջողություն: Վերջում իրեն չկարողացավ զսպել, ավելացրեց` նվերի առումով առաջարկությունս ուժի մեջ է: Հանկարծ ինքն իրեն բռնեց այն մտքի վրա, որ Սոնային սիրահարված է: Սերն առաջանում է անսպասելիորեն, գուցեև՝ բնազդորեն: Նրա ժպիտն ու աչքերը բավական էին, որ խոցեին իր սիրտը: Միքայելն անմտորեն սպասում էր իր խելահեղության ավարտին: Նա չէր հասկանում, թե դա իրեն մինչև ուր կհասցնի: Երեկոյան նրան ռեստորան հրավիրեց՝ պատճառաբանելով, թե ուզում է նշել նրա աշխատանքի
ընդունվելը: Սոնան չառարկեց: Հերթական անգամ, երբ դուրս էին գալիս ռեստորանից, Սոնային հրավիրեց իր բնակարաններից մեկը, որտեղ կրակոտ գիշեր անցկացրին: Առավոտյան երդվեց, որ այն այլևս չի կրկնվելու: Սակայն սերը նման է համաճարակի, որքան շատ ես նրանից վախենում, այնքան անպաշտպան ես դառնում նրա հանդեպ:Սիրո իշխանությունը միայն իր ստրուկներին է ճանաչում: Նրանց հանդիպումները շարունակվում էին ու շարունակվում: Սոնան, զգալով, որ Միքայելը մինչև ականջները սիրահարված է, իրեն դրության տեր էր զգում: Այս կամ այն առիթով Միքայելից գումարներ էր խնդրում և ստանում: Խանութում նրա հետ բոլորը հաշվի էին նստում:
Նրա հագուստը թանկարժեք էր, բարձրաճաշակ: Տարիների ընթացքում Միքայելը նրա քույրերին, նույնիսկ ծնողներին աշխատանքի տեղավորեց, նորոգեց գյուղի նրանց տունը: Սոնայի համար առանձին բնակարան էլ գնեց: Ժամանակի ընթացքում կինը` Ժենյան, իմացավ այդ կապի մասին, որը նրանց ամուսնալուծության պատճառ դարձավ: Նրանց հանդիպումից արդեն անցել էր վեց տարի, սակայն Միքայելը նրան սիրում էր առաջվա պես, նույնիսկ մտքով անցկացնում էր նրա հետ ամուսնանալ: Չնայած տարիքային տարբերությունը մեծ էր` շուրջ 26 տարի, սակայն նրանք այնքան էին մտերմացել ու այնքան էին կապվել, որ տարբերությունը չէին զգում: Նրանց ամեն մի հանդիպում վերածվում էր սիրո խոստովանության կամ սիրո նորոգմանը նվիրված մի արարողության: Սոնայի սերը Միքայելի համար մի ուրախություն էր, որը արևի լույս էր տալիս նրան, ու այդ լույսից հրաժարվելը նրա համար դարձել էր անհնարին:


Գ


Հերթական հանդիպումից հետո Սոնան Միքայելին հայտնեց, որ մի տղայի հետ է ծանոթացել և ցանկանում է ամուսնանալ: Ասես պարզ երկնքում կայծակ խփեց: Միքայելը փորձեց ինչ-որ բան ասել, սակայն բառեր չգտավ: Սոնան, թե՝ «Այդպես էլ գիտեի, որ վատ կզգաս, բայց ես այդ տղային սիրում եմ»: Դրանով իրենց սիրո վերջակետը դրվեց: Միքայելին ժամանակ էր պետք համակերպվելու համար: Իրեն սփոփելու նպատակով հաճախ կրկնում էր հայտնի փիլիսոփայի խոսքերը, թե «Սերը նման է տեսիլքի, ինքը կա, թե դու նրան հավատում ես, իսկ եթե չես հավատում, նա չկա»: Բայց չէ, իր սերն այդպիսին չէր, այն ավելին էր, քան տեսիլքը: Սոնային մոռանալն իր համար անհնարին էր: Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ աշխատանքից: Իրենք չէին հանդիպում: Սակայն Սոնան երբեմն զանգում, գումար էր խնդրում: Ինքը չէր մերժում, բայց չէր էլ ակնարկում նորից հանդիպելու մասին: Մտածում էր` թող երջանիկ լինի: Նույնիսկ սկսել էր նախկին կնոջ հետ կապերը վերականգնելու մասին մտածել: Փետրվար ամիսն էր, Սոնան նորից զանգեց: Զարմանալի էր, բայց գումար չէր խնդրում, ուզում էր հանդիպել` ասելով, որ կարոտել է, ինքն առարկեց, թե՝ «Չարժե, դու արդեն ուրիշինն ես»: Սոնան
համառորեն պնդում էր ու պնդում: Հետո էլ սկսեց խորամանկել, թե կարևոր բան ունի ասելու: Միքայելն առաջարկեց որևէ սրճարանում հանդիպել, սակայն Սոնան խնդրեց Միքայելի բնակարանում հանդիպել: Դա նշանակում էր` նախկին հարաբերությունները վերականգնել: Սակայն Սոնան այնքան թախանձագին էր խնդրում ու խոստանում` մեկ անգամ ու վերջ, որ Միքայելն ի վերջո տեղի տվեց: Սոնան նրա մեջ շատ խորն էր նստած, Սոնան նրա բնազդներն այնքան էր կառավարել, որ դրանք արթնացնելն իր համար խնդիր չէր: Պայմանավորվեցին հանդիպել: Երբ Միքայելը ներս մտավ, Սոնան արդեն տանն էր: Միքայելը նրանից բանալին այդպես էլ չէր վերցրել: Միքայելը նախկինի
նման փաթաթվեց նրան, ցանկացավ համբուրել: Հանկարծ աջ ուսի շրջանում սուր ցավ զգաց, շրջվեց, հետևում մի հաղթանդամ, երիտասարդ տղա էր կանգնած, դանակը` ձեռքին: Նա ուզում էր էլի հարվածներ հասցնել, Միքայելը փորձեց պաշտպանվել, վերցրեց ձեռքի տակ ընկած աթոռը, բայց ոչինչ չէր կարող անել, ուժասպառ էր, արնաքամ էր լինում, թուլացած ընկել էր: Նա օգնություն աղերսեց Սոնայից, Սոնան արհամարհանքով գլուխը թեքեց: Երիտասարդն էլի հարվածեց Միքայելին՝ ասելով, որ ինքը վրեժ է լուծում այն բանի համար, որ նա ժամանակին սիրավեպ է ունեցել իր կնոջ հետ: Իսկ հիմա առավել քան զայրացած է, որ էլի է Սոնայի հետ եկել հանդիպման: Միքայելը նայեց Սոնային ու լռեց: Պարզ էր՝ Սոնան Միքայելի համար ծուղակ էր սարքել: Բայց սա սոսկ վրեժ չէր, ծրագրված թալան էր…Թալան ոչ միայն գումարի, այլև Միքայելի կյանքի, ոգու, հույսի, այդ տարիքն առած մարդու մեջ մնացած սիրո, ուշացած սիրո…Ինչ սեր…Սա պատիժ էր, խաբեություն, դիվային մի ուժ, որ կործանիչ էր…
Երիտասարդը պահանջեց երկաթյա պահարանի բանալիները, որտեղ գումար էր պահված: «Ըհը, ուրեմն Սոնան տղային գումարի համար է բերել»: Սոնան աթոռը դրեց ոտքի տակ, բարձրացավ, որ պահարանի բանալիները վերցնի: Բարձրանալիս Սոնայի ոտքերի մերկությունը Միքայելի մեջ դարձյալ զգացողություններ առաջացրին: Միքայելը մտածեց, որ մարդու մոտ բնազդները իշխաններ են, և մեզ է թվում, թե նրանք մեր հպատակներն են, որովհետև մահվան շեմին անգամ այդ բնազդները չեն նահանջում: Երիտասարդը բացեց երկաթյա պահարանի դուռը, այնտեղ գումար չկար, ինչ-որ բանալիներ էին: Նա զայրացած շրջվեց դեպի Սոնան.
- Դու ինձ խաբեցիր, այստեղ գումար չկա, պատասխան ես տալու ու հարձակվեց Սոնայի վրա:
Սոնան ասաց.
- Այդտեղ միշտ էլ գումար է եղել, ճիշտ եմ ասել, նրանից հարցրու, թե ուր է տեղափոխել:
Երիտասարդը, որի անունը Արմեն էր, դանակը ձեռքին մոտեցավ Միքայելին ու գոռալով հարցրեց, թե որտե՞ղ են գումարները:
Միքայելը հայտնեց, որ վաղուց այդտեղ գումարներ չի պահում, այլ բնակարանում է պահում, պահարանում
հայտնաբերված բանալիներն էլ այդ տան և այդտեղ գտնվող երկաթյա պահարանի բանալիներն են, ու տվեց տան հասցեն` ասելով, որ այնտեղ ոչ ոք չի բնակվում: Միքայելը գիտեր, որ, միևնույն է, ինքը չի ապրելու ու դանակի սպառնալիքի ազդեցության տակ չէր, որ ասաց գումարի
տեղը… Արմենը գնաց այդ հասցեով: Մնացին Միքայելը
և իր սիրելի Սոնան, որ պիտի մնար այնքան, մինչև Արմենը գումարը վերցրած գար: Միքայելը նոր նկատեց, որ նրա երկար պարանոցը շարֆով էր փաթաթված, ինչպես առաջին հանդիպման ժամանակ, բայց այս անգամ թանկարժեք ու նրբաճաշակ:
Միքայելի նվիրածն էր: Միայն թե այս անգամ նա շարֆը արձակելու և գեղեցիկ պարանոցը ցուցադրելու անհրաժեշտություն չուներ: Միքայելը հույս ուներ, թե երիտասարդը ստիպողաբար է Սոնային բերել, ու հիմա, երբ երկուսով մնացին, Սոնան իրեն կփրկի: Չարաչար սխալվում
էր: Սոնային էլի խնդրեց օգնել իրեն, շտապ օգնություն
կանչել կամ մի բան անել, որ արնաքամ չլինի, և խոստացավ, որ ոստիկանությանը չի հանձնի: Սոնան քմծիծաղ տվեց` ասելով. «Մտքովդ անգամ չանցկացնես»: Արյունը հոսում էր, թափվում հատակին, ինքը նայում էր Սոնային, նայում
էր նրա գեղեցիկ աչքերին, ամեն ինչ նույնն էր, բայց նախկին ժպիտը չկար, այն ժպիտը, որն իրեն դարձրեց նրա գերին: Ուրեմն կեղծ էր այդ ժպիտը, կախարդանք էր դա, ինքը դևի էր հանդիպել, նրա մեջ սատանան էր նստած եղել, ու ինքը դա չէր նկատել: Սիրո առաջին թշնամին բանականությունն է: Սերը դա լավ է հասկանում, և պատահական չէ, որ առաջին հարվածը հենց նրան է հասցնում ու թե այդտեղ հաջողության չհասավ, ետ է դառնում, նահանջում է: Պարզվեց, որ իր բանականությունը թույլ ու անզոր է գտնվել:
Հետո Միքայելն սկսեց ինքն իրեն մեղադրել, որ չկարողացավ Սոնայից այնպիսի աղջիկ ստեղծել, որին սիրում էր, իր մեղքն է, ինքը սխալվում էր՝ մտածելով, որ նրա համար ամեն ինչ անելով նրա սիրտը կառնի, չէ՛, չէ՛: Ի՞նչ է հարուստի և աղքատի սերը. փող ունեցողը մտածում է, թե փողն ի՞նչ է՝ կարևորը իսկական սերն է, աղքատն էլ մտածում է, թե սերն ի՞նչ է՝ գլխավորը փող ունենալն է: Եվ դա բնական է, ամեն մեկն ուզում է ունենալ այն, ինչ չունի: Սերն էլ է առևտուր: Այո, առևտուր է դառնում, եթե երկկողմանի չէ: Միքայելը չէր խոսում, ուղղակի նայում էր իր դահճին: Սոնան զայրացավ.
- Ի՞նչ ես ապուշի նման նայում, ի՞նչ կա:
Հիշեց ընկերոջ` Վասակի խոսքերը. «Կնոջ համար տղամարդու ամենակարևոր էրոգեն գոտին նրա դրամապանակն է»:
- Չէ, - պատասխանեց Միքայելը, - ավելի հեշտ է սիրել հիշողությունը, քան կենդանի մարդուն:
Սոնայի դեմքի ոչ մի մկանը չշարժվեց, միայն զայրացած նետեց.
- Ավելի լավ է չխոսես: Միայն թե ասա՝ Արմենին ո՞ւր ուղարկեցիր, իրո՞ք այդ տանը փող կա:
- Սոնա՛, ես երբեք չեմ ստել: Ես քեզ հետ միշտ էլ անկեղծ եմ եղել:
- Կտեսնենք:
Միքայելի դեմքին թեթև ժպիտ երևաց, որը զայրացրեց Սոնային.
- Այս վիճակում ժպտո՞ւմ ես էլ:
Քիչ հետո հնչեց հեռախոսի զանգը: Արմենն էր, հավանաբար գումարը գտել էր: Սոնան շրջվեց դեպի իրեն ու նետեց.
- Դու իրոք չէիր խաբում:
Նա նախապես պատրաստած վառելանյութը լցրեց հատակին, վառեց լուցկին, մատները դրեց շրթունքներին` ասելով. «Մնաս բարով, սիրելիս»:
Այդ պահին Միքայելը զգաց նրա շուրթերի համը և ինքն իրեն ասաց. «Գուցե ողբերգություն չէ սիրահարվելը, ողբերգություն է, երբ այն չի անցնում»: Կրակը մոտենում էր Միքայելին, նա փակեց աչքերը: Զարմանալի է` Սոնայի նկատմամբ ատելություն  չէր զգում: Տունն այրվեց, Միքայելի կենդանի մարմինն էլ հետը: Շատերը Միքայելին մեղադրեցին ուշ տարիքում սեր ունենալու մեջ: Մարդն ի՞նչ մեղք ունի, որ սերը այցի է գալիս ուշ տարիքում: Նրան անտեսելը նույնն է, թե ասես ուշացած հյուրը հյուր չէ կամ թե արևը միայն ամռանը պետք է ջերմացնի: Ոչ ոք ի զորու չէ հրաժարվել արևի լույսից, նրա ջերմությունից:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

 Համզան

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին