▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են մեր «հարևանները» որսում չարքերին և հանում թուղթուգիրը


Ադբեջանում «կախարդների որսը» սկսվել է բառացիորեն վերջին օրերին: Կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովը որոշել է բոլոր գուշակներին պատասխանատվության ենթարկել «խարդախություն» հոդվածով: Նրանց կստիպեն մեղա գալ՝ սպառնալով վերագույքագրմամբ: Ուջարի և Շամախիի շրջաններում ՆԳՆ ստուգումների արդյունքում ձերբակալվել է երկու գուշակ, նրանց արվել է համապատասխան «հանդիմանություն»: Հայտարարվել է, որ արշավը կդիպչի միայն գուշակներին, այսինքն օկուլտիզմի ժանրի մանր «ծառայողներին»: Էքստրասենսների հետ ամեն ինչ ավելի բարդ է. եթե սկսեն նրանց նկատմամբ էլ որս անել, կարիք կլինի հիշատակել երկրի սահմաններից դուրս գտնվող այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Թոֆիկ Դադաշևը և Զիրադդին Ռզաևը, իսկ նրանց վարկանիշը չափազանց բարձր է:

Մարիամը, Սևիլը և Լեյլան

Առաջին անգամ Մարիամը գուշակի մոտ գնացել է 17 տարեկանում. գնացել է ընկերուհու հետ, «հավեսի համար», ինչպես ինքն է պատմում: «Ռուս կինը, ում մոտ մենք գնացինք, գուշակում էր խաղաթղթերով: Ինձ նա շատ բան խոստացավ. շուտով կամուսնանամ, ամուսինս միլիոնատեր կլինի, շատ երեխաներ կունենամ, և, ընդհանրապես, ինձ շատ երջանիկ կյանք է սպասվում»:

Մարիամը հետո էլ է գնացել գուշակների մոտ: Ասում է, որ դա լուրջ չէր ընդունում: Մի պահ նրա գործերը շատ վատ են գնացել, հատկապես անձնական կյանքում: Ընկերուհին նրան խորհուրդ է տվել դիմել մի կնոջ, ով հանում է թուղթուգիրը և «բոլոր ճանապարհները բացում»: «Նրա անունը Ալմազ էր: Նա գուշակում էր խաղաթղթերով, բացի այդ մարդուն նստեցնում էր ուղիղ իր դիմաց և ասում, որ նրա մասին տեսնում է ամեն ինչ, կարծես գլխավերևում փոքրիկ էկրան լինի: Նա ինձ ասաց, որ ինձ թուղթուգիր է արել մի կին՝ կարճահասակ, բաց գույնի մազերով և ուսադիրներով: Ասաց, որ ես հանդիպել եմ նրա որդու հետ, իսկ նրան դա դուր չի եկել, և նա այնպես է արել, որ մենք բաժանվենք, ես անձնական կյանք և երեխաներ չունենամ: Նկարագրությունը ճշգրտորեն համընկնում էր իմ նախկին ընկերոջ մոր արտաքինին»:

Ալմազն աղջկան կարգադրել է բերել մեղրամոմ, և գալ ցանկացած օր, բացի երկուշաբթի և հինգշաբթի օրերից, քանի որ այդ օրերին հնարավոր չէ հանել անեծքը:

«Ալմազը հալեցրած մոմը լցրեց ջրով լի թավայի մեջ՝ այդ ընթացքում ինչ-որ բաներ ասելով: Կարծում եմ՝ ինչ-որ աղոթք էր ասում. նա մուսուլման է: Մեղրամոմը ճայթյունով պայթեց, ինչպես փուչիկ: Հետո նա բացեց մուտքի դուռը, ինձ նստեցրեց դրա մոտ և նորից սկսեց աղոթք կարդալ: Հետո գնաց զուգարան և երկար մնաց այնտեղ, իր ասելով, որպեսզի մաքրվի իրեն կպած բացասական էներգիայից: Այդ ժամանակ ինձնից վերցրեց 100 մանաթ [շուրջ 100 դոլար]»:

Չանցած 3 ամիս՝ աղջիկը ծանոթացել է մի երիտասարդի հետ, որի հետ ամուսնացել է: Մարիամը կարծում է, որ Ալմազն այդ հարցում իրեն օգնել է:

Սևիլն ասում է, որ ինքը բոլոր տեսակների ժողովրդական բուժակների հետ շփման հարուստ փորձ ունի: «Կարելի է ասել, ես նրանց մեջ մեծացել է: Հարևան բնակարանում ապրում էր ամբողջ Բաքվում հայտնի մի էքստրասենս, մյուս բակում՝ նրա մրցակիցը, որը, այսպես ասած, պատկանում էր այլ դավանանքի: Երկուսն էլ բավականին ազնիվ մարդիկ էին, և երկուսն էլ, անկասկած, անբնական կարողություններ ունեին: Մինչդեռ նրանց շրջապատը՝ աչքերում անառողջ փայլով կախյալ ֆրիկների այդ ամբոխը, որոնք անգամ իրենց քորել չեն կարողանում առանց իրենց «սենսեյին» զանգահարելու, սարսափելի է»:

Սևիլը կարծում է, որ գուշակությունները, որոնք կատարվում են, ընդամենը պարզունակ հնարք է: «Ձեզ կասեն, որ աղջիկը ինչ որ կախարդի խորհրդով առավոտյան ժամը 6-ին եկել է խաչմերուկի մոտ, ափսե կոտրել, և երկու շաբաթ հետո փեսացու է հայտնվել: Այդ մարդիկ չեն հասկանում, որ ցանկացած երիտասարդ աղջկա մոտ վաղ թե ուշ փեսացու կհայտնվի, հատկապես մեր կողմերում, որտեղ բոլոր մայրերը, խելագարվածի պես ցանկանում են ամուսնացնել իրենց երեխաներին: Դա նույնն է, որ խելացի դեմքով գուշակես, որ մայիսին ամպրոպ կլինի: Ինչ վերաբերում է նրանց հաճախորդներին, ավելի հեշտ է հավատալ, որ քո խնդիրները անեծքի հետևանք են, քան սկսել դրանք լուծել նորմալ միջոցներով»:

Սակայն բոլոր հաճախորդները չէ, որ գոհ են մնում. օրինակ, Լեյլան էքստրասենսի մոտ գնացել է «հավեսի համար» և այդպես էլ մնացել է: «Դա վաղուց էր, դեռ ուսանողության տարիներին: Այդ ժամանակ մի էքտրասենս կար՝ Ռովշանը, շատ էին գովում: Ինձ նրան խորհուրդ տվեց նրա խմբակիցներից մեկը: Նա ասաց. «Ես ձեր մեջ մեծ ներուժ եմ տեսնում, դուք կարող էիք անգամ մագիստրատուրա ընդունվել, բայց, ցավոք, դա ձեզ հետաքրքիր չէ»: Այդ պահին ես մտքումս ծիծաղեցի, քանի որ ես միշտ հետաքրքրված էի ուսումով և կարիերայով (ի դեպ, Լեյլան հետագայում հաջողությամբ ուսում է ստացել արտասահմանում): Ենթադրում եմ՝ այդ սխալ եզրակացությունը նա արեց իմ արտաքին տեսքի պատճառով. ես կարճ շրջազգեստով էի և վարդագույն զուգագուլպաաներով»: Մոգի արտաքինում ոչ մի գերբնական բան չկար, նա ամենասովորական, միջին տարիքի ռուսախոս տղամարդ էր:

Ազգային առանձնահատկությունները

Եթե վերցնենք աբողջ «օկուլտային շուկան» ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գոյություն ունի երեք ուղղություն. «բժշկական» մոգություն, որը բուժում է հիվանդությունները, «սև մոգություն», որը հազար ու մի մեթոդ է առաջարկում ձեզ նեղացնողին գերեզման ուղարկելու համար՝ ինչպես ձեռքի տակ եղած միջոցներով, այնպես էլ պրոֆեսիոնալին «պատվիրելու» միջոցով, և «սպիտակ» մոգություն, որը պատասխանատու է անձնական կյանքի կարգավորման, հաջողության հասնելու, և, որ պակաս կարևոր չէ, սև մոգությունից պաշտպանվելու համար:

«Բժշկական» մոգությունը պահանջում է կոնկրետ արդյունքներ, ուստի դրանով քչերն են զբաղվում: Հաճախ դա հիվանդությունների ախտորոշում է: Բաքվում, օրինակ, աշխատում է մի կին, ով «երրորդ աչքով ներքին օրգաններ ներթափանցելու» սեանսի ավարտից հետո հաճախորդին տալիս է կնիքով փաստաթուղթ (կնիքը, բնականաբար, աչքի պատկերով), ինչպես ուլտրաձայնային հետազոտության արդյունքներն են լինում:

Սպիտակ մոգության մեջ կիրառվում են բազմաթիվ ծեսեր, որոնք գտնվում են կրոնական արարողությունների, հոգեթերապիայի և հեթանոսության միջև: Այսինքն, դուք կարող եք մրցակիցների արած թուղթուգիրը հանել գրասենյակից՝ եկեղեցուց բերված սուրբ ջրի միջոցով, կամ ինչ-որ բույսերի հատիկներ թավայում տապակելու միջոցով, կամ կարելի է մութ սենյակում մոմեր վառել և այլն:

Բայց առավել մեծ հնարամտություն ցուցաբերում են մութ ուժերը: Մարդու կամ ամբողջ ընտանիքի վրա թուղթուգիր անել կարելի է նրանց տուն մոգական առարկաներով փոքր պարկ գցելով, իսկ թե ինչ առարկաներով՝ արդեն կախված է չարագործի երևակայությունից և «կոփվածությունից»: Ամենազարմանալին այն է, որ կան անեծք անելու համեմատաբար պարզ մեթոդներ, որոնք Ադրբեջանում միաձայն համարում են արդյունավետ: Այնքան արդյունավետ, որ մենք չենք կարող հրապարակել օգտագործվող նյութերի անունները: Շատերը կարող են դա ընկալել այնպես, կարծես թե ինչ-որ մեկը հրապարակում է տնային պայմաններում ջրածնային ռումբ պատրաստելու միջոց:

Հասարակությունը և մեդիան

Գուշակների մոտ գնալու պատմությունները մոտ ընկերուհիների համար են: Հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընդունված է կասկածամտությունը: Առաջատար մեդիային չեք զարմացնի ժողովրդական հեքիմների զարմանալի հնարավորությունների մասին պատմություններով, իսկ ահա մերկացնել՝ որքան կուզեք: Միաժամանակ, ցանկացած թերթում «Հայտարարություններ» բաժնում կգտնվի այսպիսի առաջարկների մի ամբողջ էջ. «Տոհմական գուշակ, գուշակում եմ հին գնչուական մեթոդով, հանում եմ թուղթուգիրը, հզոր կախարդանք եմ անում՝ 100 տոկոս երաշխիքիվ»: Կան նաև առաջադեմ գործարարներ. նրանք աշխատում են հեռակա, օրինակ թուղթուգիր են անում կամ այն հանում լուսանկարով, Skype-ով կամ սոցցանցերով: Իսկ գումարը փոխանցվում է հաշվեհամարին:

Բացի այդ, տեղական հեռուստաալիքներով մի շոու կա՝ ռուսական «Էքստրասենսների մարտ»-ի նման. էքստրասենսներին հաճախակի են հրավիրում թոք-շոուների: Ադրբեջանցի ամենահայտնի գուշակը Զիրադդին Ռզաևն է, որը մասնակցել է ռուսական վերը նշված շոուին:

Բայց տեղի «աստղերն» էլ փառքից զրկված չեն, ինչը երևում է նրանց հոնորարների չափերից: Օրինակ, Անար Աբդուլլաևի հոնորարը, ըստ տարածված խոսակցությունների, կազմում է 15 րոպե աշխատանքի համար 100 մանաթ: Նա մասնագիտացած է չարքերին և հոգիներին ցրելու մեջ: «Ես մարդկանց տանում եմ գերեզմանոց, բռնում և խեղդում չարքերին»,- ասում է նա՝ հավելելով, որ նման աշխատանքի համար պահանջում է ոչ պակաս, քան 1000 մանաթ:

Հայտնի էքստրասենս, պարահոգեբան, «Էքստրա հիսս» (բառացի՝ «էքստրա զգացմունք») շոուի հաղթող Լամիա Իսմաիլովայի մոտ ընդունելությունն արժե առնվազն 50 մանաթ:

Գիտություն և կրոն

Բացի սուրճից ու թղթախաղերից՝ գոյություն ունի «տեղական» գուշակության ևս մեկ ձև՝ «Գուրան աչդիրմա» [բառացի՝ «Ղուրանի բացում»]: Դրա էությունն այն է, որ մարդն իր մասին հարց է տալիս, իսկ գուշակը բացում է մուսուլմանների սուրբ գիրքը կամայական էջի վրա և այնտեղ փնտրում հաճախորդի հարցի այլաբանական պատասխանը:

Աստվածաբանության փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աքրամ Հասանովը պնդում է, որ գուշակների մոտ գնալ՝ նշանակում է փորձել միջամտել Ալլահի գործերին, իսկ դա մեծ մեղք է համարվում: «Ալլահը իր «Ալ-Բակարա» սուրայում (այաթ 12) թուղթուգիր անողների մասին ասում է. «Նրանք զբաղվում են իրենց համար անօգուտ գործով, ինչը վնասաբեր է»»: Աստվածաբանի կարծիքով, ըստ իսլամական օրենքների, մոգերին պետք է զրկել կյանքից, բայց քանի որ Ադրբեջանում մահապաատիժ նախատեսված չէ, ապա պետք է ենթարկել ցմահ բանտարկության:

Բժիշկ-նյարդաբան Քերիմա Քերիմովան կարծում է, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ բացատրվում է ֆիզիկայի օրենքներով, իսկ էքստրասենսները, հնարավոր է, իսկապես տեսնում են ապագայի հնարավոր տարբերակներից մեկը: «Միտքը դեռ ֆիզիկայով նկարագրված միավոր չէ: Ուղեղը առայժմ մինչև վերջ ուսումնասիրված օրգան չէ: Հնարավոր է, որ 50-100 տարի հետո մարդիկ կսովորեն առավել մեծ ՕԳԳ-ով օգտագործել ուղեղը, և այդ ժամանակ տելեպատիկ շփման այսօրվա ֆանտաստիկան կլինի ոչ թե ֆանտաստիկա, այլ գոյության նորմա. Չէ՞ որ հարյուրավոր տարիներ առաջ այդպիսի ֆանտաստիկա էր թվում նաև ինքնաթիռով թռչելը կամ օվկիանոսում սուզվելը:

Էքստրասենսների կարողությունները ոչ թե մոգական ինչ-որ բան է, այլ պարզապես առավել նուրբ գրգռիչները որսալու և ընկալելու կարողություն, եթե դիտարկենք ֆիզիոլոգիայի տեսանկյունից»:

Հոգեբան-խորհրդատու Էլլադա Գորինան խոսում է այսպես կոչված ինքնաիրագործվող մարգարեության մասին. երբ մարդն ինքն իրեն ծրագրավորում է՝ փորձելով իրականացնել այն, ինչ իր համար գուշակվել է:

Ինչու՞ են մարդիկ առավելապես հակված դիմելու գերբնական ուժերի օգնությանը: Խնդիրը տոհմական պատմության մեջ է, ասում է հոգեբանը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ժողովրդի պատմությունը բավականին կարճ է, և բոլորորվին վերջերս մենք դեռ դիմում էինք մեդիումներին, հեքիմներին ու կախարդներին: «Որքան էլ որ մենք կարդացած ու կրթված լինենք, հենց որ մենք խոցելի ենք դառնում, մենք արագ և հեշտ թեքվում ենք դեպի օկուլտիզմը: Եվ որոշ դեպքերում դա աշխատում է»:

Հոգեբանը մեկնաբանում է, որ երբեմն հաճախորդների հետ հեքիմների աշխատանքներում համախմբման թերապիայի (գործնական հոգեբանության ուղղություներից մեկն է) տարրեր կան: «Բայց համախմբման մեջ մենք ախտորոշում ենք խնդիրները, դա բարդ ու երկարատև աշխատանք է, որի մեծ մասը ընկած է հենց հաճախորդի ուսերին, իսկ բուժակը կամ էքստրասենսը խնդրին այլ անվանում են տալիս՝ ջինն կամ շայթան: Հոգեբանի աշխատանքում անհրաժեշտ է մարդու անձնական որոշումը և փոփոխություններ կատարելու կամքը, նա ինքն է կատարում հիմնական աշխատանքը»:

Մեկ այլ հոգեբան՝ Այնուրա Բունյաթովան գուշակների ժողովրդականության մի քանի պատճառ է նշում. մարդկանց վախն ապագայի նկատմամբ, հետաքրքրասիրությունը, հոգևորի անկումը: «Մարդիկ սկսել են կորցնել հավատն իրենց նկատմամբ և զարգանալու, կյանքում իրենց դերը փնտրելու փոխարեն նրանք ընտրում են պարզ ու անգամ պարզունակ ուղի՝ գնալ գուշակի մոտ և ամբողջ պատասխանատվությունը գցել այլ մարդու վրա, որը բոլոր հարցերը կլուծի և կասի՝ ինչ անել և ինչպես շարունակել»: Այնուրա Բույնաթովան կարծում է, որ գուշակները հաճախորդների վրա ազդելու իրենց մեթոդներն ունեն, որպեսզի նրանց ստիպեն հավատալ, իսկ նրանցից ոմանք անգամ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և հիպնոզի դասընթացներ են անցնում:

Պետություն և իրավունք

Իրավաբան Էլնուր Ղուլիևն ասում է, որ էքստրասենսների, գուշակների, կանխատեսողների գործունեությունը օրենքով չի կարգավորվում, սակայն «մարդկանց բոլոր խնդիրները լուծելու խոստմամբ փողերի լվացումը և արդյունքի բացակայությունը կարելի է գնահատել որպես խաբեություն և խարդախություն»: Օրինակ, իրավաբանի խոսքով, համաձայն Ադրբեջանի Քրեական Օրենսգրքի 178-րդ հոդվածի, վստահության չարաշահումը, խաբեության ճանապարհով գույքի կամ գույքի իրավունքի յուրացումը խարդախության նշաններ են:

Նախադեպեր թեև պատահում են, բայց հազվադեպ: Օրինակ, անցյալ տարի ձերբակալվել էր «Ջաննաթ բարահոգեբանության կենտրոնի» տնօրենը, ով հայտնի է Հազրաթ Սաբիր [Սուրբ Սաբիր] անունով: Հաճախորդները նրան մեղադրել էին խարդախության մեջ՝ խոշոր գումարներ վճարելով և չստանալով խոստացված երջանկությունն ու գործերում հաջողությունը:

Բաքվում հայտնի էքսրասենս Թամիլա Սալամովան, ով տեղի հեռուստաշոու-մրցույթներից մեկի հաղթողն էր, հայտնի էր նրանով, որ շոուին ներկայացել էր օձի հետ, որը նրան օգնել էր աշխատանքում: Թամիլան ապագան էր գուշակում, ինչպես նաև մարդու միջից և տնից ցրում էր չար ոգիներին: Նա «տուժել էր» իր հաճախորդներից մեկի՝ Թարանա Բաբաևայի բողոքի պատճառով, որից նա խնդիրները լուծելու խոստմամբ [կարծես թե այդպես էլ չէր էլ լուծել] շորթել էր 4200 մանաթ [շուրջ 1500 դոլար]:

Թամիլա Սալամովա

Իրենք՝ էքստրասենսները, որպես կանոն, բողոքում են, որ իրենց «ոլորտում» մեծ թվով խաբեբաներ կան: «Գուշակների, կանխատեսողների մեծ մասը՝ շուրջ 90 տոկոսը, խաբեբաներ են,- ասում է բուժակներից մեկը:- Իրական կարողություններով մարդկանց թիվը շատ քիչ է: Ինչպես չհայտնվել խաբեբայի կարթու՞մ: Մի՛ գնացեք այնպիսի գուշակների մոտ, ովքեր փորձում են ճակատագիրը որոշել խաղաթղթերով, սուրճով և այլն, դրանից ոչ մի օգուտ չկա: Ձեր ճակատագրի զարգացման համար միշտ կա մի քանի տարբերակ: Գուշակը կարող է ցույց տալ դրանցից միայն մեկը, և դա դարձնել իրականություն ձեզ համար: Եթե դուք արդեն որոշել եք դիմել էքստրասենսի, ընտրեք վստահելի մարդկանց՝ հաշվի առնելով ձեր ծանոթների կարծիքները, երբ դուք իսկապես տեսել եք արդյունքը»:

Կասկածամիտների մասին

Կարելի է չլինել գուշակների մշտական հաճախորդ, բայց հազիվ թե ինչ-որ մեկը փորձի պնդել, որ ամեն ինչ աշխարհում նյութական է և բացատրվում է գիտությամբ: Յուրաքանչյուր սկեպտիկ հակառակ կողմին ինչ-որ բան ունի պատմելու: Սերգեյի պատմությունը հենց այդպիսին է:

Սերգեյն այդ ժամանակ աշխատում էր Քարտեզագրության վարչությունում. «Այն ժամանակ ինձ հետ աշխատում էր 60 տարեկան մի մարդ՝ Վագիֆ անունով: Համեստ, հանգիստ մարդ էր: Մի անգամ ես աշխատանքի եկա ուժեղ գլխացավով, աչքերիս առաջ մթագնած էր, չէի կարողանում հասկանալ՝ սարքը միացրած է, թե՝ ոչ: Իսկ Վագիֆը սենյակի մյուս ծայրին էր: Նա լուռ մոտեցավ ինձ, կանգնեց ետևումս և սկսեց ձեռքերով շարժումներ անել, կարծես թե բամբակ են հավաքում և դեն նետում սերմնատուփերը: Ես զգացի, որ գլուխս թեթևանում է, կարծես թե ջուր են թափում բաքից, ամեն ինչ պարզ դարձավ, ես կարծես թե լավ քնած լինեի: Նա վերջացրեց և ասաց. «Դե, վերջ, կարող ես վերադառնալ աշխատանքիդ»: Ոչ մի գումար չվերցրեց, բայց ես լսել եմ, որ շատերին է նա նման կերպ օգնել ազատվել գլխացավից: Ես կարծում եմ, որ հազարավոր խաբեբաների միջից իրական գերբնական կարողություններով միայն 3-ը կգտնվի»:

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին