▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյանի ցույցերի մասնակիցներից մինչև խաղաղ գյուղերի բնակիչներ. ի՞նչն է նրանց միավորել

Անկեղծ ժպիտներ, հիացական հայացքներ, գնահատանքի խոսքեր... ահա այս ամենի ականատեսը կարելի էր լինել նոյեմբերի 28-ին «Հայ-արտ» մշակութային կենտրոնում: Առիթը լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի  «Դուք լավն եք, մարդի՛կ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումն էր: Այցելուների հոծ բազմությունը վկայում էր այն մասին,որ շատերի համար սա իրական կյանքում  լուսանկարչի հետ շփվելու ու անձամբ նրա հետ զրուցելու հիանալի առիթ էր:

Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 62 լուսանկար, որոնք թեմատիկ առումով բաժանված էին 3 մասի՝ նկարներ՝ նվիրված էլեկտրաեներգիայի գնի բարձրացման դեմ ծավալած պայքարին, տարիների ընթացքում տարբեր վայրերում լուսանկարչին հանդիպած մարդկանց և սոցիալական ուղղվածություն ունեցող լուսանկարներ:

Ցուցահանդեսի ներկաներից շատերը միևնույն խոսքերով էին բնութագրում Էդգարի լուսանկարները. պարզ, անկեղծ, բնական, սակայն միևնույն ժամանակ՝ խոր ասելիք ուենցող:

Ներկաներից Նունե Հովհաննիսյանը երկար ժամանակ է, ինչ հետևում է Էդգարի գործունեությանը, իսկ ցուցահանդեսին սպասում էր մեծ անհամբերությամբ. «Երբ նայում ես Էդգարի լուսանկարներին, դրանցում տեսնում ես մեծ սեր ու բարություն, որոնցով ինքդ էլ ես վարակվում»:

Ցուցահանդեսի ամենասպասված այցելուները լուսանկարների փոքրիկ հերոսներն էին, ովքեր իրենց անկեղծ ժպիտներով ու մանկական բարի հայացքներով վարակեցին  բոլոր ներկաներին:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Էդգար Հարությունյանը խոսեց ներկայացված նկարների թեմատիկայի մասին. «Ես ավելի շատ հայտնի եմ որպես բնանկարիչ, սակայն այս անգամ որոշեցի մի քիչ շեղվել բնության թեմաներից, քանի որ անցած տարի տեղի ունեցած ցուցահանդեսին արդեն ներկայացրել էի նկարներ այդ թեմայով»:

Անդրադառնալով ցուցահանդես խորագրի ընտրությանը՝ Էդգարը փաստեց, որ խորագրի համար հիմք է հանդիսացել Համո Սահյանի համանուն բանաստեղծությունը:

«Սոցիալական ուղղվածության իմ նկարները լայն արձագանք գտան հասարակության մեջ, շատ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին լուսանկարների հերոսներին: Ես փորձեցի այդ բարությունը, որը մարդկանց մոտ տարբեր առիթներով է ի հայտ գալիս, ներկայացնել լուսանկարների տեսքով»,- զրույցի ընթացքում նշեց Էդգարը:

Առաջին հայացքից դժվար չէր նկատել, որ յուրաքանչյուր նկարի ներքևում կար որոշակի մեկնաբանություն, ինչն Էդգարը բացատրեց հետևյալ կերպ. «Այդ գրությամբ ներկայացվում է տվյալ լուսանկարի ստեղծման պատմությունը, ինչը, կարծում եմ հետաքրքիր կլինի նաև մարդկանց: Այս ցուցահանդեսը առանձնանում է հենց սրանով, քանի որ նման բան նախորդին չի եղել»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ցուցահանդեսի հետ կապված սպասելիքներն արդարացել են, Էդգարն ուրախությամբ նշեց, որ ընդամենը մի քանի մարդու է միայն անձամբ ցուցահանդեսին  ներկա գտնվելու հրավեր ուղարկել, սակայն այցելուների մեծ քանակը իրեն միայն ու միայն ուրախացրել է:

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ներկա էին ցուցահանդեսի բացմանը: Նրանց շնորհիվ օրս իսկապես տոնի վերածվեց: Վստահ եմ, որ այսօրվա լավ տրամադրության ու դրական լիցքերի ազդեցությունը դեռ երկար կվայելեմ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց լուսանկարիչ Էդգար Հարությունյանը:

Նշենք նաև, որ ցուցահանդեսի ներկաները հնարավորություն ունեին անձամբ Էդգար Հարությունյանի ստորագրությամբ ձեռք բերելու նրա «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքը, որն, ի դեպ, այս տարվա  բեսթսելլերների շարքում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Բաղրամյանի ցույցերի մասնակիցներից մինչև խաղաղ գյուղերի բնակիչներ. ի՞նչն է նրանց միավորել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին