«Միակ ուժը, որը Լևոն Հայրապետյանի գործունեությունից դժգոհելու առիթ ունի, Ադրբեջանն է: Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է Ադրբեջանի թելադրանքով, որն էլ մեծ գումարներ է ծախսել այդ գործողությունն իրականացնելու համար»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով հայազգի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը:
Գեներալը նշեց, որ նախքան Լևոն Հայրապետյանի Մոսկվա մեկնելը և ձերբակալվելը, միասին Արցախում են եղել:
Մեր զրուցակցի խոսքով՝ Լևոն Հայրապետյանը շատ բան է արել Արցախի համար և միայն այն փաստը, որ նա է Արցախում կառուցվող ռազմական ակադեմիայի հիմնական հովանավորը, կարող էր Ադրբեջանի դժգոհությունն առաջացնել:
«Ադրբեջանի նպատակն էր ցույց տալ, որ կարող են իրենց մարդասպանին հերոսացնել, իրենց «հերոսին» ազատել, մեր հերոսին կալանավորել»,- նշեց գեներալ-մայորը:
Արկադի Տեր-Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայությունը որոշակի քայլեր է ձեռնարկում և հույս հայտնեց, որ իրավիճակը կփոխվի:
Նշենք, որ Արկադի Տեր- Թադևոսյանը հայտարարություն էր տարածել հենց Լևոն Հայրապետյանի ձերբակալման օրը՝ մասնավորապես նշելով, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած:
Հիշեցնենք՝ բարերար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում: Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը:
Այլ թեմաների շուրջ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ հարցազրույցը ASEKOSE.am-ը կներկայացնի ավելի ուշ:
Հասմիկ Գյոզալյան