▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մարդիկ պարզապես օգտվում են այս դեպքից և սարքում են Վարդան Պետրոսյանի գլխին. Սուրեն Թադևոսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի գործով նիստը և ըստ դատավճռի` Վարդան Պետրոսյանը ենթարկվելու է 5 տարվա ազատազրկման: Վճռի հրապարակումից հետո ֆեյսբուքյան շատ օգտատերեր իրենց բողոքն էին արտահայտում` գրելով, որ Վարդան Պետրոսյանը նման վերաբերմունքի արժանի չէ: Մտահոգ քաղաքացիներից մեկն էլ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն էր, ով Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կատարվածը շատ մեծ ողբերգություն է, սակայն որևէ մեկը դրանից ապահովագրված չէ.

«Սա կյանք է և այնպես չէ, որ ամեն ինչ մեր գրված սցենարով է ընթանում: Ամեն դեպք էլ մարդու համար է, թեև, իհարկե, ցավալի է, որ այդպիսի դեպք է եղել` առավել ևս, որ զոհվել են երկու երիտասարդներ: Սակայն ես գիտեմ ու համոզված եմ, որ Վարդանը պատվով է կրում այդ խաչը, որովհետև զավակներ կորցրած ծնողներից հետո ամենավատ վիճակում հենց նա է գտնվում: Պարզապես չպետք էր այս ամենից թատրոն սարքել, որը պատրաստվեց շատ պարզ պատճառներով»:

Ռեժիսորը նաև անդրադարձավ այն փաստին, որ երեկ Վարդան Պետրոսյանի վճռի հրապարակմանը զուգահեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ էր արձակվել քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը (առավել հայտնի է որպես Զապ), ինչի հետևանքով շատերը համեմատականներ էին անցկացնում և իրենց զայրույթն արտահայտում.

«Ես նույնիկ չեմ էլ ուզում նրանց համեմատել, որովհետև Վարդանն այդ մարդը չէ, ում կարելի է Զապի հետ մի գծի վրա դնել: Եթե զայրույթը մի կողմ դնենք, ապա պետք է հասկանանք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչով կարող օգնել է Վարդանին: Գուցե  դա լինի ստորագրահավաքը կամ մեկ այլ բան, որպեսզի, ի վերջո, համաներում լինի Վարդանի նկատմամբ, որովհետև նա արդեն մեկ տարի է, ինչ կալանավայրում է, որն ընդհանրապես նրա տեղը չէ: Վարդանը հաստատ իր պատիժը կրել և դեռ մի ամբողջ կյանք կրելու է»:

Իսկ մեր այն դիտարկմանը, որ հակառակ բևեռից էլ հնչում են կարծիքներ, որոնց համաձայն` երկու զոհի դեպքում նորմալ է Վարդան Պետրոսյանի` 5 տարվա ազատազրկումը,  Սուրենը Թադևոսյանն ասաց.

«Շատ ցավալի և վատ դեպք է պատահել, սակայն նրա փոխարեն կարող էինք լինել թե մենք, թե մեր հարազատները: Եթե իմանայի, որ Վարդանի մեղքը դրա մեջ եղել է, օրինակ` խմած է եղել կամ մեկ  այլ բան, ապա առաջինը պահանջատեր կլինեի և նորմալ կվերաբերվեի այս խոսակցություններին: Սակայն գիտեմ, որ նման բան չկա, այդ պատճառով էլ համարում եմ,  որ որոշ մարդիկ պարզապես օգտվում են այս դեպքից և սարքում են այդ մարդու գլխին»:

Զրույցի ավարտին էլ Սուրեն Թադևոսյանից հետաքրքվեցինք, թե արդյո՞ք իր կարծիքով հիմնավորված են այն կարծիքները, ըստ որոնց` Վարդան Պետրոսյանի` 5 տարվա ազատազրկումը պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով,  ռեժիսորը պատասխանեց.

«Միանշանակ այն, ինչ Վարդանն արել է իր ստեղծագործական կյանքում ազդել է այս ամեն ինչի վրա: Սա մի հատ շատ լավ տարբերակ էր, որի միջոցով փորձեցին բոլորին իրենց տեղը ցույց տալ, որպեսզի բոլորն էլ հասկանան, որ կարող են նման իրավիճակում հայտնվել, այսինքն` վախեցնելու, մատ թափ տալու տարբերակը, բնականաբար, առկա է: Սակայն համոզված եմ, որ այս ամենը Վարդանին,  ինչպես նաև այլ լուրջ մարդկանց վախեցնելու, դաս տալու շատ վատ փորձ էր»,- իր խոսքը եզրափակեց Սուրեն Թադևոսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին