▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես եռահարկ, պտտվող «Բերդ»-ով հայերն արեցին մի բան, որն ամբողջ աշխարհում որևէ մեկին չէր հաջողվել

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախորդ տարի` ապրիլյան դեպքերից  հետո, ուզում էինք «Քոչարի» պարի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, ապա ներկայացնել մարդկանց, ովքեր կֆինանսավորեին մեզ, որպեսզի պարային խմբով սահմանային գոտիներ մեկնեինք և ոգևորեինք մեր զինվորներին: Սակայն ֆինանսական խնդիրներից ելնելով` դա մեզ չհաջողվեց, փոխարենը այս տարի ապրիլի 29-ին` Պարի միջազգային օրը, մենք Հանրապետության հրապարակում եռահարկ «Բերդ» ներկայացրինք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց տվյալ պարի բեմադրության հեղինակ, բալետմայտեր «Ալեքսանյան պարային ստուդիա»-ի ղեկավար Էդգար Ալեքսանյանը:

Բալետմայստերի խոսքով` իր բեմադրած եռահարկ «Բերդ»-ը հստակորեն տարբերվում է մյուսներից.

«Մենք փորձեցինք յուրովի ներկայացնել մեր ազգային պարը, որպեսզի այն հետաքրքիր և ներկայանալի լինի ոչ միայն մեր ժողովրդի, այլև` ամբողջ աշխարհի համար: Մեր եռահարկ «Բերդ»-ը տարբերվում էր այն բանով, որ այն նաև պտտվում էր, ինչը  մինչ այդ որևէ մեկին չէր հաջողվել: Ինչ խոսք, աշխարհում եղել են դեպքեր, երբ մարդիկ մինչև 10 հարկ բարձրացել են միմյանց վրա, օրինակ` Իսպանիայում, Չինաստանում, սակայն չի եղել դեպք, երբ մարդկանց հաջողվել է նաև պտտվել: Իսկապես շատ բարդ է, պրոֆեսիոնալիզմ է պետք, ինչպես նաև պտտվելը հակասում է ֆիզիկային օրենքին, սակայն մեզ դա հաջողվեց, արդյունում էլ` որևէ մեկը չտուժեց»:

Էդգար Ալեքսանյանը նշեց, որ այս բեմադրության համար որոշել էր չսահմանափակվել միայն «Բերդ»-ով, ինչի արդյունքում էլ պարային բեմադրությունը սկսվել էր «Քոչարի»-ով.

«Ուզում էի նաև «Քոչարի»-ն ներկայացնել, որովհետև նախնական գաղափարս հենց դրան էր վերաբերում: Ի դեպ, ներկայացրել եմ մի քանի շրջանների «Քոչարի»: Նշեմ նաև, որ ֆինանսական խնդիրներից բացի` մենք նախորդ տարի էլ կարող էինք այն բեմադրել, սակայն տրամադրություն չունեինք: Ընդհանուր առմամբ, այս պարային ֆշեշմոբին մասնակցել է 200 հոգուց ավել մարդ, ինձ միացել էին տարբեր պարային խմբերից պարողներ, ավելի շատ այն մարդիկ են, ովքեր ինձ հետ պարում եմ ռեստորանային շոուների համար: Հարկ է նշել, որ մեր պարային բեմադրության դիտումների ընդհանուր հանրագումարը 700.000 է: Հավելեմ նաև, որ ես այս ֆլեշմոբի կազմակերպիչներին հստակ ասել էի, որ Հայաստանում պարային ֆլեշմոբի հիմքում պետք է լինի հենց «Բերդ», հակառակ դեպքում` դա կարող էին իրականացնել թեկուզ Վրաստանում»:

Ըստ պարողի` այս շրջանում իրենք դիմել են կազմակերպություններից մեկին, որպեսզի ֆինանսավորեն իրենց հագուստը` տարազները, և իրենք կարողանան շրջել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, ցույց տալ ազգայինը և ոգևորել մարդկանց, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

Հավելենք, որ Էդգար Ալեքսանյանը «Ալեքսանյան պարային ստուդիա» ղեկավարն է, որը գործում է արդեն 4 տարի:

«Նախկինում մենք հիմնականում կատարում էինք կորպորատիվների համար նախատեսված բեմադրություններ, սակայն հիմա փորձում ենք մեծացնել մեր աշխատանքի ծավալները: Կարծում ենք, որ մեր կատարած աշխատանքը արժանի է, որ այն տեսնեն ոչ միայն ռեստորաններում, ինչպես նաև կան դիլետանտներ, ովքեր կարող են նաև սովորել»,- նշեց Էդգար Ալեքսանյանը:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին