Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ձեռնարկված օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած հանցագործությունը կատարել է 1985 թվականին ծնված Գոռ Առաքելյանը: Ըստ ոստիկանության, անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին Գոռ Առաքելյանը ներկայացել է ոստիկանության և ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի առանց գործարանային համարի ատրճանակ: Այլ ձերբակալվածներ այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ձերբակալված Գոռ Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այսօր ԲՀԿ-ականները դատապարտել են տեղի ունեցածը, պատգամավոր Աբրահամ Մանուկյանն համաձայնել է, որ այս ամենը անպատժելիության մթնոլորտի արդյունք է: «Վատ, իհարկե՝ վատ: Նման բաներ պետք է չլինեն, նամանավանդ մեր նման պուճուր ազգի համար», – նշեց Մանուկյանը, – «Դա բազմաթիվ հարցերի հետևանք է: Հենց առաջինը՝ որ անօրինական զենքը կարա շրջանառության մեջ ըլնի ու մարդիկ էդ զենքը կարողանան գտնեն ու առնեն կամ պահեն»:
Դատապարտելով տեղի ունեցածը՝ ԲՀԿ պատգամավորները միաժամանակ պնդում էին, թե գործընկերը՝ պատգամավոր Կարո Կարապետյանը փեսայի համար պատասխանատվություն չպետք է կրի: Աբրահամ Մանուկյանը վստահեցնում էր, թե Կարապետյանը տեղյակ չի եղել, որ փեսան զենքով է ման գալիս, հակառակ դեպքում՝ կարգելեր: «Կարո Կարապետյանը, իր աղջկան տալով, իմ կարծիքով` չի ասել` փեսային, որ կգնաս հինգ հոգու վրա էլ կկրակես: Որ աղջիկ է տվել, դրանով մեղավորությունը ինչո՞ւմն է: Կարո Կարապետյանը, մի մոռացեք, նախ առաջինը՝ մինչև պատգամավոր լինելը, եղել է ներքին գործերի գնդապետ և ինքը օրենքը և օրենքի պատասխանատվությունը մեզանից շատ ավելի լավ է հասկանում: (Որ իմանար) կարգելեր, ես համոզված եմ», – վստահեցրել է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: