Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան:
Ասում են՝ Գագիկ Բեգլարյանը Հայաստան էր ժամանել եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Երեկ տեղի է ունեցել Յուրի Բեգլարյանի հոգեհանգիստը, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ձերբակալության վերաբերյալ, որը ներկայացնում ենք․
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ-ն, որը 2020թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք»:


