▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ մի սիրիր, ատել կա... Շահեն Բադալյանը՝ որդուն միայնակ մեծացնելու մասին և ոչ միայն

Ամեն ինչ լավ է լինելու , իսկ եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ. ահա այս կարգախոսով է կյանքում առաջնորդվում դերասան Շահեն Բադալյանը, ով այս պահին նկարահանվում է USA Armenia TV-ի «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում: Ժամանակին երաժշտական լուրջ հաջողություններով աչքի ընկնող և այդ բնագավառում իր կարիերան շարունակելու լուրջ մտադրություններ ունեցող Շահեն Բադալյանի մտքով երբևէ չէր անցնում, որ մի օր հայտնվելու է էկրաններին, ավելին՝ վայելելու է հեռուստադիտողի սերն ու համակրանքը: Asekose.am-ը զրուցել է Շահեն Բադալյանի հետ անցած ճանապարհի, «Վտանգավոր խաղեր»-ում նկարահանվելու, երաժշտությամբ չզբաղվելու պատճառի, կյանքի դժվարությունների, որդուն միայնակ մեծացնելու մասին և ոչ միայն:

Ես էլ բացառություն չեղա

Արդեն 22 տարի է, ինչ ապրում և աշխատում եմ ԱՄՆ-ում: 1 ամսով էի մեկնել՝ պարզապես ԱՄՆ-ն տեսնելու նպատակով: 90-ական թթ.-ն Հայաստանում սոցիալական վիճակը ծանր էր, մարդիկ աշխատանք չունեին, և շատերն էին մեկնում արտերկիր՝ գումար վաստակելու և իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար: Ես էլ բացառություն չեղա: Սկզբնական շրջանում զբաղվում էի իմ սիրած աշխատանքով՝ նվագում էի Ներսիկ Իսպիրյանի բենդում: Իսկ օրվա մյուս մասն էլ ինչ գտնում էինք, դա էինք անում մինչև որ գտնեինք այն, ինչ մերն էր:Հարվածային գործիքներ  նվագել եմ դեռ մանկուց, ընտանիքում արվեստագետներ չենք ունեցել:  Կարծում եմ, որ երաժշտության ասպարեզում հասել եմ ինչ-որ բաների: Նվագել եմ լուրջ երաժիշտների հետ՝ Ներսիկ Իսպիրյան, Կարեն Գևորգյան, Տիգրան Ժամկոչյան: Այս պահին երաժշտական գործունեություն այլևս չեմ ծավալում: Երաժշտությունը սպորտի նման է, երբ անընդհատ գալիս են նորերը՝ իրենց հետ բերելով նորություն ու թարմություն: Կարծում եմ, որ ես արդեն մեծ եմ երաժշտության համար:

Չնայած դժվար է , բայց կարծում եմ՝ ինձ մոտ ստացվում է

Այս պահին նկարահավում եմ USA Armenia TV-ի  «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, բացի դրանից ես նաև սերիալի պրոդյուսերն եմ, ով զբաղվում է գովազդներով: Փորձում եմ 2 գործ էլ համատեղել, չնայած դժվար է , բայց կարծում եմ՝ ինձ մոտ ստացվում է: Կինո ինձ բերել է Դավիթ Ադամյանը: Հիմա մենք միասին ենք աշխատում. ինքը մեր պրոդյուսերն է: Ես իրենց շատ շնորհակալ եմ: Եվ՛ Դավիթը Ադամյան, և՛ Արայիկը Ղազարյան մեծ դեր խաղացին իմ կյանքում: Ես նրանցից իսկապես շնորհակալ եմ: Իրենք էլ չգիտեին ինձ մոտ լավ կստացվի, թե ոչ, բայց նրանք ձգտեցին և  ամեն ինչ արեցին, որ լավ արդյունք ունենանք:

Երբևէ չեմ մտածել, մտքիս ծայրով անգամ չի անցել...

Երբևէ չեմ մտածել, մըտքիս ծայրով անգամ չի անցել, որ  կարող եմ նույն ֆիլմում հայտնվել այնպիսի հանրահայտ դերասանների հետ, ինչպիսիք են՝ Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Ալեքսան Խաչատրյանը, Արթուր Դարբինյանը: Հպարտ եմ դրա համար, քանի որ նրանցից  շատ բան եմ սովորում:  Շատ հաճելի է, որ մեր և՛ նախկին ռեժիսորը` Անաշեն, և՛ մեր նոր ռեժիսորը` Անգել Մարտիրոսյանը, և՛  մեր սցենարիստ Անուշիկ Պետրոսյանն իրենց աշխատանքը սիրով ու պատասխանատվությամբ են կատարում, ու որի գնահատականն էլ, կարծում եմ, հեռուստադիտողը գնահատում է:

Մեր այս նախագիծը ծաղկեց Անգել Մարտիրոսյանի շնորհիվ

Ես 7 ֆիլմում եմ նկարահանվել, սակայն «Վտանգավոր խաղերն» առանձնանում է իր հնչեղությամբ: Սկզբում նախատեսված էր, որ ֆիլմը լինելու է 6  ամիս, սակայն զգացինք, որ այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:  Կարող եմ ասել, որ մեր այս նախագիծը ծաղկեց Անգել Մարտիրոսյանի շնորհիվ, ում սիրում եմ հարազատ դստեր նման: Նա շատ տաղանդավոր աղջիկ է, ինչը պատահական չէ, քանի որ տաղանդավոր ռեշիսոր Լուսինե Մարտիրոսյանի դուստրն է, Լիդիա Գևորգյանի և  Էռնեստ Մարտիրոսյանի թոռնուհին: Բնավորությամբ լինելով բարի ու զուսպ, համբերատար լինելով ողջ անձնակազմի հետ՝  նա նկարահանում է այն, ինչը շատերին է զարմացնում: Մեր սերիալն առանձանաում է նրանով, որ դաստիարակչական բնույթ ունի, որն էլ, կարծում եմ՝ մեր սերիալի հաջողության գրավականն է:

Մենք, այսպես ասած, «կողքից» անպայման մի հատ գործ էլ ենք ունենում, որ կարողանանք մի քիչ ավելի հանգիստ ապրել 

Այն,  որ մենք տաղանդավոր դերասաններ ունենք, ովքեր ամեն տեղ են գնահատված ու սիրված, կարծում եմ դա ակնհայտ է: Այդ նույն դերասանները, ովքեր աշխատում են հայրենիքից հեռու, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն:Մենք, այսպես ասած, «կողքից» անպայման մի հատ գործ էլ ենք ունենում, որ կարողանանք մի քիչ ավելի հանգիստ ապրել: Իսկ այն, որ դրսում դերասանները շատ ապահով կյանքով են ապրում, դա այդքան էլ այդպես չէ: Օտար երկիր, շատ բարձր աշխատավարձ, ու հոնորարներ, որ այդքան ասում են... Դա մեզ համար չի: Այդ գումարներն ընկալելի է միայն ամերիկացի դերասանների համար: Մենք դերասաններս դրսում լավ ենք վաստակում, սակայն այդ գումարը ծախսում ենք տան, մեքենայի, ապրելու , ապահովագրությունների համար: Այս պատճառով էլ, եթե համեմատության մեջ դնենք Հայաստանում և դրա սահմաններից դուրս գործող դերասանների կյանքը, ապա ասեմ, որ Հայաստանում դերասաններն ավելի լավ են ապրում, քանի որ իրենց վաստակածն իրենց է մնում:

Օտարության մեջ կարոտը խեղդում է, մի զգացում, որը կա յուրաքանչյուր հայի մեջ 

Հաճախակի եմ այցելում Հայաստան, սակայն ամեն անգամ  հեռանալիս տխրում եմ: Օտարության մեջ կարոտը խեղդում է, մի զգացում, որը կա յուրաքանչյուր հայի մեջ: Գալիս եմ կարոտս առնելու, ընկերներիս, բարեկամներիս հետ հանդիպելու, հայ ժողովրդի հետ շփվելու, նրանցից էներգիա եմ ստանում, որն ինձ հետ միշտ տանում եմ: Ի միջի այլոց,  ամեն գալուց ինչ-որ մի լավ բան նկատում եմ. մարդկանց վերաբեմունքը, Հայաստանում մատուցվող ծառայությունները, շատ բաներ կան, որ դրական եմ համարում: Պետք է փորձել ամեն բանի լավ աչքով նայել, եթե սկսենք վատ աչքով նայել, ամեն ինչն էլ վատ կթվա: Իհարկե, մեծ ցանկություն կա Հայաստան վերադառնալու,այստեղ բիզնես դնելու, դրանում ուրիշ մարդկանց ներառելու և նրանց ապրուստի միջոց ապահովելու,  սակայն  դրա համար համապատասխան նախադրյալներ են անհրաժեշտ. եթե այսքան տարի դրսում ապրելով պետք է Հայաստան վերադառնանք առանց գումար,, ապա ավելի լավ է չվերադառնալ:

Շահեն Բադալլյանը՝ որդու հետ

Մեր համատեղ կյանքը չստացվեց 

Անձնական կյանքիս մասին խոսելու որևէ խնդիր չունեմ: Ամուսնացած չեմ, ապրում եմ տղայիս և հորս հետ: Տղաս ծնվել է Հայաստանում, մենք ապրել ենք Մոսկվայում, արդեն 1 տարեկանից նա ապրում է միայն ինձ հետ: Տղայիս մայրը շատ լավ աղջիկ է, սակայն մեր համատեղ կյանքը չստացվեց, մենք միմյանց սիրել ենք  6-րդ դասարանից սկսած, սակայն ինչպես ասում եմ՝ «Շատ մի սիրիր, ատել կա»: Տղայիս ու նրա  մոր միջև շփում չկա, տղաս երբեք էլ դրա կարիքը չի ունեցել, քանի որ մայրս նրան շատ լավ էր խնամում: Ես նրա համար եղել եմ եղբայր, իսկ հայրս ու մայրս՝ նրա ծնողները:  Նա 24 տարեկան է, ապագա բժիշկ, շուտով նշանադրվելու է հայ աղջկա հետ, ով, ճիշտ է, ծնվել է Ամերիկայում, սակայն իսկական հայուհի է և հրաշալի տիրապետում է հայերենին: Բազմաթիվ դժվարւթյունների միջով եմ ստիպված եղել անցնել, որոշ ժամանակ տղայիցս հեռու եմ ապրել,  սակայն հստակ կարող եմ ասել, որ տղաս  կյանքիս կարևորագույն ձեռքբերումն է:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահեն Բադալյանի որդին՝ ընկերուհու հետ

Իմ կողքին ես պատկերացնում եմ հայուհու

Այս պահին դեռ սիրտս զբաղված չէ, այն կինը, ով կհայտնվի իմ կողքին, պետք է կարողանա տանել իմ քմահաճույքները, կարողանա գնահատել այն, ինչ ես անում եմ: Իմ կողքին ես պատկերացնում եմ հայուհու, քանի որ ինքս էլ հպարտ եմ, որ հայ եմ, և եթե երկրորդ անգամ ծնվելու հնարավորություն ունենայի, դարձյալ կցանկանայի հայ ծնվել:

Եթե հնարավորություն ունենայի նորից սկսելու կյանքս 

Եթե հնարավորություն ունենայի նորից սկսելու կյանքս, մի բան կփոխեի միայն. որոշ մարդկանց անգամ բարև չէի տա, կգնահատեի ժամանակս, այն չէի վատնի նման մարդկանց վրա:

Կատարյալ երջանիկ լինելու համար ինձ ոչինչ այս պահին չի պակասում 

Կատարյալ երջանիկ լինելու համար ինձ ոչինչ այս պահին չի պակասում. ունեմ մեջքիս սարի պես կանգնած տղա, հայրս կողքիս է, ունեմ լավ հարազատներ և լավ հանդիսատես, ով ինձ սիրում ու գնահատում է, դրանից ավել էլ ինչ է պետք մարդուն: 

Ամեն ինչ լավ է լինելու , իսկ եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ 

Ամենադժվար պահին էլ, պետք է ժպտաս ու առաջ անցնես, ամեն ինչին մոտենաս լավատեսորեն և մտածես, որ ամեն ինչ լավ է լինելու: Կյանքում ես առաջնորդվում եմ մի կարգախոսով՝ «Ամեն ինչ լավ է լինելու , իսկ եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ»:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին