▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պուրակի համար տարածք գտնվեց ոչ թե Երևանում, այլ՝ գյուղում

2016 թվականին մի խումբ քաղաքացիներ հանդես եկան կենդանի հերոսներին նվիրված պուրակ ստեղծելու առաջարկով: Հիմքում հերոսներին երախտագիտություն հայտնելն էր:  Պուրակում պետք է լինեին դեկորատիվ ու պտղատու ծառեր, ծաղիկներ, ցայտաղբյուր: Ծառերը խորհրդանշելու էին կյանքի վերածնունդն ու շարունակությունը, իսկ ցայտաղբյուրը՝ հավերժություն: 

Նախատեսում էին բացումը կատարել 2017 թվականի ապրիլի 2-ին, սակայն չստացվեց.տարածք չէին գտել: 

Կազմակերպիչներից մեկը՝ Կարինե Փանոսյանը, Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարցն արդեն լուծվել է.

«Մենք սկզբում դիմել էինք Երևանի քաղաքապետարան, սակայն տարածք հատկացնելու հետ կապված խնդիրներ առաջացան։ Հույսներս չկտրեցինք, շարունակեցինք փնտրտուքները: Արդյունքում մեզ ձեռք մեկնեց Փարաքարի համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, ով հետաքրքրված է էկո նախագծերով, կարևորում է ակտիվ երիտասարդների մասնակցությունը համայնքի կյանքին»։ 

Կարինեի փոխանցմամբ՝ նախագծի համար հիմք է հանդիսացել Անի Գևորգյանի «Ծառեր դամբարանների փոխարեն» ծրագիրը.

«Մինչ զբաղվում էինք այդ ծրագրով՝ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ռազմագետ Արմեն Սարգսյանն առաջարկեց ինչ-որ թեմատիկ պուրակ ստեղծել: Երևանի ավագանու անդամ  Անահիտ Բախշյանն էլ կոչ արեց  ծառերի տեսքով կենդանի կոթողը նվիրել կենդանի հերոսներին: Քանի որ արդեն ունենք տարածք, մարտի 31-ին նախատեսում ենք շաբաթօրյակ, որից հետո արցախյան պատերազմի հերոսներին խնդրելու ենք, որպեսզի գան ու իրենց անվանական ծառը տնկեն: Բացումը կլինի ապրիլի 2-ին՝ Հուշարձանների փողոցում»։

Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում պուրակի վերջնական տեսքը, Կարինե Փանոսյանը պատասխանեց. 

«Փնտրում ենք լանդշաֆտային դիզայների, ով կկազմի  մակետը: Սկզբունքորեն միայն մեկ ցայտաղբյուր պետք է լինի, իսկ ջրի աղբյուրները, եթե անցկացնենք, ապա կավաշեն առուներ կլինեն, իսկ ճանապարհներին մեծ, բնական քարեր կհավաքենք։ Առավելապես կանաչ ու որևէ հակաէկոլոգիական շինանյութ չի օգտագործվելու»։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին