▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համզան. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ՀԱՄԶԱՆ

 

Երիտասարդ տարիներիս իմ ընկերների մեծ մասը տարիքն առած, կյանքի ճանապարհ անցած մարդիկ էին, նրանք իմ ավագ խորհրդատուներն էին: Իմ հաջողությունների համար ես պարտական եմ նաև նրանց: Նրանցից մեկը Արմեն Գարուշիչն էր, ով թեև կարգին կրթություն չէր ստացել, սակայն կյանքի խորագետ էր ու լավ փիլիսոփա: Մի առիթով ինձ ասաց, որ ռեստորան գնալիս կամ տաքսի նստելիս նախ պետք է ճշտեմ մատուցողի կամ վարորդի անունը, խոսքեր շռայլեմ նրանց հասցեին: Չէ՞ որ երկուսին էլ քո կյանքն ու առողջությունն ես վստահում: Ես նրա խորհուրդը տարիներ ի վեր պահպանում եմ: Գերմանիայի Թյուրինգեն քաղաքում էի, տաքսի նստեցի, չգիտես ինչու ռուսերենով փորձեցի ճշտել վարորդի անունը: Նա ռուսերեն հասկանում էր (հավանաբար Արևելյան Գերմանիայից էր): Նա ինձ ասաց իր անունը` Համզա:
Նրա անունն ինձ զարմացրեց: Ղեկին նստածը տիպիկ գերմանացի էր` կապույտին տվող աչքերով, նիհարավուն կազմվածքով, քիչ դեղնած դեմքով, մարմնին նայելիս կարելի էր ասել, որ բարձր հասակ ունի: Դեմքը տխուր էր ու մտահոգ: Ճանապարհը երկար էր, որոշեցի նրա հետ զրույցի բռնվել: Բնականաբար առաջին հարցը վերաբերեց նրա անվանը:
- Դուք գերմանացու դեմք ունեք, ինչո՞ւ է Ձեր անունը Համզա:
Նրա դեմքը մթնեց.
- Երկար պատմություն է։
Հետաքրքրությունս շարժվեց, զգացի, որ անսովոր մի դիպվածի հետ գործ ունեմ։
- Այնուհանդերձ,- ասացի,- ցանկալի է իմանալ։
- Փորձեմ կարճ պատմել: Իրոք, մերոնք տոհմիկ գերմանացիներ են, կաթոլիկ: Տատիկս` Ֆրաու Յիտան, խոր քրիստոնյա էր: Եկեղեցու պատարագները բաց չէր թողնում: Ինձ էլ էր հետը տանում: Ես երգում էի եկեղեցու երգչախմբում: Դպրոցից հետո վարորդական դասընթացը ավարտեցի: Սկսեցի տաքսի
ավտոմեքենա վարել ու այդպես մինչև այսօր: Գործատուն ինձնից գոհ էր, կարողանում էի մարդկանց հետ շփվել, հաճախորդներ շատ ունեի, վարձատրությունն էլ վատ չէր: Տատիկս ինձ հորդորում էր ամուսնանալ, ընտանիք կազմել: Մայրս թեկնածուներ էր որոնում: Սակայն ոչ մեկը իմ սրտով չէր, չէր ստացվում ու չէր ստացվում: Արդեն երեսուն տարեկան էի: Աշնանային օր էր, սովորականի նման մտա գրասենյակ` պատվերներ ստանալու: Երբ ներս մտա, տեսա մի աղջկա, որը, ինչպես հետո պարզվեց, մեզ մոտ նոր էր աշխատանքի ընդունվել: Պատվերներն էր համակարգում: Իմ գործատու Սամուելը ինձ ծանոթացրեց նրա հետ: Նրա անունը Ֆաթիմա էր: Նրա
փարթամ մազերը դուրս էին թափվել գլխաշորի տակից: «Բանտարկված գեղեցկություն», մտածեցի ես: Նրա աչքերը խոշոր էին, սև ու փայլուն, որոնք բոցավառվում էին անապատի արևի նման, շուրթերը հաստ էին, բայց նրբագեղ: Աչքերի և շուրթերի դաշնությունն ընդգծում էին այն գերբնական ուժը, որը կարող է մագնիսի նման դեպի իրեն ձգել ցանկացած տղամարդու: Ես բացառություն չէի: Ֆաթիման ընդամենը տասնինը տարեկան էր: Սլացիկ հասակ ուներ: Հետո նա ընդհատեց իր պատմությունը, ինձ թվաց, թե նրբանկատորեն ուզում էր ճշտել՝ ցանկություն ունե՞մ լսելու իր պատմությունը: Ես խախտեցի լռությունը:
- Համզա՛, ինչու ընդհատեցիր, շարունակիր, - ասացի ես:
Համզան շարունակեց.
- Դե, ինչ ասեմ, ես մինչև ականջներս սիրահարվեցի այդ աղջկան: Գործատեր Սամուելը դա նկատել էր և կեսկատակ, կեսլուրջ ասաց.
- Պարո՛ն Յորգեն, այնպես արա՝ աշխատանքդ չկորցնես:
- Իրոք, իմ աչքին աշխատանքը չէր գալիս, առիթ էի փնտրում, որ մտնեմ գրասենյակ և տեսնեմ Ֆաթիմային:
Ժամանակի ընթացքում ես մտերմացա նրա հետ: Սկսեցինք հանդիպել: Ես զգում էի, որ նա էլ իմ նկատմամբ անտարբեր չէ: Հանդիպում էինք: Ես նրան սիրո խոստովանություն արեցի, իսկ հետո` ամուսնության առաջարկ: Նա ինձ ասաց, որ ինքն էլ է համակրում ինձ, բայց ամուսնանալ չի կարող, լուրջ խոչընդոտ կա. ինքը մուսուլման է, և հարազատները թույլ չեն տա, որ ամուսնանա քրիստոնյայի հետ: Եվ որպես ելք առաջարկեց, որ ես իսլամ ընդունեմ: Երբ տնեցիներն այդ մասին իմացան, ուղղակի ասացին, որ այդ դեպքում ես իրենց համար գոյություն չունեմ: Տատս իմ զանգերին չէր պատասխանում: Նույնիսկ պատվիրել էր, որ իր մահվան դեպքում թաղմանը չմասնակցեմ: Ծնողներս այդպես էլ արեցին, նրա մահվան մասին ինձ չտեղեկացրին: Հիմա ես հաճախակի ծաղիկներ եմ տանում նրա գերեզմանին ու չգիտեմ, թե գոնե այն աշխարհում նա ինձ ներե՞լ է, թե՞ ոչ: Սրտիս վրա մի մեծ խոց մնաց… Սիրո համար փակ ճանապարհներ չկան: Ես համաձայնեցի իսլամ ընդունել: Այդ նպատակով գնացի Ստամբուլ, որտեղ Ֆաթիմայի եղբայրը` Մուստաֆան, ինձ տարավ մզկիթ, և իսլամի բոլոր կանոններով ես մուսուլման դարձա: Իմ անունն էլ փոխեցին: Չգիտես ինչու մոլլան ինձ անվանակոչեց Համզա: Այնուհետև ես ու Ֆաթիման ամուսնացանք: Ես շատ երջանիկ էի:
Այստեղ Համզան նորից ընդհատեց պատմությունը: Այս անգամ ես նրա աչքերում արցունքներ նկատեցի: Անտեղի համարեցի պնդել, թե շարունակի
պատմությունը: Որոշ ժամանակ մենք լուռ էինք, ամեն մեկն իր մտքերի հետ: Հետո Համզան խախտեց լռությունը.
- Ամուսնության սկզբում մենք երջանիկ էինք: Երկու երեխա ունեցանք: Հետո սկսեցին խնդիրներ առաջանալ: Մեր մշակույթների տարբերությունը
սկսեց զգացնել տալ: Ֆաթիման վերցրեց երկու երեխաներին և գնաց Ստամբուլ: Ես մենակ մնացի: Որոշ ժամանակ անց ես գնացի նրանց հետևից, բայց իզուր: Նա ինձ չընդունեց: Մուստաֆայի հետ վիճաբանություններ ունեցա, բանը հասավ ծեծկռտուքի: Ֆաթիման անցավ եղբոր կողմը: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան վերադառնալ հայրենիք: Մինչև այսօր ես ո՛չ Ֆաթիմայից, ո՛չ երեխաներից որևէ լուր չունեմ:
- Համզա, չե՞ս ուզում նախկին անունդ վերականգնել:
- Չէ, ինչի՞ համար, Ֆաթիմայի սիրուց մնացած իմ միակ հիշատակն է:
- Իսկ կրո՞նդ:
- Չէ, դա էլ չեմ արել, ես գնալով այդ կրոնի հավատավորը դարձա, մզկիթ եմ հաճախում, աղոթում ինչպես մնացած մուսուլմանները, ղուրանի գաղափարներն ինձ դուր են գալիս: Եվ հետո էլ՝ կրոնները միմյանցից տարբերվում են միայն դեկորացիաներով:
- Համզա՛, իսկ ո՞րն էր քո և Ֆաթիմայի բաժանման հիմնական պատճառը:
- Նա պնդում էր, որ այս երկրում հնարավոր չէ երեխաներին իսկական մուսուլման դաստիարակել, ինձ առաջարկում էր բնակություն հաստատել Թուրքիայում: Չհամաձայնեցի: Գերմանիան ես շատ եմ սիրում: Ամեն մեկը ազատ է կրոնն ընտրելու հարցում, բայց հայրենիքը մեկն է, նրանից չի կարելի հրաժարվել: Ո՞վ է մեզ իրավունք տվել, որ մենք երեխաներին այս կամ այն կրոնի հավատավոր դարձնենք: Մարդը կրոնը պետք է ընտրի հասուն տարիքում, երբ հասկանում է դրա իմաստը, երբ այդ են թելադրում նրա սիրտն ու հոգին: Եվ հետո ազգությունը, կրոնը և հայրենիքը չի կարելի նույն հարթության վրա դնել:
Համզայի հետ կարելի է համաձայնել, կարելի է վիճել, բայց դա էր նրա համոզմունքը:
- Իսկ դու ի՞նչ ազգ ես, - հարցրեց Համզան:
- Ես հայ եմ:
- Հայերին լավ եմ ճանաչում, գործունյա մարդիկ են, իմ գործատուն, պարոն Սամուելն էլ է հայ, լավ մարդ է: Երկար տարիներ նրա մոտ եմ աշխատում, ամենադժվար պահերին միշտ էլ իմ կողքին է եղել: Ես արդեն տեղ էի հասնում: Վճարեցի, ցտեսություն ասացի, սակայն նրա տխուր հայացքն ու աչքերից թափվող արցունքները մնացին իմ հիշողության դարակներում:


Գերմանիա, Թյուրինգեն
15.01.2014թ.

 

Կարդացեք նաև`

 «Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

 

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին