Զրույց հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ:
Մեր զրուցակիցն առավել մանրամասն պատմեց նոր հրատարակվող գրքի և ապագա ծրագրերի մասին:
«Հեքիաթի համար դեռ երկու ձևակերպում ունեմ.
Հեքիաթը պատմություն է գրված մեծերի համար այնպես, որ փոքրերն էլ հասկանան:
Հեքիաթը պատմություն է, որն ավարտվում է ամենահետաքրքիր պահին»:
Մերի Սահակյան:
Ինչպե՞ս սկսեցիք գրել :
Ստեղծագործական ջիղս զգացել եմ դեռ երկրորդ դասարանում, երբ գրեցի առաջին բանաստեղծությունս: Դեռ մանկուց ունեցել եմ վառ երևակայություն. այնքան վառ, որ երբեք ինձ մենակ չեմ զգացել: Ինձ շրջապատող ամեն առարկա և՛ խոսել է, և՛երգել է և ուշադիր լսել է ինձ: Շատ եմ սիրել խաղալ: Երբեմն պատկերացնում էի , թե այդ խաղի մեջ ես արքայադուստր եմ՝գեղեցիկ- գեղեցիկ, երբեմն էլ աղքատ էի, տգեղ, բայց շատ թովիչ ձայն ու բարի սիրտ ունեի: Ես տարբեր աշխարհներ էի ստեղծում: Երևակայությանս ուրախ ճամփան ձգվում էր, երկարում և թողնում էր ինձ իմ հեքիաթներում այնքան, որ երբեմն չէի էլ կարողանում զգալ, թե որն է իրականը և որը հնարովին: Դպրոցահասակ տարիքում, երբ մեկնում էինք տատիկիս մոտ ամառային արձակուրդներն անցկացնեու, ես ամեն օր հեքիաթներ էի պատմում ինձանից փոքր զարմիկ, զարմուհիներիս համար: Նրանց դուր էին գալիս հորինվածքներս, և ես ինձ շատ կարևոր էի զգում: Այնուհետև երբ ծնվեց առաջնեկս՝ Լիլիթը , ամեն գիշեր մտքի օվկիանոսով միասին նավարկում էինք նորը բացահայտելու: Ցավս այն է , որ գրի չէի առնում, և երբ դստրիկս խնդրում էր կրկնել հեքիաթը, դժվարությամբ էի հիշում:
Այսօրվա գերքաղաքականացված ու բարդ առօրյայում հեքիաթն ի՞նչ կշիռ ունի, հաջողվու՞մ է արդյոք դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ձեր հեքիաթներն ի՞նչ տարիքի ընթերցողների համար են գրված:
Համեմատության կարգով նշեմ, որ խոսքը զենք է: Հեքիաթն էլ բաղկացած է խոսքերից: Երբ գրում ես երեխաների համար, զենքդ՝խոսքդ, ուղղում ես նրանց: Հետևաբար, գործդ ավելի՛ պատասխանատու է դառնում: Հավատացեք, ես հասկանում եմ այն ծնողներին, որոնք զգուշավորությամբ են գնում ժամանակակից գրողների մանկական գրքերը, քանզի պնդում եմ, որ ամեն գունազարդ գիրք չէ, որ մանկական է:
Կան երեխաներ ովքեր լուռ լսում են հեքիաթը ու կան բալիկներ, ովքեր հարցեր են տալիս ու ակնկալում մեծից պարզ ու հասկանալի բացատրություն: Իմ հեքիաթները բավական պարզ են երեխաների համար, բայց ոչ՝ պարզունակ և երբեմն նաև բարդ են հենց հասուն մարդու համար: Դեպքեր են եղել երբ մեծը կարդացել է երեխայի համար, և երբ վերջինս քնել է, շարունակել է կարդալ իր համար: Դա մեծ ձեռքբերում եմ համարում: Ճիշտ գրված հեքիաթը դաստիարակում ու փոխում է ներաշխարհը : Հեքիաթը չի կարող լինել միայն դպրոցականի կամ մանկահասակ երեխայի համար, քանզի հեքիաթի մեջ ասելիք կա թե՛ մեծի, թե փոքրի համար:
Հիմա նոր հեքիաթներ եմ հորինում , որոնք կփոխեն պատկերացումը հայ հեքիաթագրության վերաբերյալ: Ուզում եմ կապել հայ մշակույթը եվրոպական, ասիական, արևելյան մշակույթներին: Ինձ համար երազանքի պես մի բան է, որ արտասահմանյան հասարակությունը սկսի ճանաչել ու գնահատել հայկական հեքիաթն այնպես, ինչպես մենք՝իրենցը:
Տեխնիկայի այս գերակշիռ դարում ի՞նչ դեր ունի ստեղծագործող մարդը ու նրա գրական ժառանգությունը: Ի՞նչ է մեզ տալիս երազելն ու երևակայությունը:
Բոլոր մեծ գյուտերն ու տեխնիկական առաջխաղացումը հենց մարդու երևակայության ու երազելու միտումից է ծնվել, իսկ ի՞նչ են կարդացել նույն այդ գիտնականների համար մանուկ հասակում, իհարկե հեքիաթ, որտեղ էլ պատմել են նրանց թռչող սարքերի ու այլ կախարդական հնարքների մասին , որոնք մարդկային գիտական էվոլուցիայի ընթացքում վերածվել են իրականության: Հիշում ե՞ք «Ալվան ծաղիկն ու Նաստենկան» հեքիաթը , երբ Նաստենկան խնդրում է կախարդական ափսեին ցույց տալ իր քույրերին ու հորը , իսկ ափսեն կատարում է աղջկա խնդրանքը, նույն այս կախարդական ափսեն կարող ենք համեմատել , այսօրվա «Skype»-ի կամ «Apple video call»-ի հետ: Կարող ենք ասել , որ հեքիաթն ու երևակայությունն են մեզ հնարավորություն տալիս ստեղծել ու հայտնագործել այն, ինչն անհնարին էր թվում տասնամյակներ առաջ:
Էնշտեյնն ասել է. «Եթե ուզում եք, որ ձեր երեխան խելացի լինի, հեքիաթներ կարդացեք նրանց համար»:
Նույնիսկ մեծ ֆիզիկոսն էր տեսնում մարդկային երևակայության ուժն ու դրա պոտենցիալը: Շատ հեքիաթներ կարդացեք ձեր երեխաների, նույնիկ ձեզ համար, այն հաճելի րոպեներ կպարգևի ու կոգեշնչի ավելի ստեղծագործ լինել:
Ո՞վ և ի՞նչն է ոգեշնչում ձեզ ,և ի՞նչ է տալիս երեխային հեքիաթը:
Կյանքը հեքիաթ է, հեքիաթը կյանքն է : Այն պետք է արտացոլի իրական կյանքը,և երեխայի հուզական աշխարհի վրա ճիշտ ներգործի , ենթագիտակցորեն նրան պատրաստելով կյանքի դժվարություններին:
Շատ հեքիաթներ ունեմ , որտեղ երեխան հերոսի հետ հրճվում, տառապում, արտասվում, պայքարում և հաղթում է: Պայքարը չարի ու անարդարության դեմ, ներարկում է վեհ ու անձնուրաց գաղափարներ, ինչպիսին են ՝ ընկերությունը, բարությունն ու գլխավորը՝ երազանքը նպատակ դարձնել. ինչն էլ մեր օրերում ամենակարևոր մոտիվատորն է անձի համար:
Ներշնչվել եմ Անդերսենից, Շարլ Պեռոյից, Ա.Ս.Պուշկինից:
Կտեսնե՞նք գրքերը դպրոցական գրադարաններում: Ինչպես ե՞ք շփվում ձեր փոքրիկ ընթերցողների հետ:
Հաճախ եմ հեքիաթներս ընթերցում երեխաների համար , ու ինքս էլ մեծ բավականություն եմ ստանում դրանից: Հետաքրքիր և հաճելի է նաև լսել նրանց հարցերը , հասկանալ տրամաբանությունը: Շատ դպրոցներում եմ եղել, իմիջայլոց մանկապարտեզներ նույնպես այցելում եմ: Այս միջոցով առավել ակտիվ գործունեություն եմ ծավալում: Գրքերը կտարածվեն ու կհանձնվեն ընթերցողի դատին բոլոր հնարավորին ճանապարհներով:
Հարցազրույցն՝
Անահիտ Միքայելյանի