▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա մեր տեղն է և անպայման զբաղեցնելու ենք. Տոլմայի փառատոնն ու նոր բաղադրատոմսերը

Սարդարապատում «Ոսկե Ծիրան-2014» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվեց «Ուդուլի» տոլմայի համահայկական, արդեն ավանդույթ դարձած հերթական՝ 4-րդ փառատոնը: Այն կրում էր «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: Նպատակն է՝ տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել դրա պատրաստման եղանակները, և, իհարկե, հայկական այս կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից: Փառատոնին ներկա անձինք, այդ թվում և օտարերկրյա հյուրերը, մեծ ախորժակով համտեսեցին հայկական ավանդական այս կերակրատեսակի բազում տարբերակները, մինչ կմեկնարկեր բուն միջոցառումը: Բացի խաղողի և կաղամբի թպով տոլմայից կային նաև ավանդական տոլմայի հիման վրա պատրաստված նոր տեսակներ. պաղպաղակով, գազարով, սմբուկով, սերկևիլով, համեմունքներով… Մասնակիցներից մեկը, օրինակ, պատրաստել շատերս հայտնի պասուց տոլմայի նոր բաղադրատոմսը, այն է՝ թթու կաղամբի փոխարեն թարմ կաղամբ, որի համար օգտագործել է լիմոնի աղ, ապա ձավար, մեծ քանակությամբ սոխ, մի քիչ ռեհան, ձեթ, տոմատ:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հասարակությունը հասկանում է, որ սա մշակութային միջոցառում է և ազգային խոհանոցը ոչ նյութական ժառանգություն է:

«Նպատակն է, որ մենք հասկանանք և գնահատենք մեր արժեքները: Եթե մենք ինքներս իմանանք, ճանաչենք, գնահատենք, օտարը չի կարող ոչ յուրացնել, ոչ էլ կարծիք հայտնել: Ազգային խոհանոցն էլ պաշտպանվելու կարիք ունի: Այն ինքնության ճանապարհներից մեկն է»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:

ASEKOSe.am թղթակցի հարցին՝ թե ինչո՞վ է հայկական խոհանոցը զիջում այլ երկրների խոհանոցներին, պարոն Մամուլյանը պատասխանեց, որ խնդիրը զարգացման մեջ է.

«Շատ երկրներ մեր խոհանոցից ոգեշնչվելով վերցրել են և ձևավորելով որպես իրենցը շատ ավելի բարձր դիրքերում են, առայժմ: Բայց մենք այդ ճանապարհն անցնելու ենք: Դա մեր տեղն է և, միգուցե, դեռ թափուր է, սակայն մենք ենք զբաղեցնելու»,-նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Տոլմայի փառատոնի օրվան, ապա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահը պատասխանեց, որ այն շարժական է, քանի որ կապված է «Ոսկե Ծիրան»-ի հետ և անցկացվում է դրա շրջանակներում:

«Ողջունելի են նման միջոցառումները և ճիշտ է, տոլման կարող են շատերը պատրաստել, սակայն տոնածիսական ուտեստները բավականին տարբեր են: Հայկական տոլման տարբերվում է իր համով»,-ասաց ՀՀ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը: Նա, քանի որ ժյուրիի անդամ էր, հասցրել էր համտեսել մասնակիցների պատրաստած տոլմաները, ուստի, կարևորեց ավանդական տոլմայի գաղափարին հավատարիմ լինելը:

Փառատոնին ներկա էր նաև ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ով մեր հարցին, թե արդեն հասցրե՞լ է համտեսել տոլման, պատասխանեց, որ ոչ թե հասցրել է համտեսել, այլև կերել է.

«Սիրում եմ ամեն ինչ փորձել, բայց, վերջում վերադառնում եմ ավանդական տոլմային»,-ասաց երաժիշտը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է նման միջոցառումը, քանի որ տոլմա փաթաթելն ինքնին արվեստ է, որի արդյունքը իր գեղեցիկ համն է: Հարցին, թե ինչո՞ւ նա ընդգրկված չէ ժյուրիի կազմում, Անդրե Սիմոնյանը պատասխանեց, որ անցած տարի առաջարկ եղել է, սակայն հրաժարվել է, քանի որ մասնագետ չէ:

Նշենք, որ ներկայացված էր 22 տաղավար, տոլմայի գինը 50-200 դրամ էր: Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին 8 հոգի, և, ինչպես մեզ հետ զրույցում նրանց ներկայացնելիս բնութագրեց Սեդրակ Մամուլյանը, մարդիկ են, ովքեր երբեք իրենց խղճի հետ գործարք չեն անի. Լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում անվանակարգերում հաղթողներին համաձայն նրանց պատրաստած տոլմայի համի՝ ընտրելու էին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), երգիչ , երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ վետերան Արկադի Անդրեասյանն և ուրիշներ: Հավելենք, որ օգոստոսի 11-ին Սևանի տարածաշրջանում լինելու է Նավասարդը և Թոնրատոնը, 17-ին՝ Մեղրի և հատապտուղների փառատոնը, սեպտեմբերին՝ Խորովածի փառատոնը և այդպես շարունակ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին