Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կավարտվի արդեն երկու տարի անընդմեջ հեռուստադիտողներին հարազատ դարձած «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալը: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց հեռուստահաղորդավարուհի, «Հարազատ Թշնամի» սերիալի ղեկավար Դիանա Գրիգորյանի հետ՝ պարզելու ներկայիս իր զգացումների, սերիալի վերջաբանի, հետագա անելիքների և այլ թեմաների մասին:
Aseksoe.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը, կիսվելով իր ներկայիս հոգեվիճակի մասին, ասաց, որ այս պահին բավական հուզված է, բայց դրա հետ մեկտեղ նաև բավական լարված՝ կապված սերիալի վերջին սերիայի հետ:
«Իհարկե, հուզմունք կա և ինձ, և սերիալի բոլոր դերասանների մոտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր վերջնական տեսարանը նկարահանվելուց հետո անձամբ են զանգահարել ինձ և հայտնել այդ մասին: Շնորհակալ եմ իրենցից, որ իրենք այդքան լավ են կերտել իրենց կերպարները և որ այդքան հարազատ են մոտեցել դրանց: Երկու տարի նրանց մեջ ապրել է երկու մարդ՝ իրենք ու կերպարը, ու եթե իրենք այդքան հարազատ ընդունած չլինեին, գուցե նրանց կերտումն էլ այդքան հաջող չլիներ: Ես ինքս հրաժեշտ եմ տալիս մեր ստեղծած կերպարներին, և իսկապես հուզմունքը մեծ է, բայց այս պահին նաև լարվածությունն է մեծ, քանի որ վերջին սերիան բավականին երկար է լինելու: Նշեմ, որ բոլոր բաց դռները, բոլոր բաց խնդիրները ստացել են իրենց լուծումները, բոլոր դռները փակվել են, որևէ մութ բան չի մնացել: Փորձել եմ ամեն կարևոր և գուցե ոչ այդքան կարևոր, գլխավոր և գուցե ոչ այդքան գլխավոր հարցերին լուծում տալ»,- պատմեց է Դիանան:
Այն հարցին, թե բացի հուզմունքից, նրա մոտ արդյո՞ք նաև տխրության զգացում կա, նախագծի ղեկավարը պատասխանեց՝ ասելով, որ առանց դրա չի կարող լինել, քանի որ «Հարազատ Թշնամի» սերիալում իրեն շատ հարազատ դերասաններ են, ովքեր յուրաքանչյուր նկարահանումից հետո, չնայած իրենց հագնածությանը, զանգահարել և հետաքրքվել են հետագա նկարահանման օրերի մասին:
«Հոգնածության հետ մեկտեղ կար նաև մեծ կապվածություն, որը նաև, ըստ իս, վտանգավոր երևույթ է: Միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ սե՞րն է ավելի վտանգավոր, թե՞ կապվածությունը, որովհետև սերը կիրք է, որը ցանկացած պահի կարող է մարել: Կապվածությունն այնպիսի բան է, որ տանջում ու խեղդում է քեզ»:
Asekose.am-ի թղթակիցը հետաքրքվեց նաև, թե արդյո՞ք, այնուամենայնիվ, սերիալի վերջաբանը նկարահանվել է ըստ հեռուստադիտողներիր կարծիքների հիման վրա.
«Ոչ: Հեռուստադիտողների մոտ հիմնականում նույնատիպ կարծիքներ էին: Պարզապես հաշվի առնելով նրանց մեծամասնության կարծիքը, այն բարի ավարտները, որոնք իրենք էին առաջարկել, փորձել ենք որոշ չափով ի կատար ածել, որովհետև հարգում ենք մեր հեռուստադիտողին և հաշվի նստում նրա կարծիքի հետ: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի նրանց չհիասթափեցնենք, բայց այն տարբերակները, որոնք որ մենք էինք մտածել, չենք լսել հեռուստադիտողից»,- պարզաբանեց Դիանա Գրիգորյանը:
Անդրադառնալով նաև սերիալի հերոսների վերջնական լուծումներին՝ սցենարիստը, չցանկանալով բացել բոլոր փակագծերը, ասաց միայն, որ սպասվում են այնպիսի լուծումներ, որոնք որ շատ անսպասելի կլինեն բոլորի համար:
Խոսելով նաև սերիալի ավարտից հետո իր հետագա անելիքների մասին՝ Դիանա Գրիգորյանը պատմեց, որ ձեռնամուխ է եղել մի նոր հաղորդաշարի ստեղծմանը, որը շատ շուտով կհայտնվի հեռուստաէկրաններին:
«Ստեղծվելու է նոր հաղորդաշար, որը եզակի է իր տեսակի մեջ և որի նպատակը լինելու այն, որ հայի աչքերը միշտ պետք է ժպտան: Արդեն իսկ տարվում են դրա պատրաստման աշխատանքները: Այն լինելու է հայկական, հայի խնդրի լուծման համար ստեղծված մի հաղորդաշար»,- մանրամասնեց Դիանան:
Իսկ թե արդյո՞ք նախագծի ղեկավարը չի պատրաստվում նոր սերիալի նախապատրաստական աշխատանքներին, Դիանան ասաց, որ դա, հավանաբար, կլինի իր նոր հաղորդաշարի՝ լավ և ճիշտ ձևով մուտք գործելուց հետո:
«Ես այն մարդն եմ, ով չի սիրում միաժամանակ մի քանի նախագծով հանդես գալ ու դա անել միջին որակի: Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը և ինչով զբաղվում եմ, փորձում եմ հնարավորինս, համենայն դեպս ուժերիս ներածին չափով, որակյալ անեմ: Հենց դա է պատճառը, որ միայն հաղորդաշարի մուտք գործելուց ձեռնամուխ կլինեմ նոր սերիալի ստեղծմանը:
Զրույցի վերջում էլ Դիանա Գրիգորյանն իր շնորհակալությունը հայտնեց «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալի բոլոր երկրպագուներին ՝ իրենց հետևելու և գնահատական տալու համար.
«Պարզապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դիտել են մեզ: Եվ ամենևին կապ չունի՝ նրանցից ոմանք վատն են գրել, թե՝ լավը, գովաբանել են, թե՝ հակառակը, դժգոհ են եղել, թե՝ ոչ: Բոլորից շատ շնորհակալ եմ: Վստահ եմ, որ մեր ուշադիր հեռուստադիտողները, նայելով սերիալի վերջին մասը, ի վերջո կհասկանան, թե որն էր դրա ասելիքը, և այլևս ինձ չեն հղի հարցեր, թե ի՞նչ էի փորձում այս երկու տարվա ընթացքում հասցնել մարդկանց: Վստահ եմ՝ յուրաքանչուրը կստանա իրեն հուզող հարցերի բոլոր պատասխանները»,- «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալի մասին իր խոսքը եզրափակեց Դիանա Գրիգորյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան