▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են վերացել դինոզավրերը և ի՞նչ է սպասվում մարդկությանը

«2014 թվականի հունիս ամսվա դրությամբ արդեն շուրջ մեկ միլիոն աստղակերպ և երկնաքար կա: 11.000-ը համարվում է երկրամերձ, տրամագիծը 1-32 կմ է»,-Բյուրականի աստղադիտարանում ընթացող «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի ժամանակ խոսելով երկրամերձ վտանգավոր աստղակերպերի և երկնաքարերի մասին՝ ասաց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ 32 կմ երկնաքարը ոչ թե Երկրի, այլև տեղանքի համար կարող է կործանարար լինել: Հնարավոր է՝ ինչ-որ քաղաք վերանա:

Համաձայն վիճակագրության՝ 50 կմ-ից մեծ 600 աստղակերպ կա, 10 կմ-ից մեծ՝ 10.000, 3կմ-ից մեծ՝ 200.000, 5 կմ-ից մեծ՝ 2.000000:

Երկրի մակերևույթին հայտնաբերվել է 184 երկնաքարային խառնարան: Ամենախոշորը 300 կմ տրամագծով է Հարավային Աֆրիկայում: Սա հիմա քայքայվել և փոքրացել է:

Բոլոր երկնաքարերն ընկել են 2.5 միլիարդ տարիների ընթացքում, վերջինը 25 միլիոն տարեկան խառնարանն է, որը գտնվում է Տաջիկստանում:

Պարզվում է՝ 58 միլիոն տարին մեկ խոշոր հարված է տեղի ունենում: Անգամ տեսակետ կա, որ 66 միլիոն տարի առաջ դինոզավրերը նման հարվածի հետևանքով են վերացել:

Աստղագետը նկատում է՝ երկնաքարերի հարվածներն ատոմային ռումբերից էլ ավելի հզոր ու քայքայիչ հետևանք են թողում:

Հիշենք, թեկուզ 2013 թվականին Չելյաբինսկում կատարվածը. Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ընկել էին երկնաքարի կտորներ։ Դրանցից ամենամեծն ընկել է Սակինսկի շրջանում ու ավերել գործարանի մի մասը։ Չելյաբինսկում վնասվել է ավելի քան 3000 շենք, հիմնականում կոտրվել էին ապակիների մեծ մասը։

Ականատեսների վկայությամբ՝ տեղի ժամանակով 9:20-ին երկնքում լուսավոր մարմին է երևացել, երկու րոպե անց լսվել է երեք պայթյուն։

Չեբարկուլ լճում մասնագետները հայտնաբերել էին «Չելյաբինսկ» երկնաքարի ամենախոշոր բեկորը, որի զանգվածը, նախնական գնահատականներով, մի քանի տոննա էր։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Արկադի Օվչարենկոն՝ ասելով. «Մարմնի տրամագիծը, մեր կանխատեսումներով, կազմում է առնվազն 2 մետր, իսկ քաշը՝ տոննաներ»։

Իսկ վերջին ժամանակների ամենախոշոր բախումը տեղի է ունեցել 1994թ., երբ Շոմեյկեր-Լևիի գիսավորը բախվել է Յուպիտերի հետ, և մինչև իր անկումը մոլորակի հզոր գրավիտացիոն դաշտում փշրվել է մի քանի տասնյակ մասերի:

Աստղագետը նկատում է՝ դիտողական տեխնիկան այժմ զգալիորեն ավելի զարգացած է, և բոլոր շարժվող մարմինները հսկվում են հարյուրավոր միլիոն կիլոմետրեր հեռավորություններից սկսած:

Մեզ հետ զրույցում խոսելով սպասվող վտանգի մասին՝  Արեգ Միքայելյանն ասաց. «Ներկայումս մի փոքր ավելի հանգիստ կարող ենք լինել, քանի որ մարդկության կողմից ստեղծված ավերիչ միջուկային զենքը գուցե հնարավորություն տա սպասվող վտանգը կանխել կամ, գոնե մեղմացնել` շեղելով մոտեցող երկնաքարի ուղին կամ պայթեցնելով և մասնատելով այն»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Մենք որտեղի՞ց ենք. Մեկնարկել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը.

Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են.

Այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր.

Հնում ինչո՞ւ են նայել աստղերին

Աշխարհում առաջին «բրիջի»-ն հայերն են հագել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին