Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին հատնում է փաստաբանը։
Փաստաբանն առաջարկել է ՄԻՊ–ին՝ դիմել համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի վերացնեն Սարգսյանի եւ նրա ընտանիքի նկատամամբ թույլ տրված խախտումները, ինչպես նաեւ Սարգսյանների նկատմամբ կիրառված անհամաչափ սահմանափակումները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ քննարկման են ընդունել պաշտպանի դիմումը եւ դրա շրջանակներում համապատասխան գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի նա ՀՀ պետական բյուջե կամավոր վերադարձնի «ժողովրդից գողացած փողերը»:

«Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանի հայկական բանկից 30 մլն դոլարը եւ կվերադարձնի պետական բյուջե», –ասել էր նա։
Օրեր անց հայտարարություն տարածեց նաեւ Ալեքսանդր Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաեւ նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:
Երրորդ նախագահի եղբայրը միաժամանակ հայտարարել էր, որ ՀՀ–ում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ է օրինական կարգով իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իր նախընտրած ոլորտը զարգացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 25–ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով։
Ալեքսանդրի Սարգսյանի ավագ որդին՝ Հայկ Սարգսյանն, ով մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար, 2018 թ. սեպտեմբերի 10–ին 50 մլն դրամ կալանքի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։
Իսկ Ալեքսանդրի Սարգսյանի կրտսեր որդին էլ՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի դրվագներով, այդ թվում՝ անձի առեւանգման, ծեծի, Մարտիրոս Սարյանի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ գծանկարները խաբեությամբ հափշտակելու եւ այլ հանցագործությունների կատարման մեջ։ Նարեկ Սարգսյանը ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ։


