▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողները հայտնի են

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին և համատեղությամբ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին: Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձանժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը: «Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը մարտի 18-ն էր և միջազգային հանձնաժողովը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, համալասարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում՝ աշխարհի տարբեր երկրներից: Առաջարկներն ուղարկվել են փորձաքննության և, աշխարհի ականավոր գիտնականները, ստանալով բոլոր նյութերը, երաշխավորել են դրանք: Տեղի է ունեցել նաև քննարկում հանձնաժողովի անդամների միջև: Այս տարի հաջողվել է քննարկումն անցկացնել Երևանում»,-աաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է մրցանակակրի ընտրությանը, ապա նա, ՀՀ ԳԱԱ նախագահի խոսքով, պետք է ունենա միջազգային հետաքրքրություն: Տեղեկացնենք, որ Ֆելիքս Ահարոնյանը (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» և համատեղ` Իգոր Կարաչենցև (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալի (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ), առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»: Մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար դոլար և այն կբաժանվի հետևյալ կերպ. Ֆելիքս Ահարոնյան կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար: Վերջինները համատեղ աշխատանք են ներկայացրել: Նշենք, որ աստղագիտության հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար Հայաստանի նախագահի սահմանած մրցույթը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևոր միջազգային մրցանակներից մեկն է: Հանձնվում է ցանկացած երկրի և ազգութայն ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` բաղկացած ոչ ավելի քան 3 գիտնականից։

Նախորդ դափնեկիրներն են. 2010 թ. Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյան (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա), Նունու Սանտուշ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա) 2012 թ. Յան Էյնաստո (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) և Իգոր Նովիկով (Պ.Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)

Իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին