Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:
ՉԱՐ ԿԱՏԱԿ
Իսկական խիզախությունը դրսևորվում է աղետի ժամանակ:
Ֆ.Վոլտեր
Իմ ընկերներ Կարոն, Սարոն և Լյովան որսորդության սիրահար էին, հետն էլ, ինչպես լինում է սովորաբար, չափն անցնող երևակայությամբ։ Մի օր, երբ մի փոքր գինովցել էին, իրենց որսի պատմությունները կրկին սկսեցին՝ գունեղ, քաջությամբ լի։ Համբերությունս կորցրած՝ նրանց անվանեցի է՛լ սուտլիկ որսկան, է՛լ բստրան: Խոսքը թեժացավ վեճի աստիճան և ավարտվեց նրանով, որ որոշեցին հաջորդ անգամ ինձ իրենց հետ որսի տանել: Ես էլ ասացի, թե անպայման կգամ, ու թե որս չարեցիք ձեր պատմածներին արժան, ես ինձ կհամարեմ ձեր ստերի վկան: Այդպես էլ պայմանավորվեցինք՝ եթե իրենք չեն ապացուցում, որ հմուտ որսորդ են, ես ազատ եմ իմ մոտեցումներում, ավելին՝ գրելու եմ այդ մասին։
Երբ տեղ հասանք, արդեն մթնում էր: Տղերքը շներին առաջ առան ու եղեգնուտը մտան, թե հարևան երկրից վարազներ եկած կլինեն, ու իրենց հանդիպումը շատ չի ուշանա: Եղեգները խիտ էին, երկու մարդաբոյից էլ ավելի ու խշշում
էին սագերի նման: Թե ինչպես պիտի որս գտնեին դրանց արանքում, ինձ համար հանելուկ էր: Քիչ հետո նկատեցինք, որ ո՛չ շները կան, ո՛չ էլ մեր
Լյովան:
Մոտակայքում մի վագոն-տնակ կար: Գիշերելու համար խումբը տեղավորվեց այդտեղ: Քիչ հետո եկավ Լյովան ու հայտնեց, որ շների հաչոցն հուշում
է, որ եղեգնուտներում արջ կա: Կարոն ու Սարոն հաստատեցին: Ես, իհարկե, ծիծաղեցի ու ասացի, թե դա արդեն լրիվ հեքիաթի է նման, մտածեցի՝
հերթականներից է:
Նրանք սկսեցին կրակ վառել: Այս գործում նրանք գովեստի են արժանի. քիչ հետո կրակի բոցերը երկինք հասան: Հանեցին օղի, թթու, հաց
ու պահածո։ Ու կենացները եկան: Իրար գովեցին՝ շեշտելով, թե որսի մեջ է իսկական տղամարդն ու ընկերը երևում:
Շներն անվերջ հաչում էին ու հաչում: Սարոն պնդում էր, որ հաստատ արջ կա շամբուտում: Ես էլ հակադարձեցի, թե այդ դեպքում արջն ինչո՞ւ
չի հեռանում, այսքան կրակեցիք, շներն այդքան հաչեցին: Սարոն, թե «Անկեղծ ասած՝ ես դա չեմ հասկանում»:
Մի երկու ժամ էլ չէի քնել, երբ ինձ արթնացրին, որ վեր կենամ, գնանք շամբուտ: Ես շուռ եկա կողքի՝ խնդրելով ինձ հանգիստ թողնել, իսկ վարազներին իմ կողմից ողջույններ հաղորդել:
Նրանք գնացին, իսկ ես քնեցի: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ էր անցել, ես էլ քնած էի թե կիսարթուն, պատահաբար աջ ձեռքս կպավ մի փափուկ առարկայի: Առանց աչքերս բացելու ձեռքս ետ քաշեցի: Ինձ թվաց, թե երազում եմ: Նորից ձեռքս պարզեցի, դարձյալ դիպավ փա-փուկին: Աչքս կիսաբաց արեցի ու... ի՜նչ. կողքիս մի հսկա արջ էր պառկած: Մարմնովս սարսուռ անցավ, քարացա, ոտիցս գլուխ սառը քրտինք պատեց: Որտեղից որտեղ հիշեցի մահվանից առաջ Լերմոնտովի խոսքերը. «Իմ լեզուն իմ թշնամին է»: Չէ՞ որ իմ լեզուն պատճառ դարձավ, որ ինձ այստեղ բերեցին: Կամաց-կամաց գիտակցությունս տեղն եկավ. թե արջ է, ապա ինչպե՞ս է եկել, պառկել կողքիս, ինձ էլ վնաս չի տալիս: Քիչ հետո ամեն ինչ հասկացա. տղաները արջին սպանել են, նրան քաշ են տվել, բերել տնակ ու պառկեցրել իմ կողքին, որ ես արթնանամ ու վախենամ: «Դաժան կատակ է», - մտածեցի ես: Աչքերս բացեցի: Աչքս ընկավ տնակի ներսում շարված հրացաններին: Մտածում էի, թե նրանց ինչպես պատասխանեմ: Հանկարծ մտքովս անցավ արջին կիսականգուն դիրքի բերել։ Երբ նրանք ներս մտնեն, թող տես-նեն և մտածեն, թե արջը դեռ կենդանի է: Տեղիցս վեր կացա, գետնին թափված տախտակների միջոցով արջին կիսականգնած դիրքի բերեցի ու նորից պառկեցի: Սպասում էի, թե նրանցից առաջինը ով ներս կմտնի: Որոշել էի նաև ներս մտնողի համար արջի ձայնով գոռալ: Քիչ հետո Կարոն դուռը բացեց և զգուշորեն ներս մտավ։ Նա հազիվ մի երկու քայլ էր գցել, ես արջի ձայն արձակեցի։ Կարոն անբնական գոռաց ու տնակից գնդակի նման դուրս թռավ: «Արջը սուտմեռուկ էր դրել»,- դրսում լսեցի նրա խոսքը: Ու էլ ոչ մի ձայն ու ոչ մի շունչ: Քիչ հետո տնակից դուրս եկա:
Դրսում ոչ ոք չկար:
Մտածեցի՝ մոտերքում են:
Ձայն տվեցի, սակայն արձագանք չկար: Չգիտեի՝ ինչ անել, մնացել էինք ես ու արջը: Հասկացա, որ տղաները հավանաբար վազել են հեռվում գտնվող
զինվորական մաս՝ օգնություն կանչելու: Տնակի աստիճաններին նստած՝ մտորումների մեջ էի: Այ քեզ կատակ: Երևի տեղ հասնելուն պես բժշկի
գնան: Սկսեցի տղաներին մեղադրել: Հետո էլ մտածեցի, թե ինչ անեին, առանց զենքի, հո մերկ ձեռքերով արջի հետ չէի՞ն կռվելու: Նկատեցի, որ
նրանց մեքենաները կանգնած են: Գոնե մեքենայով գնային, այդպես արագ կլիներ: Երևի վախից մեքենաներն էլ չեն հասցրել գործի գցել: Հետո
հիշեցի նրանց գիշերային կենացները, իսկական տղամարդու և անդավաճան ընկերության մասին: Այդ մտորումների մեջ էի, երբ նկատեցի, որ Լյովան
ու Սարոն ավտոմատավոր երկու զինվորի հետ մոտենում են տնակին։ Սարոն ու Լյովան փաթաթվեցին ինձ. կարծես հարյուր տարի չէին տեսել։ Սկսեցին արդարանալ, թե առանց զենքի ի՞նչ անեին, գնացին զորամաս՝ օգնություն բերելու:
Ես էլ հումորս չկորցնելով՝ ասացի.
- Էդ վախկոտ արջին որտեղի՞ց էիք ճարել:
Հետո արդեն Սարոն պատմեց, որ շամբուտում արջը փորձել է անցնել սահմանի փշալարերի վրայով, մետաղալարերը փաթաթվել են նրա ոտքին
ու այդպես էլ մնացել է.
- Դրա համար էլ չէինք հասկանում, թե շների հաչոցներից ու մեր կրակոցներից ինչո՞ւ չի հեռանում:
- Դե դուք էլ օգտվեցիք նրա անօգնական վիճակից, սպանեցիք նրան ու քաշ տվեցիք ինձ մոտ,- ավելացրի ես:
Այդ պահին զինվորներն արջին տնակից դուրս բերեցին: Սարոն վազելով մոտեցավ, զննեց ու ասաց. «Չէ, այս արջը կենդանի չի եղել, Կարոյին թվացել է»: Ես ժպտացի: Նրանք ամեն ինչ հասկացան:
Անցել են տարիներ: Ընկերներս այլևս որսորդությամբ չեն զբաղվում...
Կարդացեք նաև` «Օտարության գինը». Դավիթ Ավետիսյան
«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ Դավիթ Ավետիսյանը ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:
ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:
ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:
2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:
Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»: