Ադրբեջանում, փաստացի երեք խոշոր բանակ կա: Իրենց մոտ նույնիսկ ԱԻՆ-ն ունի իր զինված ստորաբաժանումները,-ասում է «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանն ու մանրամասնում.
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն առանձին մի բանակ է: Դա երևի քաղաքական պատճառներով է: Ալիևը շատ ուշադիր հետևում է, որ ցանկացած կառույց ունենա ներքին հակակշիռներ: Այսինքն, բանակից բացի կան սահմանապահ ուժեր, ներքին զորքեր»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալը շարունակելուն՝ փորձագետը նկատում է.
«Ուղղակի, այն ծավալով չէ, ինչպիսին 2016 թվականին էր, հիմա շատ ավելի քիչ է: Դա պայմանավորված է և՛ պայմանագրերի ավարտով, և՛ ֆինանսական հնարավորություններով: Նավթի գինն է անկում ապրել, մանաթն է արժեզրկվել և այլն»:
Չնայած փորձագետը չի բացառում. հնարավոր է՝ փորձեն Պակիստանից հեռահար հրթիռներ գնել, եթե ՌԴ-ից կամ Բելառուսից չկարողանան գնել:
«Կարևոր հանգամանք կա.Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում կոնֆլիկտի հոգեբանական կողմին: Եթե 2-րդական կարևորություն զինտեխնիկա են գնում, կամ գնելու մտադրություն ունեն, փորձում են այնպես անել, որ այդ լուրը հասնի Հայաստան: Այնպես են անում, որ հայկական լրատվամիջոցները տարածեն, սոցիալական ցանցերում էլ ակտիվ քննարկեն: Պետք է հասկանալ, որ ասենք, եթե ունեն 60 զրահափոխադրիչ գնելու պայմանագիր, դրանք քիչ-քիչ են բերում, ոչ թե միանգամից: Արդյունքում, մեկ ցույց են տալիս բերելուց, երկու շաբաթ անց՝ փորձարկման մասին են գրում, հետո էլ հայտնում են, որ արդեն մտան զորքեր, որ դրանք առաջանագծում են: Ամեն ինչ անում են, որ մեզ մոտ ահասարսուռ տպավորություններ լինեն: Իսկ հայկական կողմը երբեք իր գնումները շոու չի սարքում: Եվ հավասարակշռությունը պահելու համար սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, որովհետև նավթադոլարների հետ ենք մրցելու, ինչն անիմաստ է, ուստի, եթե նրանք 100 տանկ են գնում, մենք՝ 500 հակատանկային հրթիռ: Եթե իրենք զարգացնում են ավիացիան, մենք՝ ՀՕՊ-ը»:
Նշենք, որ օրերս Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է ռազմաքաղաքական ամսագիր, որի առաջին համարը լույս է տեսել այս շաբաթ և նվիրված է Ադրբեջանի բանակի վերլուծությանը:
Անի Կարապետյան