▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզումները պետք է բարձր մակարդակով անցկացնենք, քանի որ մարտից «մարտերը» սկսվելու են

ՎիվարոՆյուզը գրում է. Գրիգոր Մելիքսեթյանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն դարպասապահներից մեկն է: «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստն իր հուսալի և վստահ խաղի շնորհիվ նոյեմբերին կրկին հրավեր ստացավ Հայաստանի հավաքականից՝ մասնակցելով Մոնտենեգրոյի հետ ընտրական հանդիպմանը նախորդած ուսումնամարզական հավաքին:

Մրցաշրջանի 2-րդ հատվածին կապանյան թիմի նախապատրաստության ընթացքի մասին կայքը զրուցել է 30-ամյա Գրիգոր Մելիքսեթյանի հետ:

Նախապատրաստական շրջանն ընթացքի մեջ է: Ինչպե՞ս են անցնում մարզումները, և թիմն ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Հունվարի 9-ից վերսկսել ենք մարզումները: Առաջին շաբաթվա ընթացքում մարզումներն ավելի թեթև էին, իսկ այժմ դրանք ավելի ծանրաբեռնված են դարձել: Զգացվում է, որ տղաներն աստիճանաբար հասկանում են մրցաշրջանի 2-րդ հատվածի լրջությունը և ավելի քրտնաջան են մարզվում: Կամաց-կամաց մարզավիճակ ենք ձեռք բերում:

«Գանձասար-Կապանն» առաջնությունում անհաջող մեկնարկից հետո բարելավեց ելույթները և զուտ 3-րդ շրջանի արդյունքներով ամենաշատ միավորներ էր վաստակել: Ըստ Ձեզ՝ կկարողանա՞ք բարձրանալ մրցաշարային աղյուսակում:

-Մեր նպատակն ամենաբարձր տեղերի համար պայքարելն է: Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք: Հունվար-փետրվար ամիսների մարզումները պետք է բարձր մակարդակով անցկացնենք, քանի որ մարտից «մարտերը» սկսվելու են (ծիծաղում է):

Առաջնության ընթացքում թիմը կայունությամբ աչքի չէր ընկնում: Ի՞նչ բացթողումներ կային թիմում, որոնք այդպիսի արդյունքների էին հանգեցնում:

-Չեմ կարող կոնկրետ խաղային դիրքեր նշել: Անհաջող ելույթներում մեղք ուներ ամբողջ թիմը: Առաջնության մեկնարկում փոքր-ինչ խաղակցվածության խնդիր կար, միավորների կորստի պատճառով նաև անվստահություն առաջացավ, բայց, փառք Աստծո, 4 անընդմեջ պարտություններից հետո բոլոր տղաներն իրենց մեջ ուժ գտան, և բարելավեցինք արդյունքները:

Նոյեմբերին որոշակի դադարից հետո կրկին հրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքական: Կփորձե՞ք ապացուցել, որ արժանի եք կրկին հրավիրվելու երկրի գլխավոր թիմ:

-Ոչ թե փորձելու եմ, այլ ուժերի ամբողջ լարումով աշխատելու եմ այդ ուղղությամբ: Ես, ինչպես և առաջնության ցանկացած այլ ֆուտբոլիստ, ցանկանում եմ ապացուցել իր անհրաժեշտությունը հավաքականին:

Հավաքի ընթացքում մարզվեցիք ավելի երիտասարդ դարպասապահների՝ Արսեն Բեգլարյանի և Անատոլի Այվազովի հետ: Ի՞նչ տպավորություններ ստացաք նրանց հետ համատեղ մարզումներից:

-Ընդհանուր առմամբ, հավաքականից դրական տպավորություններ ունեմ: Առաջին հերթին, կընդգծեի Արթուր Պետրոսյանին, ով իսկական պրոֆեսիոնալ է: Իսկ դարպասապահներն, իրոք, բավականին բարձր խաղամակարդակ ունեն: Շատ հաճելի էր նրանց հետ մարզվելը:

Ըստ նախնական տվյալների՝ ազգային հավաքականը փետրվարին ընկերական խաղ պետք է անցկացնի Ուզբեկստանի ընտրանու հետ, որին պետք է մասնակցեն հիմնականում տեղացի ֆուտբոլիստները: Առաջնությունում տեսնո՞ւմ եք այնպիսի դարպասապահների, ովքեր արժանի են շանս ստանալու հավաքականում:

-Բոլոր դարպասապահներն էլ արժանի են: Որ խաղացողներին կհամարեն ավելի արժանի, թող նրանց էլ հրավիրեն: Ես կողմնակից եմ, որ արդար մրցակցություն լինի: Թող հավաքականին միանան նրանք, ովքեր ավելի լավ մարզավիճակում են: Հայաստանում կան 15-20 դարպասապահներ, բոլորն էլ իմ ընկերներն են, և ես հարգում են նրանց, ուստի չեմ կարող կոնկրետ անուններ նշել: Բոլորն էլ թող ապացուցեն իրենց ելույթներով:

Քո կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ հայ դարպասապահները վերջին տարիներին չեն կարողանում ամրապնդվել արտասահմանյան ակումբներում, թեև ներքին առաջնությունում հաջող են հանդես գալիս:

-Դժվարանում եմ պատասխանել: Անցյալի դարպասապահներից միայն Ռոման Բերեզովսկին էր, ով բարձր մակարդակով էր հանդես գալիս Ռուսաստանում: Ունեինք խաղացողներ նաև Իրանի առաջնությունում, որն, իմ կարծիքով, ցածր մակարդակի մրցաշար չէ: Այնտեղ հայ մի քանի դարպասապահներ են ելույթ ունեցել և վատ տպավորություն չեն թողել: Ինչ վերաբերում է եվրոպական առաջնություններում հանդես չգալու պատճառին, ապա մի փոքր բարդ է պատասխանել այդ հարցին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին