Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել իր համար ծանր պահին կողքին գտնվող մարդկանց ու նաեւ անդրադարձել հոր ինքնասպանության դրդապատճառներին:

«Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ,
անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։ Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա։ Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ: Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել։

Ինձ համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։ Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։ Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։ Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցեցին և փորձեցին կիսել ու թեթևացնել իմ և իմ ընտանիքի վիշտը։


