▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարող մեղադրել Սերժ Սարգսյանին նման պատասխան հնչեցնելու համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լրագրողները նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ է կարծում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ:  Սերժ Սարգսյանը հորդորել է դիմել պաշտպանության նախարարին: Լրագրողների դիտարկմանը, թե ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյան արձագանքել է. «Իյա, իրո՞ք»:

Առաջին հայացքից, հատկապես` նրանց համար, ովքեր անտեղյակ են երկու օր առաջ այս թեմայի վերաբերյալ  Սերժ Սարգսյանի  անդրադարձից,  լուրը կարող է հետաքրքիր թվալ, նույնիսկ «սկանդալային»:  Բայց արդյո՞ք ճիշտ է նման հարց տալ երկրի նախագահին, երբ  քեզ` որպես լրագրողի, հնարավորություն է ընձեռվել նրան հարց ուղղելու:

Նախ` այդ հարցի պատասխանը նա արդեն տվել է (արդեն երկու օր է` ԶԼՄ-ներում այդ թեման է, էլ չասեմ` Ադրբեջանի հիստերիկ արձագանքը): Երկրորդ՝ երբ լրագրողը կարողացել է ճեղքել նախագահական «պատնեշը» և մոտեցել է  նախագահին, նա պետք է նայի նախագահի աչքերի մեջ ու այնպիսի հարց տա, որ նախագահը ոչ միայն փորձի դրան լուրջ պատասխան գտնել, այլ նաև պատժի իր խորհրդականներին, որ թաքցրել և իրեն չեն տեղեկացրել այդ թերացման կամ բացթողնման մասին:

Մի քանի օր առաջ, երբ սահմանին երկու զոհ ունեցանք, Բերդի հիվանդանոցի բակում` տղաների դիերի մոտ,  բացի հարազատներից և զինվորական ոստիկանության աշխատակիցներից, ոչ ոք չկար: Այնինչ` տեղական ինքնակառավարման մարմինների և հատկապես` մարզպետարանի ներկայացուցիչները  պարտավոր  էին առաջինը լինել այնտեղ՝ սգացող հարազատների կողքին:   Պարզ է, չէ՞,  եթե այդ օրը որևէ նախարարությունից զանգահարեին և տեղեկացնեին, որ ինչ-որ վարչության պետ գալիս է ստուգման, Տավուշի սահմանագլխին նրան կդիմավորեին, կտանեին-կպատվեին` մի կտոր հաց կուտեին և այլն, բայց այս դեպքում ինչո՞ւ խառնվել իրար:

Կարելի էր նախագահին հարցնել այս մասին` ձեռքի հետ էլ բարձրաձայնելով տեղեկացնել թե նրա կուսակից պաշտոնյաներն ինչպես են աշխատում: Կարելի էր նաև հարցնել բազում բացթողումների, որոշ պաշտոնյաների  հակապետական գործունեության մասին:  Բայց` ոչ: Դա մեզ չի հետաքրքրում:   Մեզ՝  լրագրողներիս, հետաքրքրում են  րոպեական սկանդալները: Մի երկու օր կգրենք, կանցնի, կգնա: Հիմա ի՞նչ տարբերություն նրանց և իշխանության  ու հասարակության սինթեզը համարվող լրագրողների միջև: Ի՞նչ երաշխիք  կա, որ, ինչ-որ պաշտոն ստանալով, լրագրողը կամ այդ դաշտի ներկայացուցիչը չի դառնա նրանցից մեկը, մանավանդ` դրա ցայտուն օրինակներն արդեն ունենք:

Ես չեմ կարող մեղադրել նախագահին նման պատասխան հնչեցնելու համար: Ավելին՝ դա շատ ադեկվատ պատասխան է, և պետք չէ մանիպուլիացա անել, թե` տեսե’ք, նախագահը չգիտի, որ ինքը երկրի գերագույն հրամանատարն է: Նախագահի պատասխանն ավելին է ասում: Նա  գիտի, որ մեր լրագրողական դաշտը ճգնաժամի մեջ է:

Իսկ դրանից ինչո՞ւ չօգտվել:  

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին