▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա բնության մեջ փնտրում էր մարդուն.Համո Սահյանի ընկերը` նրա մասին

Ինչ տեսակ մարդիկ էին,

Փորձ արեցի, փորձս չտեսան:

Ծոցիս մեջ աստղեր կային,

Բաց չարին, ծոցս չտեսան:

Աչքիս մեջ մազ փնտրեցին,

Մահացու խոցս չտեսան,

Ախ, իրենց աչքի առաջ

Այրվեցի, բոցս չտեսան:

Համո Սահյան

Հայ մեծ բանաստեղծքնարերգուհողոտ ու հողեղեն Համո Սահյանի, նրա ստեղծագործությունների, գնահատված լինելու, մտորումների, Երևանում տուն-թանգարան և հուշարձան չունենալու, 100-ամյակի  միջոցառումների և այլ հարցերի մասին զրուցել ենք  նրա լավագույն ընկեր, բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Դավթյանի հետ:

Պարոն Դավթյան, երկար ժամանակ է մեծ բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը ԱՄՆ-ից գնում-գալիս է՝  բանաստեղծի  100-ամյակի միջոցառումների, շատերին, ինչպես նաև Ձեզ  հուզող խնդրի համար:Մինչ օրս Երևանում չկա Համո Սահյանի ոչ արձան, ոչ էլ տուն-թանգարան: Սայլը տեղից շարժվե՞լ է: 

-Սկսեմ միջոցառումներից:  Այսօր՝ ապրիլի 14-ին,  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա  հոբելյանական միջոցառում՝ առանց համերգի ու ճառերի: Ուղղակի կլինի Սահյանի  մասին պատմող տեսանյութ, որը կուղեկցվի ելույթներով: Ապա մնացած ծրագրերը շարունակվելու են մինչև սեպտեմբեր:

Երևանում պետք է հուշարձան կանգնեցվի: Տեղը որոշված է՝  Նալբանդյանի արձանի հետևի պուրակում: Ուղղակի պետք է մրցույթ հայտարարեն՝ լավագույն հուշարձանի համար: 

Կիսանդրիներից մեկը  կտեղադրվի  գերեզմանի վրա, մյուսը՝  Լոր գյուղի թանգարանի բակում:

Այդ ընթացքում գյուղում պետք է ձևավորվի նրա թանգարանը: Նյութերի մեծ մասը մեր կենտրոնն է տալիս: Դրա մեջ մտնում են նրա՝ բոլոր տարիներին տպագրված գրքերի օրինակները, վերջին տարիներին կենտրոնի կողմից հրապարակված գրքերը, մոտ 100 լուսանկար, որոնք արդեն ձևավորված են և մոտ մի 40-50 ձեռագիր: Դրանք բնագիր օրինակներ են, որոնք լամինացիա ենք արել: Տունը նրա  երկրորդ կինը վաճառել էր ու մեկնել ԱՄՆ, պարզվեց, որ այնտեղ որոշ բաներ մնացել են (գորգ, գրամեքենա և այլն):  Բայց  ես չեմ ուզում, որ թանգարանը ծանրաբեռնվի հնոտիներով: Ավելի շատ գրական էքսպոզիցիա պետք է կարողանանք ստեղծել, որ մտնողը կարողանա կարծիք կազմել նրա գրքերի, լուսանկարների միջոցով:

5 տեսանյութ ունենք: Նրա 70-ամյակին նկարահանվածը՝ Սիսիանում, որը կոչվում է «Տարիներս», 90-ամյակին նվիրված ֆիլմ կա՝ «Ես ու Համո Սահյանը», կապված մեր առնչության հետ և ևս մեկը՝  45 րոպեանոց ֆիլմ, կրկին նրա մասին:

Բացի այդ՝ ունենք  նրա երգերի ձայնագրությունները. կատարում են մեր այն ժամանակվա նշանավոր երգիչ-երգչուհիները. Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը: Ունենք նաև Սասուն Պասկևիչյանի վերջերս գրված երգերը: Մեկը «Մայրս», որը կատարում է Համլետ Գևորգյանը, մյուսը՝  «Արագիլները»՝ կատարում է Լեյլա Սարիբեկյանը և ևս մեկ երգ՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ. «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են»:

Ինչ վերաբերում է հրատարակչությանը, ապա պետպատվերով քառահատոր են տպագրում: Առաջին հատորը լույս է տեսել 2012 թվականին, երկրոդ հատորն ամեն ինչ կանեմ, որ լինի ծննդյան օրը: Առաջին հատորում մտնում են նրա վաղ շրջանի բանաստեղծությունները. «Հայաստանը երգերի մեջ»  և «Մայրամուտից առաջ» ժողովածուներով: Երկրորդ հատորում կլինեն  «Քարափների երգը», «Սեզամ, բացվի՛ր», «Կանաչ, կարմիր աշուն» և «Իրիկնահաց» ժողովածուները: Երրորդ հատորն ընդգրկում է երկու ժողովածու. «Դաղձի ծաղիկ», որը իր վերջին բանաստեղծությունն է կենդանության օրոք, և «Ինձ բացակա չդնեք»-ը:

Չորրորդ հատորում լինելու են նրա հոդվածները, նամակները: Ժամանակին ես հրատարակել եմ երկու ժողովածու, մեկը իր մասին, որ գրել են ուրիշները, որը կոչվում էր «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը»: Երկրոդը էլի իր հոդվածներն են, կոչվում է  «Համո Սահյան. Խղճի, գրչի կշիռը»:

Նա նամակ գրել չէր սիրում, ուստի քիչ նամակներ ունենք, բայց շատ հարուստ նյութեր կան մեր մեծերի՝ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի և մյուսների  մասին: Դրանք մեկ էջանոց մտորումներ են, որոնցում լուրջ գնահատական կա անցյալ դարի 60-70-ական թթ գրականության ու պոեզիայի մասին:

Մեր կենտրոնի միջոցով առանձին հրատարակում ենք Համո Սահյանի հայրենները: Գիտեք, որ հայրեններ չեն գրվել Քուչակից հետո:  Նա խիզախեց գրել, որը ես հրատարակել եմ երկու հրատարակչությամբ: Հատընտիր եմ կազմել՝ կապված 90-ամյակի հետ և պատկերագիրք ենք արել՝ 60 և մեկ հայրեն: Ամեն մի հայրենի հետ էլ մեկ լուսանկար:

Հրատարակել ենք նաև 4 երգ՝ Տիգրան Մանսուրյանի  երաժշտությամբ:

Ստեղծագործություններն  օտար  լեզուներով  թարգմանվո՞ւմ  են:

-Մենք 90-ամյակից հետո երկու ժողովածու ենք արել. մեկը իր թարգմանությունները: Ամենից շատ թարգմանել է Սերգեյ Եսենին: Մոտ 60 բանաստեղծություն: Իսկ իրեն շատ լավ թարգմանիչներ են թարգմանել. Թարգմանել է անգամ Պաստեռնակը: Լավագույն ռուսերեն թարգմանիչների մեջ 4 հոգու եմ տեսնում. լենինգրադցի բանաստեղծ Միխայիլ Դուդինն էր, ով թարգմանեց մոտ 70 բանաստեղծություն, ժողովածուն կոչվում է «Земл обетованна»: Երկրոդը՝  Նաում Գրեբնյովը, ով թարգմանել էր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», երրորդը՝ Ալլա Մարչենկոն, մյուսը՝ Արսենի Տարկովսկի: Նա նշանավոր ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայրն էր:

Հիմա տպագրել եմ Համո Սահյան հանրագիտարան, որի նախափորձը ռուսներն են արել դեռևս 1987-89թթ. Պուշկին և Լերմոնտով: Ժողովածուի վրա աշխատել է 40 հոգուց բաղկացած հանձնաժողով: Ռուսները մեր նման չեն, նրանք պահել են շատ մասունքներ: Պուշկինը նկարում էր, Լերմոնտովն էլ:  Նրանք այդ բոլորը պահել են՝ ստեղծելով մի ստվար ժողովածու: Ինքս մեզ մոտ արեցի և ստացվեց 250 հոդված և 100 լուսանկար:

Հայերից շատ քչերն են թարգմանել: Ավելի շատ Սպենդիարյանի դուստրը՝ Տատյանա Սպենդիարովան: Աշխարհի 20 լեզուներով թարգմանություն կա, սակայն  ժողովածուներ չեն: Դրանք հավաքելը մի քիչ դժվար կլինի, բայց պետք է անենք:

Մեծ գործ եք կատարում: Եթե չլինեիք,  շատ բան մեզ չէր հասնի: Ինչպե՞ս ստեղծվեց «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնելու գաղափարը, որո՞նք էին այն ստեղծելու դրդապատճառները:

-Ճիշտ եք… Մի բան կա. տաղանդավոր բանաստեղծին պետք է տիրություն արվի: Խորհրդային ժամանակներում պետությունն անում էր, անում էին նաև ստեղծագործական միությունները: Գիտեք, այն ժամանակ պլան կար. Համո Սահյանը պետք է թարգմանվեր ԽՍՀՄ ժողովուրդների բոլոր լեզուներով: Հիմա այս ամենը չկա: Պետք է կարողանայինք գտնել մի ձև, որպեսզի ներկայացնեինք նրան: Այս թվարկված աշխատանքները կատարել ենք 10 տարում: Կազմակերպությունը ստեղծել ենք 2004 թվականին:

Պատճառների թվում է նաև մեր՝ հայրենակից լինելու փաստը: Նույն շրջանում ենք ծնվել:

Ի դեպ, ինչպե՞ս,  որտե՞ղ և ե՞րբ  կայացավ քնարերգուի և Ձեր ծանոթությունը: Հանդիպեցիք որպես պետական գործիչ, լրագրող, թե՞…

-Ես միշտ ցանկացել եմ լրագրող դառնալ: Մեր ժամանակ չկար այդ բաժինը: Բանասիրական ֆակուլտետն էր: Երբ ավարտեցի՝ գնացի իմ հարազատ շրջան: Թերթում խմբագրի տեղակալ էի, բայց, հետաքրքիրն այն էր, որ թերթի աշխատողները 7 հոգի էին և ոչ ոք բանասիրական կրթություն չուներ: Այդ ընթացքում վեճեր շատ էին լինում, որովհետև ես անընդհատ ձգտում էի թերթում լեզվի մաքրություն մտցնել: Բարբառային դարձվածքներ էին մեջբերում, որ, իբր թե ժողովուրդը կարդա, սա, ցավոք,  կա նաև այսօրվա մեր մամուլում, հեռուստատեսությունում, ինչը սխալ է, որովհետև մամուլի, գրականության դերը մարդուն բարձրացնելը պետք է լինի, իսկ իրենք իջնում են՝  կարծելով, թե բարբառով կամ ժարգոնով խոսելը  ճիշտ է: Լրագրողը պետք է օրինակ լինի:

Ինչ վերաբերում է մեր հանդիպմանը, ապա ասեմ, որ երբ 1968 թվականին լույս տեսավ «Քարափների երգը», Սահյանը  եկավ Սիսիան: Նրա գալուց երկու ժամ առաջ ինձ ասել էին, որ բանախոսը ես լինեմ: Չգիտեի, թե ինչ անել: Իրենից էլ ամաչում էի, մոտիկից չէի տեսել:  5 էջ գրեցի, 10 րոպե խոսեցի: Գնաց ճաշկերույթի, էդպես անցավ:

 Առավոտյան ասացին, թե Սահյանն առաջին քարտուղարի մոտ սպասում է քեզ: Գնացի: Ասաց, թե գիտես,  երեկ դու ինչու զարմացրեցիր ինձ. ոչ թե զեկույցի խորությամբ, այլ նրանով, որ ոչ մի տող ոչ մեկից չէիր արտագրել: Ապա շարունակեց, ասելով, թե  դրա համար չի կանչել:

«Դու պետք է գնաս սովորելու, գրականագետ ես դառնալու»,-շարունակեց նա:

Ասացի՝ կներեք, իմ նպատակը լրագրությունն է: Նա, թե այդ լրագրությունը ձեռքի հետ կանես: Հետո ինձ ծանոթացրեց գրականագետ Սուրեն Աղաբաբյանի հետ,  թեմա տվեցին, ես գրեցի այդ դիսերտացիան: Գրածս շատ լավ ընդունվեց:  Վերնագիրն էր՝ «Բնությունը և մարդը Սահյանի պոեզիայում»: Պաշտպանության օրը ինքն էլ էր ներկա, եկել էին նաև Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը…

Սովորաբար նրան համարում են բնության երգիչ, բայց ես հերքեցի այդ ամենը, որովհետև Համոն ամենևին բնությունը երգելու համար չէ. Նա բնության մեջ փնտրում էր մարդուն: Մարդու մեջ փնտրում էր բնականը: Եվ ես այդ սահմանումն արել եմ: Կոչվում էր «Անձնավորված, շնչավորված բնություն և բնական մարդ»: Հետագայում  իր բանաստեղծություններով ուզում էր գրականագիտությանը հասկացներ, որ ինքը բնության երգիչ չէ, ով էլ ասես՝ բնությունը կնկարագրի, կերգի: 54 տարեկանում նոր նա գնաց այդ կոնցեպցիային: Եվ այդ քարը, քարափը բացարձակապես մարդկային զգացմունքներ էր արտահայտում: Դա քարափի նկարագրություն չէ: Ինքը նույնիսկ կարող էր տերևի, խոտի, ծաղկի մեջ իմաստ տեսնել: Օրինակ,  տերևի հետ զրույց ունի, ասում է.

Երբ որ ծառի վրա էիր, դու տենչում էիր, որ հասնեիր տիեզերք,

Հիմա աշունը եկավ, ծառից ընկար ներքև,

Ձեռքդ բուռ արել, մի բուռ ձմեռ ես տենչում, տերև:

Այստեղ հո տերևի մասին չէ:  Մարդկային ուժն է, էությունը:

Իր ամենավերջին բանաստեղծությունը կոչվում է  «Իմ քարափներն ու ես»: Երբ ասում է՝ ինձ բացակա չդնեք, նա քարափներին էր հորդորում, որ ստեղծվի իր անմահությունը:

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված, ընդունեք;

Անվերջ, անշարժ ձեր երթում

 Ինձ բացակա չդնեք…

Այսինքն, մարդու անմահությունը նա տեսնում էր բնության հետ միախառնվելու մեջ:

Սահյանն ունի նաև մարդու հոգու տիեզերականության մասին բանաստեղծություններ: Նա համարում էր, որ ինչքան որ կա մակրոաշխարհը, Տիեզերքը, այնքան էլ մարդու հոգին ունի  այդ ունակությունները, քանի որ մարդու հոգին պեղելն էլ ահավոր դժվար է: Ինքը ձգտում էր կատարելության, կատարյալ մարդու կերպարին հասնել, թեև ինքն էլ ասում էր, որ բոլորս էլ գիտենք, որ կատարելությունը սահման չունի: Եվ լավ է, որ չունի, այլապես կդադարեր ամեն ինչ:

Իր վերջին զրույցներից մեկում մի այսպիսի կոնցեպցիա կար. եթե ուզում ես կատարյալ բանաստեղծություն գրել, պետք է ձգտես հասնել Աստծուն, եթե հասար այդ մակարդակին՝ ուրեմն գործդ ստացվեց, եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Այսինքն, սրանով ի՞նչ էր ուզում ասել. Ձգտեք կատարելության, որովհետև կատարյալ է միայն Աստված:

Իր կյանքի վերջին օրերին մի տեսակ սկսեց Աստծո հետ զրուցել և նախորդ 20 ժողովածուներում այնքան Աստծո  անունը չի տվել, որքան այս մի ժողովածուում: Նա այստեղ հավատամքը նկատի չուներ, այլ կատարելությունը:  Մի օր ասաց, թե  գիտե՞ս, Տոլստոյի, Գյոթեի, Պուշկինի , Թումանյանի իմացած Աստվածն ուրիշ է, տերտերի իմացածն՝ ուրիշ…

Դիսետացիայից հետո որևէ դիտողություն արե՞ց:

-Դժբախտաբար ոչ: Միաձայն քվեարկեցին, բայց այն ժամանակ դիսերտացիաները հաստատում էին Մոսկվայում, քանի որ  բարձրագույն որակավորման հանձնաժողովն այնտեղ էր: 11 ամիս չէին հաստատում՝ մի քանի պատճառներով.

  1. Շրջկոմի առաջին քարտուղարն ինչո՞ւ է գրականությունից դիսերտացիա գրում: Ղեկավարում է ՀՀ ամենախոշոր գյուղատնտեսական շրջանը և գրում է դիսերտացիա՝ պոեզիայի մասի՞ն:
  2. Գուցե ինքը չի գրում: Հարկավոր էր ապացուցել, որ դրանից առաջ լրագրող եմ եղել և այլն:
  3. Էս ի՞նչ դիսերտացիա  է, որ դիտողություն չեն արել:

Դե բնութագիր պետք է ուղարկեին: Շրջկոմը բյուրո ուներ՝ 13 հոգուց բաղկացած: Նրանց ստորագրությամբ բնութագիր գրեցինք, ուղարկեցինք: Սրանք, թե բա չէ, բնութագիր պետք է գրի վերադաս մարմինը: Վերադաս մարմինը Կենտկոմն է: Սա բացասական չի կարող գրել, պետք է գրի դրական բան, կվերցնես, հետո, երբ ուզենան քեզ դիտողություն անել՝ ցույց կտայիր բնութագիրը ու կասեիր. Բա սա դուք չե՞ք գրել: Պարադոքս է: Դրա համար բնութագիրը գրել էին ու կցել մեկ նամակ, որ այն ոչ ոքի տալու իրավունք չունեն, միայն ԲՈՀ-ի համար է: Հունվարի 25-ին պաշտպանեցի, հոկտեմբերի 25-ին նոր որոշումը եկավ: Հիմա, բարեբախտաբար, Հայաստանում ժամկետ կա, այն ժամանակ չկար: Չնայած, պաշտպանելու տրամադրություն էլ չունեի...արդեն 68 տարեկան էի:

Իսկ հիմա 30 տարեկանում արդեն դոկտոր են…

-Դե, դա էլ եմ սխալ համարում, որովհետև միայն տեսությունը չէ, պրակտիկա պետք է ունենաս:

«Ինչ արած, մարդ եմ» բանաստեղծության մեջ Սահյանն ասում է, որ իրեն ճանաչելը մի քիչ դժվար է. «Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ»,-գրել է նա: Ո՞րն էր նրա բարդ լինելու հանգամանքը: 

-Համոն ընդհանրապես չշփվող մարդ էր: Նա ուներ լուռ բնավորություն, չէր շփվում հատկապես այն մարդկանց հետ, ովքեր պոեզիայից չէին հասկանում կամ այն դիտում են որպես դպրոցական դասագրքի ոտանավոր: Երբ որ տեսնում էր մարդը խորքային է, կարող էր հետը ընկերություն անել և ժամերով խոսել: Ինքը զարմանալի հումորի զգացում ուներ: Նա մարդ էր փնտրում, ով կհասկանար հումորի արժեքը: Իր հումորը բաղկացած էր մեկ կամ երկու նախադասությունից: Ինքը բանաստեղծական խոհանոց չուներ: Չէր նստում, որ հատուկ գրեր: Մեկ էլ առավոտը կհաներ ձեռագիրը, ցույց կտար: Եվ ինչ էր անում, դնում էր սփռոցի տակ: Ես չեմ տեսել, որ հատուկ նստի ու ինչ-որ մի բան գրի:

Ինքը մաքրակենցաղ մարդ էր: Չեմ տեսել, որ անկողնուց վեր կենար ու չհավաքեր, կամ ճաշեր ու ափսեն չտաներ, դներ խոհանոցում:

Պահանջկոտ չէր: Հիվանդանոցում էր: Թե ինչ կտանեին, որ ուտեր, կարևոր չէր: Երբեք չի ասել, թե այս մի բանն եմ ուզում ուտել: Անգամ իրենց տանը հացի տեղը չգիտեր: Զարմանալի անպաշտպան մարդ էր: Բնությունն իրեն ստեղծել էր պոեզիայի համար: Բնությունն այդպիսին է, երբ մի բան է տալիս, շատ բան վերցնում է

Սահյանն ասում է. «Թագավորն ու բանաստեղծը պետք է զոհ լինեն: Թագավորը զոհ եղավ՝ պետություն կունենա, զոհ չեղավ՝ ինքն էլ չի լինի: Նույնը նաև բանաստեղծը»:

Իրենց պապենական տունը մեկ հարկանի էր, ուներ երկու սենյակ: Կողքին տնտեսական մասն էր: Ուզեցի սարքեմ, ձեռք տվեցինք՝ քանդվեց. Ցեխով սարքած բան էր: Նորոգեցինք, կողքերից սյուներ դրեցի, 4 սենյակ դարձրեցի՝ հետագայում տուն-թանգարանի համար: Իհարկե, ինքը դեմ էր, ասում էր՝ ինչիս է պետք, ես ոչինչ չունեմ թանգարանում դնելու: Հետո էլ, թե երկու կին ունեմ, կտանեք, կդնեք այդտեղ, թող իրար միս ուտեն: Իսկ,  երբ եկա Երևան, գյուղացիները լրիվ քանդել-տարել էին: Նախորդ տարի ՀՀ նախագահի աջակցությամբ նորոգեցինք:

Ազնիվ էր իր ընկերների հետ: Վահագն Դավթյան, Սերո Խանզադյան, Ռազմիկ Դավոյան, արձակագիր Ռուբեն Հովսեփյանին, գրականագետ Ֆելիքս Մելոյանին: Հիանալի հարաբերություններ ուներ Սոս Սարգսյանի հետ:

Նա շատ ծանր տարավ, երբ իմացավ  Մուշեղ Գալշոյանի սպանության մասին: Ասացի, թե վարպե՛տ, գրական թերթում մի բան պետք է գրես…Մինչև չհեռացա՝  չգրեց: Պետք է մենակ լիներ:

 Ես մի թեմա էլ եմ գրել մենակության մասին: Բանաստեղծների մեծ մասն  ատել է մենակությունը, ըստ էության դա մարդկային երևույթ է, ճնշում է: Օրինակ Տերյանը գրում է՝ «Մենության խավար զնդանից կրկին»: Նա մենությունը զնդան, բանտ է համարում: Իսկ Սահյանը, ընդհակառակը, ասում էր.

«Մենակությունս մենակ չմնա, մեղք է , մենակ է մենակությունս»: Երևի մենակության ժամանկ էր հաղորդակցվում Աստծո հետ:

Առաջ հյուրանոցներում էր մնում, ես երկհարկանի քոթեջ կառուցեցի նրա համար, որ այդտեղ ազատ լիներ, մնար, ստեղծագործեր: Շաբաթ, կիրակի օրերն էլ միասին գնում էինք իր սիրած Աղոթարանի մոտ կանգնում էինք: Իրեն չէի խոսեցնում, քանի որ գիտեի, ինքը բնության մեջ այնպիսի բաներ է փնտրում, որն ինձ համար անհասանելի է: 40 րոպե անընդհատ կարող է մի կետի նայել.թե ինչ էր փնտրում՝ միայն իրեն է հայտնի:

Փաստորեն ականատես եք եղել, թե ինչպես է ծնվում բանաստեղծությունը…

-100 օր մնում էր Սիսիանում:  Պարտադիր երկու տեղ էինք գնում: Մեկը դեպի Աղոթարան սարը/3161մ/, որը լեռանագագաթ է Զանգեզուրի լեռնաշղթայում, Սիսիանի և Նախիջևանի լեռնաշղթայում: Կոչվում է նաև Սալվարդ: Լեռան գագաթին պահպանվել է հեթանոսական մի սրբատեղի՝ առանց շաղախի պատերով: Ստորոտից մինչև գագաթ ծածկված է ալպիական արոտներով, փեշերին կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, սառցահամ լճեր: 50-60 լճեր կան: Ինքը հիվանդ լինելով, ասթմա ուներ, ամենալավը զգում էր 3000 մ բարձրության վրա:

Իր ուրախությունն ու բնության հետ միախառնվելու ձգտումը մեծ էին և հիվանդությունը չէր կարողանում ազդել:

Մյուս վայրն էլ՝  իրենց Լոր գյուղի մոտով ճանապարհ կա դեպի Տաթևի վանք: Այդտեղ կտրվածություն կա, ձյունը հալչում է հուլիսի կեսերին: Ճանապարհի կողքին երկու սար կա.մեկը Գյազբել, մյուսը Գյամբել: Դրանք բլուրատիպ սարեր են և այդ ժամանակահատվածում ամբողջովին սպիտակ ծաղիկներով էին պատված: Երբ նայում ես՝ թվում է թե ձյուն է: Ինքը դրա մասին մոտ 10 բանաստեղծություն ունի: Գնում էր, ժամերով նայում էր:

Այս ամբողջ ճանապարհին կա՞ր մի թեմա, որի շուրջ զրուցում էիք:

-Չէ, գիտեք, մեր զրույցները լինում էին գիշերվա ժամը մեկից հետո: Զրուցում էինք մինչև լուսաբաց: Իսկ այդպես լինում էր տարին մեկ կամ երկու անգամ:

Օրինակ, ինչի՞ց էր դժգոհում, նեղվում:

-Ինքը լավատես մարդ էր՝ կյանքի ու մարդկանց նկատմամբ: Հաճախ բողոքում էի, որ ապաշնորհ բանաստեղծներ կան: Ասում էր, թե ճիշտ ես: Եթե տասը տաղանդավոր բանաստեղծից ծնվում է ամենատաղանդավորը, ապա տասը ապաշնորհից ծնվում են քսան ապաշնորհ: Դրանք ամեոբայի նման կիսվում են..Բայց ոչ ոքի մասին կոնկրետ բան չէր ասում:

Նա նշում էր, որ պոեզիան միայն հանճարների ուսերին չէ, ամեն մեկն էլ կարող է ստեղծել: Ասում էր, թե հեչ չերևացող բանաստեղծի մոտ ես հետաքրքիր տողեր եմ տեսնում և ինչ-որ տեղ ազդվում եմ նրանից:

Որն էր Ձեր՝ Սահյանի հետ մոտ ընկերներ լինելու հիմքը.նույն բնավորոււթյո՞ւնն ունեիք, գաղափարները..

-Ամենից շատ կապում էր նախ իր մեծ պոեզիան, որովհետև ես չեմ կարողանում այդ պոեզիայից կտրվել: Դեռևս 1979 թվականին «Կանաչ, կարմիր  աշուն» ժողովածուի գրքի վրա մակագրել է. «Իմ ամենասիրած և ամենակոչված ընթերցողին եմ նվիրում՝ այս հատորում իմ մասին մի քանի խոսք ասելու երջանկությամբ»:

Այսինքն, ինքը հավատում էր նաև իմ գրականագիտական խոսքին:

Համաձայն հայի բնավորության, երբ կողքին հայտնի նշանավոր մարդ կա, փորձում են իրենց հարցերը նրա միջոցով լուծել: Բանաստեղծին երբևէ դիմե՞լ են, կամ ինքը իր խնդիրների համար դիմո՞ւմ էր ինչ-որ մեկի:

-Չէր սիրում, երբ առօրյա հարցերով դիմում էին: Լոր գյուղը Սիսիանի ամենափոքր գյուղերից մեկն էր, 300-400 բնակիչ կար և այդ իմանալով, ես կառուցեցի 2 հարկանի դպրոցի շենք, որ չգնան, կպնեն իրեն: Գյուղը խմելու ջուր անցկացրեցի, անասնապահական համալիր կառուցեցի: Ճանապարհները կառուցեցի: Բայց էլի բողոքում էին, հիմա էլ.  մեզ համար ի՞նչ է արել: Ես էլ պատասխանում եմ՝ նա բանաստեղծ է:

Մի օր մեկը գնացել էր, թե մի 6 կիլոմետր խողովակ է պետք: Զանգեց ինձ, թե կօգնե՞ս: Բայց նրան ասել էր, թե դա իմ գործը չէ: Սա,  թե բա բանաստեղծի պարտքը ո՞րն է հայրենիքի նկատմամբ: Սահյանը պատասխանել էր՝ լավ բանաստեղծություն գրելը: Ինքը լավ տող ունի. «Ինձ երգիս մեջ փնտրեք, ես ուրիշ տեղ չկամ»:

Ինքը, օրինակ, Շիրազի մասին ասել է. «Գրավոր նա կա, փրկե՛նք բանավոր Շիրազին»:

25 տարվա ընկերությունը երբևէ ընդհատվե՞լ է, կամ ինչ-ինչ հարցերի շուրջ վիճե՞լ եք:

-Չէ: Ինքը շատ նրբազգաց էր: Երբ գալիս էի Երևան, հարցնում էր, թե գալո՞ւ ես մեր տուն: Ասում էի՝ հա: Բա ե՞րբ ես գալու: Պատասխանում էի՝ ժամը 7-ին: Մտածում էի, թե տանն է, երբ ուզեմ՝ կգնամ: Գնում էի երբեմն մի ժամ ուշացումով: Դու մի ասա՝  նա իմ ասած ժամին ինձ սպասել է: Մեկ, երկու: Մի օր հարցրեց, թե քանիսի՞ն ես գալու, էլի ասացի՝ 7-ին: Ասաց, թե ժամը 7-ը քո ժամը քանի՞սն է:

Մի օր էլ Սիսիանում իր ու Սոս Սարգսյանի հանդիպմանն ենք գնացել: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հիմա ետնաբեմից պետք է բեմ բարձրանանք, դե էն ժամանակ մի 40 տարեկան էի, լավ հագնված: Մեկ էլ ինձ ոտքից գլուխ չափեց, թե ընենց էլ զարդարվել ես, ոնց որ Համո Սահյանը դու լինես:/Ծիծաղում է. Ա.Կ/

Մեր երկրում սովորաբար մարդուն կենդանության օրոք չեն գնահատում: Սահյանն այդ ժամանակ իրեն գնահատված համարո՞ւմ էր:

-Գիտեք, իր համար դա նշանակություն չուներ:  Ասում էր՝ բանաստեղծը պետք է լինի մեղվի նման. ամեն օր պետք է թռիչքի դուրս գա և նեկտար բերի և, եթե տարին լավ չլինի և նեկտարը պակաս լինի, մեկը, ինքն իր թռիչքը պետք է անի: Բայց, ամենակարևորը, մեղվի պետքն էլ չէ, թե այս տարի մեղրի կիլոգրամն ինչ արժե:

Նա երբեք փառքի հետևից չէր գնում, հակառակը, փախչում էր: Դրա համար էլ շատ քիչ տեսանյութեր կան, անգամ 600 լուսանկարները զոռով եմ անել տվել, չէր սիրում: Նկարչին ասում էի՝  կողքից նկարի, մի նայի:

Նա ասում է.

Մեծ գետերի մոտ մի վտակ էի,

Խոր ծովերի մոտ էլ մի լճակ էի:

Կամ հայրեններում ասում է.

Գնամ, ներումն խնդրեմ վարպետաց վարպետ Քուչակից,

Որ փորձեցի հայրեն հանել իմ խելքի անձուկ փչակից:

Իսկ այսօր Սահյանը գնահատվա՞ծ է ըստ Ձեզ:

-Կա նախանձ..կարդում, տեսնում է  նրա մակարդակին չի կարող հասնել: Սահյանը  շատ լավ բան էր ասում.Կեղծիքը հասկանալի է, ամենավատը կիսակեղծիքն է: Էսօր չես կարողանում հասկանալ:

Հարցազրույցը` Անի Կարապետյանի


Շչորս Դավթյանի լուսանկարը`syuniacyerkir.am կայքի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին