▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծամտություն չհնչի, բայց տվյալ ոլորտին ես բավականաչափ եմ տիրապետում. Մրոն՝ նախարարի խորհրդական դառնալու մասին

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, այսուհետ հանդես կգա նաև որպես Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խորհրդական: Asekose.am-ը կապ հաստատեց երգչի հետ, ով ի դեպ՝ այս պահին համերգային շրջագայությամբ գտնվում է Հալեպում՝ զրուցելու նոր պաշտոնի, առաջիկա նախագծերի  և Արմեն Ամիրյանի հետ աշխատանքի մասին:

«Նախ պետք է ասեմ, որ այն բոլոր շնորհավորանքները և գնահատականները, որոնք եղել են այս օրերի ընթացքում, ավելի են մեծացնում իմ պատասխանատվությունը, չնայած որ ինքս միշտ ունեցել եմ պատասխանատվություն մեր մշակույթի պահպանման և հանրայնացման գործում: Հիմա պարզապես այս ամենն ավելի պաշտոնական բնույթ է ստացել, ինչի համար շնորհակալ եմ մեր նախարարին, ով ինձ նշանակեց իր խորհրդական ազգագրական երգի, պարի, երաժշտության գծով»,- նշեց Արսեն Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ Արմեն Ամիրյանի՝ նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից իրենք հանդիպել են և որոշակի հարցեր են քննարկել այս ամենի վերաբերյալ.

«Ինչպես բոլոր բնագավառները, ինչպես մշակույթի բոլոր ճյուղերը, այնպես էլ այս ոլորտը համակարգման կարիք ունի: Ես կփորձեմ այս հարցում իմ ներդրումը և մասնակցությունն ունենալ: Իհարկե, մեր ազգային երգը, պարը մեր հասարակության ներսում, ինչպես նաև դրանից դուրս հանրայնացնելը, տարածելը նաև անձամբ պրն. Ամիրյանի ցանկությունն էլ է»,- նկատեց երգիչը:

Խոսելով իրենց նպատակների մասին և նրանից, թե ինքը՝ որպես խորհրդական, ինչից է մտադիր սկսել, Մրոն պատմեց.

«Մեր նպատակն է օտարներին ճանաչել տալ մեր մշակույթն իր իսկական, անաղարտ տեսքով: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ կետից եմ ուզում սկսել, ասեմ, որ մենք  առաջնային ցանկություն ունենք մեծացնելու  ազգային երգի, պարի բոլորի խմբերի արդյունավետությունը՝ անելով ամեն բան, որպեսզի այդ խմբերի դերը մեր հասարակության մեջ նշանակալի լինի: Ինչպես նաև մենք պետք է ստեղծենք ազգային երգի, պարի և երաժշտության խմբեր այն քաղաքներում, որոնք ունեն բավական մեծ ազգային ժառանգություն, սակայն չունեն համապատասխան խմբակներ, որոնց մասնակիցները կզբաղվեն իրենց իսկ պապերի երգ, երաժշտության տարածմամբ: Այնպես որ, անելիքներ շատ կան, կարծում եմ՝ ես կկարողանամ և պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի այս ամենն իրականություն դարձնեմ»,- շեշտեց երգիչը՝ ավելացնելով.

«Այս միտքս շատ եմ կրկնել, բայց հիմա էլ կասեմ. զուռնայի ամեն մի նվագ չէ, որ ազգային է, դուդուկի ամեն մի հնչյուն չէ, որ ազգային է, ամեն մի տարազ չէ, որ մենք պետք է ընդունենք որպես մեր հայկական տարազ: Այստեղ շատ նրբություններ կան: Օրինակ, կան խմբեր, որոնք օգտագործում են թուրքական, թուրքմենական զարդանախշերով կտորներ՝ ներկայացնելով դրանք իբրև հայկական: Ամեն ինչ պետք է կանոնակարգել, հստակեցնել, օրինակ՝ ոչ պրոֆեսիոնալ արվեստի, այսինքն՝ ֆոլկլորի նկատմամբ, մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ մոտեցում: Շատ խնդիրներ կան, կարծում եմ՝ մոտ ապագայում մենք արդեն կկարողանանք ցույց տալ և մեր ժողովրդին հաշվետու լինել, թե մենք ինչ ենք արել այս ընթացքում և թե ինչ ենք պատրաստվում հետագայում անել: Ավելի քան համոզված եմ, որ մենք մեծ արդյունքների ենք հասնելու, որոնք գոհացնող կլինեն թե մեզ, և թե հանրության համար»,- նկատեց Արսեն Գրիգորյանը:

Անդրադառնալով իր և Արմեն Ամիրյանի համատեղ աշխատանքին, Մրոն ասաց, որ գաղափարապես իրենք միմյանց հետ որևէ խնդիր չունեն.

«Ցանկացած գործում հնարավոր է, որ անհամաձայնություններ, տարբեր մոտեցումներ լինեն, սակայն մեր դեպքում մենք սկզբունքորեն որևէ խնդիր չունենք: Այսինքն՝ այն առաջիկա նպատակները, որոնք տեսնում է նախարարը, տեսնում եմ նաև ես: Թող մեծամտություն չհնչի, բայց տվյալ ոլորտին ես բավականաչափ եմ տիրապետում, այդ իսկ պատճառով, կարծում եմ` Արմեն Ամիրյանը վստահեց և նշանակեց ինձ որպես իր խորհրդական: Ինքս էլ հավատում եմ պրն. Ամիրյանին, հավատում եմ, որ նա իսկապես ցանկություն ունի ճշմարիտը և մաքուրը տարածելու մեր մեջ»,- նշեց ժողովրդական երգիչը:

Զրույցի ընթացքում Արսեն Գրիգորյանը խոսեց նաև այս օրերին Հալեպում անցկացվող համերգների մասին.

«Այս պահին ես և Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը, Հալեպում ենք, պատերազմից հետո առաջին անգամ հանդես ենք գալիս մեծ համերգներով: Փորձում ենք մեր ժողովրդին փոքր-ինչ ուրախացնել, ինչպես նաև երախտիքի խոսքը փոխանցել թե մեր, թե ամբողջ հայության անունից, որ նրանք կարողացան տոկուն մնալ՝ չկորցնելով իրենց ինքնությունն այս դժվար պատերազմանական իրավիճակում: Այստեղ ունենք հայ զինվորներ, ովքեր օր ու գիշեր հսկում են, պաշտպանում են ամբողջ թաղամասը: Այստեղի հայությունն իր կյանքի գնով պահպանել է մեր հայկական եկեղեցին, դպրոցը: Ի դեպ՝ հենց այսօր հատուկ զինվորների համար ենք երգելու: Թեև շատ են կիսաքանդ, փլուզված շենքերը, բայց Հալեպում ապրող մեր հայությունը կամաց-կամաց սկսել է վերականգնվել,  իր ազգային կյանքով ապրել, արդեն երեխաները դպրոց են հաճախում, կեցցեն իրենք»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց Արսեն Գրիգորյանը:


Հեղինակ՝ Աաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին