▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնվի թուրքի. Ռուբեն Վարդանյան

IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ծավալուն հարցազրույց է տվել TASS գործակալությանը։ Ռ. Վարդանյանը խոսել է ժամանակակից աշխարհի առաջ ծառացած մարտահրավերների, Ռուսաստանի խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների, մարդու՝ որպես 21-րդ դարի բարձրագույն արժեքի, Դիլիջանի միջազգային դպրոցի, Aurora Prize-ի և, վերջապես, իր երազանքների մասին։

«Իմ բոլոր նախագծերը եղել և մնում են գործընկերային, այդ պատճառով, եթե այդպես նայենք, ես կիսվել ու կիսվում եմ մշտապես՝ գործընկերների, աշխատակիցների, ընկերների հետ։ Կարելի է նաև ոչ միայն գումարով կիսվել, այլև, օրինակ, ուրախությամբ, հաջողությանը հաղորդակից դարձնել նրանց։ Կյանքում միշտ է այդպես՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում։

Իմ կարծիքով՝ բարեգործությունը ոչ միայն գումար տալն է։ Գումար նվիրաբերեցիր, դրանով, օրինակ, եկեղեցի կառուցեցին, և դրանով ամեն ինչ ավարտվեց։ Ես չեմ զբաղվում բարեգործությամբ այն ձևով, որով այսօր դա հասկանում է մեծամասնությունը, կիսվում եմ մի քիչ այլ կերպ՝ փորձում եմ կառուցել գործող մեխանիզմներ, որոնք ապահովեին բարեգործական նախագծերի երկարաժամկետ կայունությունը։ Կարևոր է հասկանալ, որ ապրում ես հասարակության մեջ, որտեղ կան տարբեր մարդիկ, և նրանց հնարավորությունները նույնպես տարբեր են։ Ժամանակակից աշխարհը բարդ է, միահյուսված։ Սոցիալական կայունությունը պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, և պատասխանատվության գոտին ոչ միայն պետությունն է։

Իսկ էլիտան ունի որոշակի պարտավորություններ՝ ստեղծել նյութական ռեսուրսների, գումարների, գիտելիքների վերաբաշխման մեխանիզմներ, որոնք պետք է օգնեն հասարակությանը դառնալ ավելի հավասարակշռված։ Դա կյանքի փիլիսոփայության հարց է»,- խոստովանում է գործարարը։

Ներկայացնենք հարցազրույցը մասնակի կրճատմամբ։

– Մենք բոլորս տարբեր ենք, յուրաքանչյուրս այդ գիտակցությանը գալիս է յուրովի, կյանքի տարբեր փուլերում, իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես չի գալիս։ Շատ բան կախված է նրանից, թե ընկալման ինչ հորիզոնով է ապրում մարդը։

Հավատում եմ, մոտակա քառորդ դարում Ռուսաստանը կդառնա հաջող երկիր՝ նորմալ հասարակական և իրավական ինստիտուտներով, որտեղ բոլոր մարդիկ իրենց հարմարավետ կզգան։ Այստեղ կլինի քիչ ատելություն, հակասություններ, սոցիալական և գույքային շերտավորում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։

Ճգնաժամային իրավիճակում տրամադրությունները Ռուսաստանում արմատապես փոխվում են։ Մենք հեշտորեն լավատեսությունից ընկնում ենք դեպրեսիայի մեջ, սակայն ամեն ինչ դարձյալ կախված է հորիզոնի երկարությունից, որը պլանավորում է մարդը։ Յուրաքանչյուրն անում է այնքան, որքան կարողանում է։ Իմ մասին կարող եմ ասել, որ ողջ կյանքը ձգտել եմ մտածել և պլանավորել 25 և ավելի տարի առաջ։ Եվ լինել լավատես։

Եվ ո՞ր փուլում եք, ըստ Ձեզ, Դուք։

– Երկարաժամկետ հեռանկարում ես միանգամայն լավատես եմ, կարճաժամկետում՝ հոռետես, քանի որ հասկանում եմ՝ մեր առաջ ծառացել են լրջագույն մարտահրավերներ։ Ոչ միայն պետության առաջ, այլև մեզ՝ բոլորիս, ով Ռուսաստանը համարում է իր տունը։ Օրինակ՝ ժողովրդագրական խնդիրը կապված չէ քաղաքական ինստիտուտների, ինֆլյացիայի կամ դոլարի փոխարժեքի հետ։ Անհրաժեշտ է համալիր միջոցառումներ՝ ազգի առողջությունը, բնակչության կյանքի երկարակեցության ավելացումը, լքված երեխաների խնդիրների լուծումը, ովքեր մանկուց մեծանում են մանկատներում, և շատ այլ բաներ։
Առանձին թեմա է մասնավոր սեփականությունը։

Մեզանում դեռ չի ստեղծվել մասնավոր սեփականության ինստիտուտը, որն առանցքային է շուկայական տնտեսության համար։
Կան նաև հիմնարար մարտահրավերներ։ Աշխարհը դարձել է փոխկապակցված, և այն, ինչ տեղի է ունենում խնդրահարույց գոտում, անմիջականորեն ազդում է բոլորի վրա։

Ներկայումս մեզ թվում է, թե փախստականների խնդիրը ռազմական հակամարտությունների հետևանքով չափազանց լուրջ է, մինչ այդ, եթե Երկրի վրա ջերմաստիճանը թեկուզ 1 աստիճանով բարձրանա, տասնյակ-միլիոնավոր մարդիկ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից կներխուժեն Եվրոպա։ Դա մի քանի անգամ ավելի կլինի Սիրիայից և Իրաքից փրկվող մարդկանց թվից։ Միգրացիոն ալիքները կողողեն ոչ միայն Եվրոպան, դա կվերաբերի բոլորին։ Այդ պատճառով ուժեղանում է համաշխարհային գործընթացների բևեռացումը. մի կողմից՝ բոլորը հասկանում են, որ համագործակցությունը կավելանա, մյուս կողմից՝ հայտնվում են մարդիկ, որոնք վախենում են փոփոխություններից։ Նրանք քվեարկում են Brexit-ում՝ Թրամփի օգտին։ Դա մարդկանց բնական ռեակցիան է փոփոխություններից առաջ։

Հարկավոր է լավատես լինել, չէ՞ որ դու այս աշխարհը թողնում ես երեխաներին…
Կամ ընդհանրապես երեխաներ չունենալ, եթե չես հավատում բարենպաստ ելքին։ Մենք պարտավոր ենք մոլորակն ավելի լավը թողնել, քան ստացել ենք։ Պետք է ապրել լիարժեք կյանքով։ Գիտեք, ճապոնական փիլիսոփայության մեջ հաճախ է հանդիպում նման միտք՝ ապրիր այնպես, կարծես վաղը կմահանաս։ Ոչինչ մի հետաձգիր հետոյին, արա այսօր ամենը, ինչ կարող ես։ Սիրո խոսքեր ասա նրանց, ում սիրում ես, ներողություն խնդիր նրանցից, ում վիրավորել ես։ Ու դրա հետ միասին՝ սովորիր, կարծես ապրելու ես հավետ։ Եվ այդպես՝ ամեն օր։

Մեզ սպասվում են մեծ փոփոխություններ 2020-ականներին, էլիտայի փոփոխություն, որը մեծացել է ԽՍՀՄ-ում։

Դուք փորձում եք աճեցնել Ձեզ փոխարինողների։ Ես նկատի ունեմ «Սկոլկովո» բիզնես դպրոցը, Դիլիջանի UWC քոլեջը։ Առաջինում դուք 5 տարի նախագահն էիք, երկրորդը ստեղծեցիք զրոյից։

– Կարևոր է հետևողական լինելը։ 2000-ականներից ես ասում եմ, որ մարդիկ 21-րդ դարի տեղեկատվական հասարակության գլխավոր ակտիվն են, նրա համար է ընթանալու պայքարը։ Այդ պատճառով կրթությունը չափազանց կարևոր է։ Ռուսաստանը 90-ականներից կորցրեց ոչ միայն՝ մի քանի հարյուր միլիարդ դոլար, այլև այստեղից գնացին տրիլիոն դոլարների ուղեղներ։ Արտագաղթեցին Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա։

Եվ շարունակում են հեռանալ։

– Հնարավոր է՝ դա ամենամեծ աղետն է։ Վերջին հաշվով՝ 3-5 տոկոս կրեատիվ մարդիկ են առաջընթացի շարժիչ ուժը։ Նրանց համար էլ ծավալվում է լրջագույն պայքարը։ Պետք է պարտադիր փորձել, չվախենալ սխալվելուց և հավատալ, որ ամեն ինչ կստացվի: Չէ՞ որ տեսնում ենք, թե որքան երեխաներ են գնում Արևմուտք սովորելու, իսկ մեր նախագծերն այն մասին են, որ հետխորհրդային տիրույթում կարելի է ստեղծել մրցունակ ուսումնական հաստատություններ։ Մենք ձգտում ենք երեխաների մոտ զարգացնել տեսնելու կարողությունը։ Բացի այդ՝ պատվաստում ենք ժամանակակից աշխարհի այնպիսի կարևորագույն հատկանիշներ, ինչպիսիք են նոր իրողություններին հարմարվելը, ճկունությունը և այլ մշակույթների հարմարվելը, հասկանալն ու ընդունելը։ Դիլիջանի մեր դպրոցում սովորում է 72 երկրի աշակերտ, ոչ թե հայաստանցիներ և ոչ էլ սփյուռքահայեր, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի և Աֆրիկայի բնակիչներ։

Մենք հպարտանում ենք, որ UWC Dilijan դպրոցը ստացել է միջազգային ճարտարապետական մրցանակներ՝ որպես Եվրոպայում լավագույն հասարակական շինությունը և որպես տրենդային ճարտարապետություն։ Շենքի ճարտարապետն անգլիացի Թիմ Ֆլինն է, աշխատել են նաև ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, իհարկե, հայեր։
Ինձ հարցնում էին, թե ինչու եմ դպրոց հիմնում։ Ցանկանում եմ, որ ընտրություն առաջանա, այդ թվում՝ իմ երեխաների մոտ։

Ամենամեծ շքեղությունն ու ամենամեծ պատասխանատվությունն ընտրության իրավունքն է։ Հաճախ մարդիկ սարսափում են ու փախչում դրանից։ Ցանկանում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն ընդունի որոշում, իսկ մենք հետո կարողանանք ասել՝ մենք մեղավոր չենք։
Խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր օգնում են մահացու հիվանդներին, անտուն մարդկանց, աղքատներին։ Մենք զբաղվում ենք սոցիալական ներդրումներով։ Աշխարհում տարածում է ստանում մոդելը, երբ բիզնեսը սերտաճում է բարեգործությանը, և մեր նախագծերը հիմնված են blended approach-ի վրա՝ միախառնում բոլոր մակարդակներում՝ կապիտալի, գործունեության տեսակների, կրթության։

Կարծում եմ՝ ապագան սոցիալական կապիտալիզմինն է, այդ մոդելը կարող է փրկել աշխարհը։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ մի կողմից՝ կա խզում իշխանության և գիտության, մշակույթի ներկայացուցիչների միջև, որոնք հաճախ իրար չեն հասկանում՝ խոսելով միևնույն լեզվով։ Կա բացասական նախապաշարմունք՝ ընդդեմ հարուստների։ Համեստ աշխատավարձ ստացող մարդկանց դժվար է հասկանալ, թե ինչպես է, օրինակ՝ իրավաբանը կամ թրեյդերը վաստակում հարյուր-հազարավոր դոլարներ։ Իհա՛րկե առաջանում է անարդարության զգացում։

Ռուսաստանն ունի գործողության մի քանի տարբերակ՝ ելնելով ժողովրդագրական ճգնաժամից՝ միավորվել Եվրոպայի կամ Չինաստանի հետ, փորձել վերականգնել տնտեսական միությունը հետխորհրդային տիրույթում կամ ոչինչ չանել։ Այլ սցենար չեմ տեսնում։ Եթե կլինի հինգերորդը, հաճույքով կլսեմ։

Իսկ ինչո՞ւ է Ձեզ պետք Aurora Prize-ը։

– Մրցանակը շնորհվում է բացառապես մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրական գաղափարներն առաջ տանելու համար։ Նախագիծն ավելի մասշտաբային էր, քան մենք ծրագրել էինք։ Սկզբնապես ցանկություն կար՝ օգնել հայերին հաղթահարել զոհի բարդույթը, որը հետապնդում է մեր ժողովրդին՝ 1915թ. Ցեղասպանությունից ի վեր, այդ խորը, ներքին ցավը։ Մենք ցանկանում էինք ցուցադրել աշխարհին, թե ինչպես սարսափելի ողբերգությունը վերապրածները, ողջ մնալով ու ոտքի կանգնելով, պատրաստ են օգնել կարիքավորներին։

Սակայն շուտով պարզ դարձավ, որ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այդ թեման արդիական են դարձնում յուրաքանչյուրի համար։ Ուրախ կլինենք, եթե երբևէ մրցանակը ստանա թուրք, որի գործունեությունը կհամապատասպանի մեր մրցանակի չափորոշիչներին։

Աշխարհում շատ այլ մրցանակաբաշխություններ կան, սակայն մարդկային արժեքների ոլորտում նմանատիպը չկա։ Մեր Aurora Prize for Awakening Humanity-ն ամենախոշորն է։

Դա ոչ թե human rights է՝ մարդու իրավունքներ, այլ՝ human values, դա մարդկային արժեքների մասին է։

Ես երբեք չեմ երազել նյութական իրերի մասին։ Եվ մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Երազում եմ ապրել աշխարհում, որտեղ բանականությունն ու մարդկային արժեքները կգերակշռեն ագահության ու դաժանության նկատմամբ։

Աղբյուրը՝ 168.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին