Օրերս վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանն Արամի 42/1 հասցեում գործող «Նավավար» ձկնալի ըմպելարանում ներկայացրել է իր «Դիմակ» ցուցահանդեսը: Գերման Ավագյանի խոսքով` տևական ժամանակ լուսանկարել է իր ծանոթներին, հայտնի և անհայտ ընկերներին, իսկ նպատակը մեկն է` ներկայացնել նրանց ամբողջովին այլ կողմից:
«Ամեն առավոտ տնից դուրս գալիս մարդիկ դիմակ են դնում. օրինակ` նախարարը, դնում է նախարարի դիմակ, չէ՞ որ նա գրասենյակում իր աշխատանքը կատարելիս և տանը թոռնիկի հետ խաղալիս նույնը չէ: Ի վերջո, մի դիմակը գրասենյակի համար է, մյուսը` թոռնիկի: Ամեն անգամ մարդիկ, իրենց իսկական դեմքը ծածկելու համար, որևէ դիմակ են կրում: Լուսանկարելիս այս անգամ մարդկանց տվել եմ իմ դիմակը, ինչը ոչ թե թաքցրել, այլ հակառակը` նրանց բացահայտել է այլ տեսանկյունից: Չէ՞ որ նրանք լուսանկարվելիս չեն կրել այդ դիմակը, այլ պարզապես որոշակի առումով խաղի մեջ են մտել դրա հետ: Միգո՞ւցե դիմակով լուսանկարներում նրանք ներկայացել են հենց այնպիսին, ինչպիսին որ կան` առանց խաղի: Մի խոսքով` իմ դեմքով դիմակը ստիպում է մարդկանց բացել իրենց իսկական դեմքը (ժպտում է)»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց վավերագրող լուսանկարիչը:
Գերման Ավագյանը նաև մեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ լուսանկարվողներին տրամադրել է հենց իր դիմակը.
«Ես ինձնից բացի մարդկանց ոչինչ չեմ կարող տրամադրել: Առհասարակ, դիմակը, ինչպես հայտնի է առասպելաբանությունից, լավ բան չէ: Համաձայն դրա` դիմակը մեռած և չար հոգի է, այդ պատճառով էլ իմ դիմակն եմ պատրաստել և տրամադրել լուսանկարվողներին, որովհետև այդքան էլ չար չեմ (ժպտում է): Ուզում էի, որ մարդիկ իրենց տրամադրությունը փոխեին, ուզում էի, որ այն, ինչ չեն ցույց տալիս, ինձ մոտ ներկայացնեին` խաղային, սակայն չեմ կարող գնահատական տալ և ասել` արդյո՞ք ես եմ ազդել նրանց խաղի վրա: Իմ հերթին ամեն ինչ արել եմ, որ չներխուժեմ այդ խաղ-գործընթացի մեջ, իսկ եթե նկատել եմ, որ մարդիկ լուսանկարվելիս խաղացել են հենց ինձ համար, խնդրել եմ մոռանալ իմ ներկայության մասին` նշելով, որ պետք է պատկերացնեն, որ իրենք և դիմակը միայնակ են»:
Միաժամանակ, լուսանկարիչը չցանկացավ խոսել այն մասին, թե իրեն որքանով է հաջողվել իրականացնել իր առջև դրված նպատակը.
«Ինձ համար դժվար է այդ մասին խոսել, որովհետև ես չեմ կարողանում առանձնանալ և օտար աչքով նայել: Պետք է նշեմ, որ այնտեղ մարդիկ կային, որոնց ես 25 տարի չէի տեսել և չէի շփվել, միայն մամուլից և ֆեյսբուքից էի տեղեկանում նրանց մասին, շատ լավ իմանալով, թե այս պահին նրանք ինչ դեր են խաղում: Սակայն արդեն դիմակով լուսանկարներում ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ այդ 25 տարին չէր եղել: Օրինակ` Մերուժան Տեր-Գուլանյանին չէի տեսել 15-20 տարի, սակայն երբ եկավ ինձ մոտ լուսանկարվելու, «Գարուն» ամսագրի Մերուժան Տեր-Գուլանյանն էր: Նույն Շուշան Պետրոսյանը 88 թվ-ի Վիգեն Ստեփանյանի թատրոնի Շուշանն էր, ոչ թե ԱԺ պատգամավոր. ժամանակն անհետացել էր…»
Նշենք, որ «Դիմակ» ցուցահանդեսի համար Գերման Ավագյանը 140-ից ավել մարդկանց է լուսանկարել, սակայն «Նավավար»-ում ներկայացվել են 51-ը.
«Լուսանկարել եմ բոլոր այն մարդկանց, ում հետ շփվում եմ կամ առնչություն եմ ունեցել. ինձ անծանոթ մարդիկ չկան: Նշեմ, որ եթե հետաքրքիր կերպար հանդիպեմ կամ էլ հին ընկերներս ինձ այցելեն, իմ դիմակով նորից եմ լուսանկարելու: Առհասարակ, շատ կուզեի, որ այս լուսանկարները մարդկանց իրական չափերով ներկայացնելու հնարավորություն ունենայի, սակայն այս պահին, ֆինանսական տեսանկյունից ելնելով, դա չէի կարող անել: Մենք չունենք հովանավորներ, ամեն ինչ ես և Արամ Հարությունյանն անում ենք մեր ուժերով: Այս հարցում մեզ օգնել է «dpi»-ը ընկերությունը, որը մեծ զեղչերով տպագրել է լուսանկարները: Այս ամենը մեզ` ինձ և Արամին հետաքրքիր է, մենք դա իրականացնում ենք, եթե այլ մարդկանց էլ հետաքրքիր լինի, գուցե մի օր ավելի մեծ չափերով ներկայացնենք»:
Շարունակելով հովանավորների, մեկենասների թեման` Գերման Ավագյանը խոստովանեց, որ այս 20 տարիների ընթացքում երբեք որևէ քայլ չի արել.
«Ինձ թվում է, արդեն այն տարիքում եմ, որ ուրիշները պետք է քայլեր անեն: Եթե լավ աշխատանք է արված, Աստված այնպես է անում, որ մյուսների կողմից քայլեր նույնպես արվում են: Օրինակ` իմ նախորդ` «Տեսողական պոեզիա» աշխատանքի դեպքում ընկերներիցս մեկը եկավ և ասաց, որ կֆինանսավորի դրա հրատարակումը: Հակառակը չեմ պատկերացնում… Վերցնեմ լուսանկարները, դնեմ թևիս տակ և գնա՞մ Հասմիկ Պետրոսյանի մոտ…»:
Երբ Գերման Ավագյանին հիշեցրեցինք, որ ՀՀ մշակույթի նախարարի ազգանունը Պողոսյան է, նշեց հետևյալը.
«Տեսնում եք նույնիսկ ազգանունը չգիտեմ... Թող Հասմիկ Պողոսյանը գա մեզ մոտ, եթե այս ամենն իրեն հետաքրքիր է: Իր հետ անձամբ ծանոթ չեմ, երբեք քայլ չեմ անի. այսօր նախարար է, վաղը հյուրանոցի տնօրեն կամ մատուցող կարող է լինել: Ես չեմ գնալու, թող ինձ մոտ գան… Երբ 1997 թվ-ին մեր նկարիչները գնացին ԱԺ-ում ցուցահանդես կազմակերպեցին, ես դեմ էի` ասում էի, թող իրենք պատգամավորները գան ձեր արվեստանոցները, ինչը հիմա էլ եմ ասում, ոչինչ չի փոխվել: Միշտ ասում եմ` ստեղծագործեք, եթե լավն եք, թող իրենք գան, իսկ եթե լավը չեք, ուրեմն` ձեր գնալով` լավերի ճանապարհն եք փակում»,-իր խոսքը եզրափակեց Գերման Ավագյանը:
Հավելենք, որ ներկայումս այցելելով «Նավավար» ձկնալի ըմպելարան՝ կարող եք ծանոթանալ «Դիմակ» ցուցահանդեսի շրջանակներում արված լուսանկարներին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
72157662535532532